Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ



«Ես նրան կբնութագրեի որպես ծայրահեղ համեստ մարդ… Նա երբեք իր մասին գովեստի խոսք չասաց, թեև հպարտանալու շատ բան ուներ, և ոչ էլ թույլ տվեց, որ ուրիշներն իրեն գովեն…»: Այս, հենց այս խոսքերով էլ ես ինքս կուզենայի բնութագրել պահեստի գնդապետ Ռազմիկ Սիմոնյանին, մի մարդու, որ ժամանակին զբաղեցրել է Հայաստանում տեղակայված ԽՍՀՄ 7-րդ բանակի ռազմական հակահետախուզության վարչության պետի պաշտոնը, ծառայել է Աֆղանստանում և արտասահամանյան մի շարք երկրներում, այնուհետև ամբողջովին նվիրվելով ազգային բանակի շինարարության և ազգային անվտանգության խնդիրներին` պատերազմական դժվարին ժամանակշրջանում հիմնել ռազմական հակահետախուզությունն ու դարձել կարևորագույն այդ կառույցի առաջին զինվորն ու վարչության պետը, սակայն այդպես չեմ կարող վարվել, որովհետև այս մտքերը ոչ թե իմը, այլ գնդապետ Ռազմիկ Սիմոնյանինն են, և ասված են իր մեծ հայրենակից, խորհրդային առասպելական հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի հասցեին, ուստի և ես դրանք չակերտների մեջ եմ առնում:

-Ռազմիկ Աշոտիչ, նախ` թույլ տվեք Ձեզ դիմել մի ամբողջ կյանք խորհրդային բանակում ծառայած զինվորականիդ համար հարազատ դիմելաձևով, ապա և` միանգամից խոսել նորանկախ Հայաստանում ռազմական հակահետախուզություն հիմնելու անհրաժեշտության և ստեղծման խնդիրներից: Մեր ընթերցողի համար հետաքրքիր կլիներ ռազմական հակահետախուզության ակունքների մոտ գտնվողին լսելը… Սակայն, նախ, խնդրում եմ, եկեք մի ճշտում կատարենք. երբ որոշվեց ռազմական հակահետախուզություն հիմնել, Դուք արդեն չէիք ծառայում, թոշակի էիք անցել… Ինչո՞ւ… Ախր այդ ժամանակ Դուք ընդամենը 50 տարեկան եք եղել և զբաղեցրել եք բավականին բարձր` խորհրդային կայսրության 7-րդ բանակի ռազմական հետախուզության վարչության պետի պաշտոնը…

-Գիտեք, այս հարցով ինձ ստիպում եք խոսել երիտասարդ ժամանակ, երբ ես ընդամենը նորաթուխ լեյտենատ էի, ինքս ինձ տված խոստման, այն է` թոշակի անցնելիս, անկախ նրանից, թե ես ինչ պաշտոնում, ինչպիսի հանգամանքներում էլ լինեմ` լավ թե վատ, անպայման ուրախ սրտով, հոժար կամքով կգնամ թոշակի և երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն ինձ ուղարկի…

-Երիտասարդ լեյտենանտ, որ ամենաքիչը գեներալ դառնալու հովեր ունի գլխում, ու հանկարծ… թոշակի անցնելու մտքեր…

