ԳՈՀԱՑՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Բանակում յուրաքանչյուր ուսումնական տարի նշանավորվում է ամփոփիչ ստուգումների անցկացմամբ, որոնց արդյունքներից կարելի է պատկերացում կազմել տվյալ զորամիավորման, ենթակա զորամասերի մարտական պատրաստության, պատրաստականության և զինվորական կարգապահության մասին:
Անցնող ուսումնական տարում 1-ին բանակային զորամիավորումը գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ հաջողությամբ է կատարել ուսումնական պլանով առաջադրված բոլոր միջոցառումները` արձանագրելով բարձր արդյունքներ:
Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում մեր զինծառայողները ձեռք են բերել խոր ու համակողմանի գիտելիքներ, հմտորեն տիրապետել իրենց ամրակցված հաստիքային զենքին, տարբեր բնակլիմայական պայմաններում ցուցաբերել համառ նպատակադրվածության, կամքի ու վճռականության լավ օրինակներ, որոնք իրենց դրական անդրադարձն են ունեցել զորավարժությունների ժամանակ:
Եվ ուսումնական տարին եզրափակվում է տարեվերջյան ստուգումներով, որոնք, նախ խստագույնս իրականացնում են զորամիավորման վարչակազմի պահանջկոտ սպաները, ապա զինված ուժերի համապատասխան ծառայությունների բարձրաստիճան սպաները: Նրանք ցուցաբերում են զինվորական-մասնագիտական ու ծառայողական-մեթոդական օգնություն, պարապմունքների ընթացքում վեր հանում առաջադրանքի կատարմանը խոչընդոտող թերի կողմերը, կանխարգելում հնարավոր հետեւանքների ի հայտ գալը, նպաստում ստուգարքների բարձր մակարդակով անցկացմանն ու զինծառայողների առաջադիմությանը:
Բանակում բոլոր զինվորական ծառայությունները միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են, դրանց ներդաշնակ փոխգործակցության շնորհիվ մարտի նախապատրաստման ու վարման ընթացքում մեր զինծառայողները դրսևորում են բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ, կատարելագործվում են բոլոր կարգի հրամանատարների ղեկավարման ունակությունները, իսկ ճիշտ կազմակերպված գործողությունների շնորհիվ արձանագրվում են նշանակետերի խոցման բարձր արդյունքներ:
Առաջին բանակային զորամիավորման ամփոփիչ ստուգումներին այցելեցինք զինավանի ուսումնական կենտրոն, որտեղ եւ ականատես եղանք թրթուրավոր տեխնիկայի մեքենավարման, տանկի և հրաձգային զենքի ստուգողական վարժություններին:
Յուրաքանչյուր պարապմունքից առաջ սպաներն անձնակազմին բացատրում էին տվյալ ստուգարքի կարևորությունը, հանդես գալիս բարձրացված հարցերի պարզաբանմամբ, հրահանգում խստորեն հետևել անվտանգության կանոններին:
Ստուգարքներն ընթանում էին անհրաժեշտ զեկույցներով, զինվորական կանոնադրությամբ պահանջվող նորմատիվներին համապատասխան:
Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Խաչատրյանի կարծիքով՝ հրաձգային զենքին պետք է փայլուն տիրապետեն բոլոր զինծառայողները.
– Հրետանավորները ոչ միայն տիրապետում են իրենց հաստիքային զենքին, այլեւ լավ հրաձիգներ են: Այս պահին ընթանում է գնդի դիվիզիոնի ստուգողական վարժությունը զորատեսակների համար` ինքնաձիգից: Հուրախություն մեզ, արդեն ստացել ենք ակնկալվող լավ գնահատականը, ինչն ապացուցում է, որ դիվիզիոնը ունակ է իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու:
Շարքային Եփրեմյանը վարորդ է, բայց լավ հրաձիգի համբավ ունի: Նա համոզված է, որ լավ կրակելու համար հատուկ պայմաններ պետք չեն.
-Կատարեցի ինքնաձիգից վարժություն զորատեսակների համար: Դիտարկեցի գնդացրային, հարձակվող և նահանջող թիրախները: Բոլոր ուժերս կենտրոնացրի և կարողացա խոցել դրանք: Հրաձգության ընթացքում պետք չէ լարվել, պետք է միայն մտածել լավ կրակելու մասին: Կարծում եմ` ճիշտ կենտրոնացման դեպքում լավ արդյունք անպայման կստացվի:
Տանկային վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Մալունցը գոհ է տանկային ստուգողական քննությունից.
– Զորամիավորման ուսումնական կենտրոնում այս պահին անց են կացվում փոխգնդապետ Հովսեփյանի հրամանատարությամբ գործող գումարտակի ամփոփիչ ստուգումները: Կատարվում է տանկի անձնակազմի 1-ին ստուգողական քննությունը: Հիմնականում ստուգվում են նշանառու օպերատորի, մեխանիկ-վարորդի և տանկի հրամանատարի հմտությունները` տանկից կրակ վարելիս, նորմատիվները կատարելիս: Արդյունքները գոհացուցիչ են: Այս պահին ունենք տանկի լավագույն անձնակազմեր, որոնք ստուգարքները հանձնել են «գերազանց» գնահատականներով. օրինակ` լեյտենանտ Դոխոյանի հրամանատարությամբ գործող տանկի անձնակազմը: Ամփոփիչ ստուգումները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ մեր գումարտակը պատրաստ է ցանկացած իրավիճակում կատարելու իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները, պետք եղած դեպքում հակառակորդին տալու արժանի հակահարված:
Տանկի մեխանիկ-վարորդ, շարքային Խատոյանը կարևորում է տանկի անձնակազմի բոլոր անդամների փոխհամաձայնեցված գործողությունները, ինչի շնորհիվ բոլոր թիրախները խոցվեցին:
– Տանկն ունի հրամանատար, մեխանիկ-վարորդ և նշանառու- օպերատոր, առանց որոնց փոխհամաձայնեցված գործողությունների հնարավոր չէ ակնկալել թիրախների խոցման բարձր արդյունքներ: Ընդունված է ասել` մեխանիկ-վարորդը հրամանատարի աջ ձեռքն է: Նա լսում և անմիջապես կատարում է հրամանատարի հրահանգները: Իր հերթին նշանառու-օպերատորի ճիշտ ու ժամանակին կատարված գործողություններից էլ մեծապես կախված է թիրախների խոցման հաջող ելքը: Մեր անձնակազմը հենց այդպես` միմյանց հետ համագործակցելով հասավ բարձր արդյունքի. խոցեցինք բոլոր թիրախները և ստացանք «գերազանց» գնահատական:
Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ամփոփիչ ստուգումները ցույց տվեցին, որ անցնող ուսումնական տարում զորամիավորման մարտունակությունը բարձր է, և մեր զորքերը պատրաստ են արժանի հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ազգային բանակ