Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ



Խորհուրդ մեծ և սքանչելի

Որ յայսմ աւուր յայտնեցաւ,

Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`

Տան աւետիս աշխարհի:

Ծնաւ նոր արքայ

Ի Բեթղեհեմ քաղաքի…

Աղոթաբույր այս բառերը քաղված են Քրիստոսի Ծննդյան ու Աստվածհայտնությանը նվիրված սրբախոս շարականից, որոնց մեջ սքանչելի կերպով բացատրվում է, թե ինչ մեծ և սքանչելի խորհուրդ է տեղի ունեցել, չտեսնված և չլսված մի դեպք մարդկության պատմության ողջ ընթացքում, թե ինչպես Կատարյալը, Անմեղը, Ամենազորը, Արարիչ Աստված հանկարծ մարդու կերպարանք է ստանում, Տերը ծառա է դառնում ի սեր և ի փրկություն մարդկության:

Քրիստոսի Մարդեղության խորհուրդը չի բացատրվում ո՛չ մտքի և ո՛չ էլ գիտության ուժով: Ինչպե՞ս է անտեսանելի և անհասանելի Աստված մարդու սահմանավոր բնությունն ընդունում և Իր անմերձանալի բարձունքից խոնարհվում Բեթղեհեմի խեղճ, աննշան մսուրը:

Հովհաննես Ավետարանիչը տալիս է այս հարցի պատասխանը «Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը»: (Հովհ. Գ 16-17):

Ահա գաղտնի բանալին Քրիստոսի մարդեղության խորհրդի: Պարզ ու մաքուր` Աստուած այնքան սիրեց… Սերը:

Սերը` Ինքը Աստված, մարմնացավ Քրիստոսով և ծառայեց ու խաչվեց մարդկության փրկության համար, եթե մենք քրիստոնյա ազգ ենք բառի ճշմարիտ և ոչ թե ձևական իմաստով և ոչ էլ միայն պատմական տվյալներով և եթե նայել գիտենք դեպի հայոց ապագան, ուրիշ ճանապարհ չկա մեզ համար, բացի միայն Սիրո ճանապարհից` Քրիստոսի ճանապարհից, որի միջով եթե քայլենք՝ մեկս մյուսով զորավոր կլինենք, զորացած կլինենք մեր ազգով, մեր բանակով, մեր Հայաստան և Արցախ աշխարհներով: Մի կողմ շպրտենք նեղմիտ, մասնավոր, ճղճիմ շահերը և Սիրո կապով մեր սրտերը և ձեռքերը իրար միացրած քայլենք ճշմարտապես որպես մեկ ազգ, մեկ բանակ, մեկ պետություն և մեկ Եկեղեցի, ամբողջական և միասնական:

Յուրաքանչյուրս էլ այցելում է իր բարեկամին, մերձավորին ու շնորհավորում նրա տարեդարձը: Քրիստոս ամեն մեկիս Արարիչն է, Փրկիչը, նրա Ծնունդն էլ պիտի լինի համամարդկային տոն: Եվ այսօր, երբ մղվում ենք մեզ համար թանկ արժեքները վերագտնելու, Քրիստոսի անունով մկրտված ամեն քրիստոնյա պարտավորված պետք է զգա այդ օրը նախ Եկեղեցի գնալու և իր հետ տուն բերելով բոլորին փոխանցելու հրեշտակների կողմից մարդկանց տրված մեծագույն ավետիսը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, մեզ եւ ձեզ մեծ աւետիս»:

Որին պատասխանում ենք. «Օրհնեալ է Ծնունդն Քրիստոսի»:

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


25/12/2013