-Դուք ինձ ստիպում եք խոսել իմ մասին. ահա ինչու եմ խուսափում հարցազրույցներից: Ուրեմն` նորավարտ լեյտենատ եմ, մի օր գործով մտնում եմ հակահետախուզության ավագ լիազոր, մայոր Սիմիկյանի գրասենյակը, տեսնում եմ՝ նա` այդ բարձրահասակ, հաղթամարմին զինվորականը երեխայի պես հոնգուր-հոնգուր լաց է լինում և հեկեկոցից ցնցվում են նրա հզոր ուսերը… Ես դեռ երբեք այդքան թշվառ ու դժբախտ մարդ չէի տեսել, մանավանդ` ուսադիրներով զինվորականի… Պարզվում է` նրա 45 տարին լրացել է. դիմել է, որ գոնե վեց ամսով երկարաձգեն ծառայության ժամկետը, սակայն մերժել են… Ես խղճացի, շատ խղճացի նրան, բայց մտքումս երդվեցի, որ երբեք այդ աստիճանի չեմ ստորանա, չեմ սպասի, որ ինձ թոշակի ուղարկեն, այլ թոշակի կանցնեմ հենց այն օրը, երբ կլրանա ծառայությանս ժամկետը… Եվ այդ երդմանս ես հավատարիմ մնացի իմ կյանքում: Ծննդյանս օրը, երբ լրացավ իմ հիսնամյակը, իսկ ես գնդապետ էի, իմ պատվին կազմակերպված ուրախ միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին նաև Մոսկվայից ժամանած բարձրաստիճան զինվորականներ, շնորհակալական խոսքից հետո ես գրպանիցս հանեցի նախօրոք գրված և օրենքով գրանցված դիմումս ու դրեցի ՍՀՄ զինված ուժերի ռազմական հակահետախուզության պատասխանատու գեներալ Օրլովի առաջ` խնդրում եմ` ստորագրեք… Գեներալի ամեն կարգի առարկությունները` դուք դեռ մինչև վաթսուն տարեկանը կարող ես ծառայել, ձեզ Մոսկվայում նոր պաշտոններ են սպասում և այլն, և այլն, ես չընդունեցի, գրկեցի Սոլժենիցին հատորները, որ գեներալի նվերն էր, այն ժամանակների համար իսկապես արժեքավոր ու մեծ նվեր, և հպարտ դահլիճից դուրս եկա…

-Դժվարին տարիներ էին. փլուզվող կամ արդեն փլուզված կայսրություն, նորանկախ երկիր, Արցախյան հակամարտություն…

-Այո, իրո՛ք: Մոսկվայից ժամանած բարձրաստճան զինվորականները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում այստեղ… Նոր-նոր էր ամեն ինչ սկսվում և օրեցօր թափ առնում… Ես, որպես Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի ռազմական հակահետախուզության պետ, բազմաթիվ հանդիպումներում ու խորհրդկցություններում փորձում էի Մոսկովյան հյուրերին ներկայացնել երկու հարևան հանրապետությունների հակամարտության ճշմարիտ պատկերը… Հատուկ այդ նպատակով հայ անվանի պատմաբանների, մտավորականների, օրինակ` Մատենադարանի այն ժամանակվա տնօրեն ակադեմիկոս Սեն Արևշատյանի օգնությամբ հայթայթված գրականություն էի նրանց տրամադրում` մեր օրերի փաստերից սկսած, մինչև ստալինյան ազգային քաղաքականություն, մինչ Ստարբոն՝ փորձելով բացել նրանց աչքերը պատմական ճշմարտության առջև… Եվ պատկերցրեք, որ ռուս գեներալները ըմբռնումով էին մոտենում… Մինչև օրս մտապահել եմ իսկական զինվորական, գեներալ-լեյտենանտ Լուկինի խոսքերը. «Ինձ թվում էր, թե ես բավականին կարդացած մարդ եմ և լավ եմ ճանաչում մեր երկիրը, կարգերը, գիտեմ մեր պատմությունը, բայց եկեք տեսեք, թե ինչ արատավոր սկզբունքով են լուծվել ազգային խնդիրները մեր երկրում` մեկ ժողովրդի պապենական հողերը տալով հարևանին…»: Ես հիմա երախտագիտությամբ եմ հիշում այդ մարդկանց, որոնք հոգով մեզ հետ էին և քիչ բան չարեցին մեզ համար… Ես երախտագիտությամբ եմ հիշում նաև 7-րդ բանակի հրամանար, գեներալ-լեյտնանտ Պիշչևին, որ Աֆղանական պատերազմում 40-րդ բանակի հրամանատրի առաջին տեղակալն էր… Երկուսս էլ Աֆղանական պատերազմի հրով ու սրով էինք անցել: Գեներալ Պիշչևերը այն ժամանակներում նշանակալի՝ և՛ նյութական /զենք-զինամթերք/ և՛ բարոյական օգնություն ցուցաբերեց մեզ, մեր ուժերին…

