Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ



Զորամիավորումում զրահատեխնիկայի վարման ծրագիրը գերակատարվել է, բոլոր ստորաբաժանումները կատարել են մարտական հրաձգություն:

Ավարտվում է 2013թ. ուսումնական տարին, ասել է թե` եկել է կատարված աշխատանքների արդյունավետությունն ստուգելու և ճշտելու, ձեռքբերումները փաստելու, բացթողումներն ու թերությունները հայտնաբերելու ու շտկելու ժամանակը: Այս օրերին ազգային բանակի զորամասերում սկսվել և շարունակվում են տարեվերջյան ամփոփիչ քննությունները, որոնք հիմնականում ընդունում են ԶՈՒ ԳՇ հանձնաժողովները, սակայն կան տեղեր, որտեղ այդ պարտականությունը վստահված է զորամիավորումների և զորամասերի վարչակազմերին: Գնդապետ Կարեն Սեդրակյանի մոտոհրաձգային զորամասի քննությունների ավարտից հետո հանդիպեցինք զորամիավորման հրամանատար գնդապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ և նրա հետ հարցազրույցի միջոցով փորձեցինք ստանալ մարտական պատրաստության ուղղությամբ իրականացված ուսումնական գործընթացի և ձեռք բերված իրական արդյունքների ամբողջական պատկերը:

-Պարոն գնդապետ, խնդրում եմ ասեք, ի՞նչ խնդիրներ են դրվել 2013թ. ուսումնական տարում զորամիավորման առջև և իհարկե ներկայացրեք առաջադրանքների կատարման Ձեր գնահատականը:

-Ինչպես գիտեք, իմ հրամանատարությամբ գործող զորամիավորումը զբաղվում է միմիայն մարտական պատրաստությամբ, այսինքն՝ ամբողջ կազմով մշտապես կատարելագործում է զենքին, ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությունները, մարտավարության իմացությունները: Զորամիավորումը գտնվում է ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Այս ամենը խոսում է զորամիավորման առջև դրված խնդիրների կարևորության և դրանց կատարման համար մեր ունեցած պատասխանատվության չափի մասին: Ավարտվող տարվա ընթացքում զորամասերը և զորամիավորման ուսումնական կենտրոնները, հրաձգարանները գործել են ծանրաբեռնված գրաֆիկով, պարապմունքները, ճամբարային հավաքները հաջորդել են միմյանց, անցկացվել են գիշեր – ցերեկ: Իմ գնահատումներով՝ ուսումնական տարին եղել է գերհագեցած, կատարվել են բոլոր ծրագրային առաջադրանքները, և այժմ զորքերն ունեն պահանջվող մարտունակությունը:

-Պատրա՞ստ են հնարավոր պատերազմին:

-Այո՛, կարելի է նաև այդպես ասել:

-Խնդրում եմ՝ ավելի մանրամասնեք մարտական պատրաստության գործընթացը, մասնավորապես՝ զրահատեխնիկայի և հրետանային ստորաբաժանումների մասով:

-Զրահատեխնիկայի վարման ծրագիրը գերակատարվել է: Բոլոր ստորաբաժանումներն անցկացրել են նախատեսված զորավարժություններն ինչպես առաջին, այնպես էլ ուսումնական երկրորդ փուլում և կատարել մարտական հրաձգություն: Օրինակ՝ գնդապետ Կ. Սերոբյանի զորամասի տանկային գումարտակի կրակային խոցման աստիճանը չափազանց բարձր էր: Մյուս զորամասերի զրահատեխնիկական ստորաբաժանումների մարտունակության աստիճանից նույնպես գոհ եմ: Հրետանային դիվիզիոնները նույնպես յուրաքանչյուր ուսումնական փուլում մեկական ճամբարային հավաք են անցկացրել, որոնք ավարտվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններով: Սովորաբար այդ հավաքների և զորավարժությունների մեջ ընդգրկում ենք նաև փոքր ստորաբաժանումները` մարտկոցները, ինչպես նաև գումարտակային հրետանային, հակատանկային միջոցները և աշխատում ենք նրանց համագործակցության կատարելագործման վրա, որպեսզի հավանական պատերազմի ժամանակ ինչպես ստորաբաժանումների ղեկավարումը, այնպես էլ համագործակցությունը լինի պատշաճ մակարդակի, տարբեր զորամասերում ծառայող զինվորները ճանաչեն միմյանց: Հրետանային պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի վերջերին անցկացվեց զորամիավորման հրետանու մարտական հրաձգությամբ մարտավարական հերթական զորավարժությունը, որի ընթացքին հետևում էին ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, հրթիռահրետանային զորքերի պետ, վարչության պետ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Առաջադրված խնդիրների միայն երեսուն տոկոսն էր պլանային, մյուսները ոչ պլանային էին: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը շատ գոհ մնաց մարտկոցների ցույց տված արդյունքներից, իսկ մենք գիտենք, թե որքան լավը պիտի լինի հրետանային ստորաբաժանումը, որպեսզի արժանանա նրա գովասանքին: Ասեմ նաև, որ ուսումնական առաջին փուլի ընթացքում անցկացրել ենք զորավարժություն անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ: Վերջինս վերևից տալիս էր նշանակետերը, որոնք էլ խոցում էր հրետանին:

-Անդրադառնանք նաև մոտոհրաձգային և հրաձգային զորամասերի, գումարտակների մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Կա՞ արդյոք մրցակցություն նրանց միջև:

-Նշեմ, որ տվյալ զորամասերի և գումարտակների համար գործնական պարապմունքների ծրագիրն ավելի հագեցած է: Նրանք ավելի շատ են լինում դաշտում, ավելի շատ են կրակում, անցկացնում մարտավարամասնագիտական պարապմունքներ, վարժանքներ, երթեր, հրաձգությամբ և առանց կրակի զորավարժություններ: Զորամասերի և վերջիններիս ստորաբաժանումների միջև, անշուշտ, կա առողջ մրցակցություն, իսկ նրանց հրամանատարներն ընկերներ են և միմիայն ուրախանում են միմյանց հաջողություններով: Այլ կերպ լինել չէր էլ կարող. եթե մենք այնպես ենք անում, որ տարբեր զորամասերի զինվորներն իրար ճանաչեն ու ընկերություն անեն, նրանց հրամանատարները պարտավոր են ենթակաների համար օրինակ ծառայել:

-Պարոն գնդապետ, ներկայացրեք քննությունների ընթացքը, եղանակային պայմանները կարծես թե խանգարում են գործընթացի լիարժեք անցկացմանը:

-Զորամիավորումում ամփոփիչ քննություններն անցկացվում են երկու փուլով. առաջինը սկսվում է դեկտեմբերի 9-ին և ավարտվում 14-ին, երկրորդը կսկսվի տասնվեցին և կավարտվի 21-ին: Քննությունները հիմնականում ընդունում է մեր զորամիավորման հանձնաժողովը, կան նաև զորամասեր, որոնց ստուգումը վստահել ենք հրամանատարների կազմավորած հանձնաժողովներին: Երեկ մենք գնդապետ Կ. Սերոբյանի զորամասում էինք, և պետք է ասեմ՝ մեր սպասելիքներն իրականանում են, տարբեր առարկաներից գրանցվում են բարձր արդյունքներ: Ամփոփիչ քննություններն սկսվել են նաև գնդապետ Կ. Սեդրակյանի և փոխգնդապետ Ա. Մինասյանի զորամասերում: Եղանակային պայմանները, իրոք, ինչ-որ տեղ խանգարում են: Ձնահողմը խաթարում է ուսումնական կետերի, հրաձգարանների աշխատանքը, ծածկում թիրախները, երբեմն մաքրելուց անմիջապես հետո կրկին ձնապատվում են շարահրապարակներն ու մարզավանները: Այդ պատճառով էլ քննություններին հատուկ շարժը, ակտիվությունը չի երևում: Հանձնաժողովներն օգտագործում են նպաստավոր կարճ ժամանակահատվածները և աշխատում են փոքր անձնակազմերի` ջոկերի, հաշվարկների հետ, ընդունում քննություններ լսարանային պայմաններում: Կարծում եմ՝ շուտով եղանակը կփոխվի, և յուրաքանչյուր զորամաս կօգտագործի իր ուսումնական կետերի հնարավորությունները, հակառակ դեպքում ստիպված կլինենք ստորաբաժանումները տեղափոխել ավելի լավ պայմաններում գտնվող զորավարժարաններ: Ասեմ, որ հանձնաժողովներին հանձնարարել ենք լինել խիստ, արդար և ստանալ ստորաբաժանումների մարտունակության իրական պատկերը, բացահայտել թերությունները, թույլ տեղերը, որպեսզի դրանք ժամանակին շտկենք, որովհետև զորամիավորումն ստուգվելու է գլխավոր ռազմական տեսչության կողմից:

Այս տարի մենք զգալի հաջողություններ ունենք նաև համաբանակային մրցումներում: Գնդապետ Կ. Սերոբյանի զորամասի գումարտակներից մեկը երկրորդ տեղն է գրավել շարային պատրաստությունից, իսկ երկրորդ գումարտակի վեցերորդ վաշտը երրորդն է արգելագոտու հաղթահարման մրցումներում, նույն զորամասի հետախույզները մասնագիտական մրցումներում գրավել են երկրորդ տեղը, գնդապետ Կ. Սեդրակյանի զորամասի երկրորդ գումարտակի վաշտը քայլարշավից առաջին տեղն է գրավել, այն էլ ռեկորդային արդյունքով /ժամանակի առումով/, նույն զորամասի գումարտակային ականանետային դասակը գրավել է երկրորդ տեղը, ճաշարանը` նույնպես երկրորդ տեղը, դիպուկահարների մրցույթում կապիտան Ա. Ղարիբյանն անհատական մրցաշարում գրավել է առաջին տեղը, իսկ նրա ներկայացրած ստորաբաժանումը` երկրորդ տեղը: Սպարտակիադայում շարքային Վրեժ Սլոյանը եռամարտի մրցումներում սահմանել է նռնակի նետման համաբանակային ռեկորդ, գեղարվեստական ինքնագործունեության խումբը գրավել է առաջին տեղը, բավական հաջող են հանդես եկել նաև նույն զորամասի հայ ասպետները:

-Պարոն գնդապետ, ես այսօր գնդապետ Կ. Սեդրակյանի զորամասում զրուցում էի նորակոչիկների ուսումնական վաշտի հրամանատարական կազմի և զինվորական ծառայության առաջին քայլերն անող տղաների հետ, և ինձ ասացին, որ զորամաս եկող նորակոչիկների հետ հանդիպում, առանձնազրույցներ եք ունենում ինչպես Դուք, այնպեսեւ ԱՀՏԱ գծով Ձեր տեղակալը: Կարողանո՞ւմ եք լինել բոլոր զորամասերում, զրուցել այդքան շատ մարդկանց հետ, ու նաև հետաքրքիր է իմանալ` ի՞նչ տրամադրությամբ են երիտասարդները գալիս բանակ:

-Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են մեր զինվորները, վաղը, մյուս օրը մենք ո՞ւմ ենք վստահելու զենքն ու ռազմական տեխնիկան, ո՞ւմ հետ ենք մարտադաշտ դուրս գալու, հայրենիք պաշտպանելու: Այս ամենը ճշտելու համար էլ մենք ձգտում ենք առավել լավ ճանաչել մեր զինվորներին, և նրանց հետ հանդիպումները ոչ թե ձևական են, այսպես ասած՝ փաստաթուղթ լրացնելու միջոցառում, այլ նպատակ ունեն զինվոր-հրամանատար հարթությունում մարդկայնորեն որոշակի ջերմ հարաբերություններ ստեղծելու: Զինվորը պետք է անկեղծ լինի իր անմիջական հրամանատարի, զորամասի հրամանատարի, զորամիավորման ղեկավար կազմի հետ: Օրինակ` եթե խոսքը հրետանային հաշվարկի նշանառուի մասին է, ապա զորամիավորման հրետանու պետը պետք է նրան ճանաչի, նրա հնարավորություններն իմանա: Այնպես որ, անկախ զբաղվածությունից, ես պարտավոր եմ անկեղծ զրույցներ ունենալ զորամիավորման կազմում ծառայող բոլոր զինվորների հետ: Այսօր-վաղը ուսումնական զորամասերից մեծ համալրում ենք ունենալու, նրանց հետ նույնպես պետք է հանդիպումներ, առանձնազրույցներ ունենամ: Նորակոչիկների հետ զրույցից զգում ես, որ եկել են ծառայելու, իրենց պարտքը կատարելու, մանավանդ այն տղաները, ովքեր հենց ծառայության համար տարբեր երկրներից հայրենիք են վերադարձել: Լինում են շատ լավ պատրաստված, հարուստ գիտելիքներ ունեցողներ, որոնց հետ զրույցից ուղղակի հաճույք ես ստանում: Կարևորն այն է, որ մենք նրանց հետ ճիշտ աշխատենք, պահպանենք մեր` սպայի պատիվը, բոլորի նկատմամբ լինենք արդար, որպեսզի զինվորները, որոնք ամեն ինչ տեսնում, քննարկում, կարծիք են ձևավորում, չկորցնեն հավատը:

-Որոշ զորամասեր տեղակայված են այնպիսի վայրերում, որտեղ բնակլիմայական պայմանները բավականին խիստ են: Ընդհանուր առմամբ զորամասերն ինչպե՞ս են նախապատրաստվել ձմռանը:

-Զորանոցները տաքացվում են ինչպես հարկն է, կաթսայատներն աշխատում են ամբողջ հզորությամբ, անձնակազմերի հանդերձավորման մասին խոսելն ավելորդ եմ համարում, որովհետև բանակում զինծառայողների հանդերձավորումը միշտ տեղը-տեղին է եղել: Ռազմական տեխնիկան ժամանակին է նախապատրաստվել: Բոլոր զորամասերում աշխատել են հանձնաժողովները և վերահսկել են գործընթացը: Ներկայումս ընթանում են գույքագրման աշխատանքները: Ասեմ նաև, որ անսարք, չաշխատող ռազմական տեխնիկա, ավտոմեքենա չունենք: Մեկ- մեկ խափանվում են ուսումնական նպատակներով օգտագործվողները, որոնք շատ արագ նորոգվում են:

-Վերջում կխնդրեմ խոսենք նաեւ կարգապահության և զինվորների ծնողների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվող հարցերի մասին:

-Ավարտվող տարում կարգապահությունը եղել է պատշաճ մակարդակի վրա, լուրջ միջադեպեր, փառք Աստծո, չենք ունեցել: Հանդիպումներ եմ ունեցել այն ծնողների հետ, որոնց այցերը զորամասեր կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը: Զինվորի ծնողին հիմնականում մեկ հարց է հուզում. լինի խաղաղություն, որպեսզի իր զավակը պատվով կատարի ծառայությունը և ողջ-առողջ տուն վերադառնա: Այսինքն՝ այն, ինչը նաև մենք ենք ուզում, ինչի համար գիշեր ու զօր աշխատում ենք:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ազգային բանակ


25/12/2013