-Ուրեմն` թեև Դուք արդեն թոշակի էիք անցել, բայց կարծես չէիք հեռացել, այսպես ասած, շարքից…

-Այդպես էլ կար. մեր երկրի համար խիստ լարված ու վճռորոշ այդ ժամանակահատվածում ինչպես ամեն ազնիվ մարդ, ես չէի կարող մի կողմ քաշված նայել այդ ամենին… Իմ կապերը դեռ գործում էին, թեև անցումային ժամանակշրջան էր, սակայն անվտանգության համակարգի գործող սպաները ինձ չէին մոռացել… Պատկերացրեք, հակառակորդի ուժերի, տեխնիկայի, տեղաշարժերի մասին տեղեկություններ էին ինձ փոխանցում նույնիսկ Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի հակահետախուզության ռուս սպաները, որոնք, բնականաբար, տրամադրվում էին մեր երկրի ղեկավարությանը… Ես թոշակի էի, բայց կտրված չէի այն ամենից, ինչ կատարվում էր Հայաստանում…

-Իսկ ինչպես եղավ, որ կրկին Ձեզ հիշեցին…

-Երբ երկրի ղեկավարը` այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ինձ իր մոտ կանչեց ու, կարևորելով ռազմական հակահետախուզության դերը, խնդրեց ստեղծել ու ղեկավարել այն, ես իմ ամառանոցում` Արտաշավանում էի… Ես ընդունեցի շարք վերադառնալու հրավերն ու անմիջապես լծվեցի ռազմական հակահետախուզություն ստեղծելու գործին… 1993 թվականն էր: Ես հրաշալիորեն հասկանում էի, թե ինչքան կարևոր է պատերազմող երկրի համար ռազմական հակահետախուզությունը, մանավանդ՝ ինչով է հղի դրա բացակայությունը: Ընդամենը մի փաստ` դեռ երեկ Հայաստանի քաղաքացի ադրբեջանցիները, որոնք լավագույնս տիրապետում էին հայերենի և մեր նիստ ու կացին հեշտությամբ կարող էին թափանցել մեր պաշտպանական կառույցների, զինվորական շարքերի մեջ… Էլ չեմ խոսում թալանված ռազմական գույքի մասին… Ծով անելիք կար, բայց համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներ համարյա թե չունեինք: Մեր առաջին գործը եղավ ռազմական հակահետախուզության համար պիտանի կադրերի հավաքագրումը: Ամենից առաջ ետ կանչվեցին թոշակի անցած անվտանգության նախկին աշխատակիցները, որոնք թեև ռազմական հակահետախուզության մասնագետներ չէին, բայց գոնե անվտանգության խնդիրներին քաջածանոթ, պատրաստություն անցած մարդիկ էին: Ապա` հրավիրեցինք բարձրագույն կրթություն ունեցող այն երիտասարդներին, որոնք պատրաստ էին ռազմական հակահետախուզությամբ զբաղվելու, հետո` նրանց, ովքեր թեև բարձրագույն կրթություն չունեին, բայց փորձառու, կռված տղերք էին և հեղինակություն ունեին ինչպես բանակում, այնպես էլ քաղաքացիների շրջանում: Ռազմական հակահետախուզությունը համալրելու մեր հաջորդ հնարավորությունը նախին միլիցիայի համեմատաբար երիտասարդ աշխատակիցներն էին… Մեզ պետք էր հնարվորինս շուտ այդ կառույցն ստեղծել ու ծառայության մեջ մտնել… մբերից` 30-ից 40 հոգիանոց, յուրաքանչյուրի հետ տասնհինգօրյա լարված պարապմունքներ էինք անցկացնում, գոնե այն սահմաններում, որ նրանք իմանան ու գիտակցեն, թե ինչ բան է ռազմական հակահետախուզությունը, ինչ է իրենցից պահանջվում և անմիջապես ուղարկում էինք զորամասեր` ծառայության: Եվ այսպես շարունակ… Չմոռանամ ասել, որ մեր ձեռքերում չկար ռազմական հակահետախուզություն դասավանդելու համապատասխան ձեռնարկներ, գրականություն… Ժամանակի անվտանգության ծառայությունը` ՊԱԿ-ը ուղղակի մոտ չէին թողնում իրենց պատկանող գրականությանն ու անհրաժեշտ նյութերին: Իհարկե, այդ խնդիրները ավելի ուշ կարգավորվեցին, երբ ռազմական հակահետախուզությունը միացավ ՊԱԿ-ի կառույցին:

-Մի՞թե ռազմական հակահետախուզությունը հենց ՊԱԿ-ի համակարգում չէր գործում…

-Ի սկզբանե որոշված էր, որ ռազմական հակահետախուզությունը պետք է Պետական անվտանգության կոմիտեի կառուցվածքում լինի, անգամ այն տեսակետն էր շրջանառվել, որ այդ կառույցի գործառույթները կարող է իր վրա վերցնել ռազմական ոստիկանությունը, սակայն շատ արագ պարզվել էր, որ` ո՛չ, հնարավոր չէ: Սակայն ես անձամբ այն կարծիքին էի, որ նման կառույցը, մանավանդ այն օրերին, կարող էր արդյունավետ գործել միայն բանակի ենթակայության դեպքում. բանն այն էր, որ պատերազմած տղաները, հրամանատարները, որոնք ամեն ինչ տվել էին հայրենքին, չէին վստահի և չէին ընդունի մի այլ` օտար կառույցից եկող հրահանգները… Գոնե այնքան ժամանակ, մինչև հրամանատարներն ու տղաները վստահեին այդ նոր կառույցին և տեսնեին ու համոզվեին, որ այն ի շահ բանակի է գործում և կոչված է մեծացնելու նաև իրենց` հրամանատարների հեղինակությունը… Իսկ մեր հեղինակությանը բանակում մեծապես օգնեց նաև այն հանգամանքը, որ կառույցում ծառայության էինք վերցել, ինչպես ասացի՝ նաև պատերազմած, փորձված տղաների… Օրինակ` կռվի բովով անցած հրամանարներից մեկին` Հրաչ Քալանթարյանին` Դյադյա Բորյային, մենք միանգամից վստահեցինք բաժնի պետի պաշտոնը: Բաժնի պետի պաշտոնում նշանակվեց նաև հայտնի հրամանատար Արկադի Պետրոսյանը: Կյանքը ցույց տվեց, որ ես իրավացի էի…

-Որպես արհեստավաժ մասնագետ, ե՞րբ Ձեր աշխատանքի պտուղները տեսաք…

-Իհարկե, ավելի ուշ… Միայն երրորդ տարում զգացվեց, որ նորաստեղծ կառույցը ինչ-որ բան և շատ կարևոր բան, այնուամենայնիվ, կարողանում է անել, ձեռնարկել…Հիշենք, որ նման կառույցները ձևավորվում, պրոֆեսիոնալ ու փորձառու կադրերով են համալրվում միայն տասնամյակիների ընթացքում… Հիշում եմ մի այսպիսի դեպք. երբ արդեն մեր կառույցն սկսել էր աշխատել, սկսել էր մարտական պատրաստության խնդիրներով զբաղվել, և արդյունքներն արդեն ակնհայտ էին, ինձ է մոտենում մեր բաժնի պետերից մեկը` վերն արդեն հիշատակված Դյադյա Բորյան` նախկին հրամանատարն ու ասում. «Պարոն գնդապետ, ինձ ազատեք, խնդրում եմ, այս պաշտոնից»: Իմ հարցական հայացքին ի պատասխան իսկույն էլ ասում է. «Որովհետև ռազմական հակահետախուզությունն իմ տեղը չէ»: Ստիպված եղա բարձրաձայն ասել այն ճշմարտությունը, որի մասին ամեն օր մտածում էի, բայց երբևէ բարձրաձայն չէի արտահայտվել անգամ ամենամոտիկ մարդկանց ներկայությամբ: Ասացի. «Մինչև հիմա էլ քո տեղը չէր, սիրելի Հրաչյա, բայց եթե դու արդեն դա հասկացել ես, ուրեմն արդեն քո տեղն է»: Ես չէի կեղծում. նորաստեղծ վարչությանն իր նվազ ուժերով շատ կարճ ժամանակամիջոցում մեծ առաջընթաց ապրեց ու զինված ուժերի անվտանգության համար կարևորագույն խնդիրներ լուծեց…

-Պարոն Սիմոնյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր հայրենանվեր աշխատանքի համար. Դուք հիրավի ոչինչից կյանքի եք կոչել մի կառույց, որի դերն այսօր դժվար է գերագնահատել… Այնուամենայնիվ, հետքրքիր կլինի իմնալ, թե ինչպես ինչպես ընտրեցիք ռազմական հակահետախույզի մասնգիտությունը…

-Ես ուզում էի բժիշկ դառնալ… 1965 թիվն էր, նոր էի զորացրվել ՍՀՄ զինվզծ ուժերից… Աշխատանք չկար… Ստիպված աշխատանքի անցա սանիտարական բատալիոնում: Պարապմունքներից մեկի ժամանակ, իմ երիտասարդական եռանդն ու ճարպկությունը նկատելով, դիվիզիայի հրամանատարը որոշում է ինձ Բաքու` բարձրագույն զինվորական ուսումնարան ուղարկել… Էքստեռն հանձնում եմ քննությունները և Երևան եմ վերադառնում ու ստանձնում ռադիացիոն-քիմիական դասակի հրամանատարի պաշտոնը… Ավելի ուշ ինձ ուղարկում են Նովոսիբիրսկ` հակահետախուզության բարձրագույն դասընթացներում սովորելու… Այստեղ էլ ես բախտ ունեցա լսելու հետախուզության լեգենդներ Վարդանյանին, Աբելին… Սակայն ռազմական հակահետախույզիս կայացման գործում հսկայական դեր ունեցավ իմ հանդիպումը պակեշտ ու բանիմաց, խոհուն ու ազնիվ մի զինվորականի` Գեորգի Հարությունովի հետ… Նա ինձ սովորեցրեց մեր մասնագիտության այբուբենը, նա ինձ հավատ ներշնչեց իմ ուժերի նկատմամբ… Հիշում եմ, երբ նրան էի ներկայացնում իմ մի քանի էջանոց զեկուցագրերը, նա դժգոհ ծամածռում էր դեմքը. «Ազատ ես: Կկանչեմ»: Հետո նա իմ աշխատանքը ինձ էր վերադարձնում… սեղմ, ընդամենը կես էջի մեջ պարփակված, բայց որոշակի, հստակ, դիպուկ, բովանդակալից… Հակիճ խոսքն ու հակիրճ գրությունները դարձան իմ աշխատանքի կարևոր բնորոշիչներից մեկը… Նա դարձավ իմ ուսուցիչը, և եթե իմ երկարամյա ծառայության ընթացքում ինչ-որ համեստ ծառայություն եմ մատուցել հայրենիքին ու իմ ժողովրդին, ապա մեծապես շնորհիվ այն դասերի, որոնք առնելու երջանկությունն եմ ունեցել իմ ուսուցչից:

-Ամանորի ինչ մաղթանքներ կհայտնեիք մեր թերթի ընթերղողներին` զինվորներին, սպաներին…

-Զինվորականների ավանդական բարեմաղթանքը` անփորձանք ծառայություն, առողջություն և բոլոր անկատար իղձերի իրականացում: Իսկ ինձ նման մի ամբողջ կյանք հայրենիքին ծառայած զինվորին, արժանապատիվ, վաստակած հանգիստ… Բոլորի Նոր տարին շնորհավոր: Թող խաղաղության, հաջողության եւ առատության տարի լինի:

Զրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


25/12/2013