ՆԻԶԱՄԻՆ
ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ
Փոխգնդապետ Շալկունովը` Բորմանը, զորամաս այցելելով սկսել էր նկատել սերժանտ Նիզամի Բայրամօղլիին: Ավելի ճիշտ՝ Նիզամին էր սկսել իրեն ցույց տալ: Նրան տեսնելիս՝ 20-30 մ հեռավորությունից ձիգ շարային կեցվածքով՝ հատ-հատ, անշտապ քայլքով, ձեռքն ուղիղ, արմունկը նույնիսկ գլխից բարձր պատվի առած, անցնում էր Բորմանի առջևով: Բորմանն էլ հմայված հայացքով հետևում էր նրան, հետո կանչում մոտը ու երկար խոսում: Մի օր էլ իմացանք, որ Բորմանը նրան իր մոտ աշխատանքի է վերցրել: Դրանից հետո նա այլևս առավոտյան տողանին չէր մասնակցում: Միայնակ, բոլորից շուտ նախաճաշում էր, նոր գնած կաշվե թղթապանակը դնում էր թևատակին ու գնում վարչություն: Մեկ էլ նրան տեսնում էինք երեկոյան՝ քնելուց առաջ:
-Ի՞նչ գործի ես,- հարցրի մի անգամ։
Ասաց՝ մատակարար է:
Մեզ հասնող լուրերի համաձայն՝ Բորմանի և Նիզամիի բարեկամությունը գնալով խորանում էր: Ասում էին, երբ Նիզամին վերադասի աշխատասենյակ է մտնում, ամբողջ վարչությունն իմանում է: Նա դուռը թակում էր եւ շատ ուժեղ ձայնով ասում.
– Թույլ կտա՞ք, ընկեր գըն-դա-պետ:
Ներս էր մտնում շարային քայլքով, ոտքերն ուժգին դոփելով հատակին, մեջքը ձիգ, պատվի առնում ու ներկայանում. -Ընկե՛ր գնդապետ, սերժանտ Բայրամօղլին ներկայացել է ձեր հրամանով։
Բորմանը հաճախ «ազատ» հրաման չէր տալիս, որպեսզի մյուս աշխատասենյակներից կանչեր իր գործընկեր սպաներին ու ցույց տար Նիզամիին։
– Տեսե՛ք, տեսե՛ք, թե ի՛նչ սերժանտ ունեմ, տեսե՛ք, թե ինչպիսին է իմ Բայրամօղլին,- հիացած ասում էր Շալկունովը։
Պատահում էր՝ Բորմանը ինչ-որ բան էր հարցնում Նիզամիին, իսկ նա անմիջապես տեղում դոփում էր, պատվի առնում եւ ամբողջ ուժով գոռում.
– Ճիշտ այդպես, ընկե՛ր գնդապետ:
Նման իրավիճակում երբեմն Բորմանը մեղմորեն ասում էր.
– Նիզամի՛, ես քո մայրիկը… ախր ես գնդապետ չեմ, փոխգնդապետ եմ:
Նիզամին էլ ավելի ուժգին էր ոտքերը խփում հատակին, կրկին պատվի առնում և շարունակում.
– Ընկե՛ր գնդապետ, Ձեզ գնդապետն է վայել:
Իրականում Բորմանի դուրը գալիս էր, որ իրեն գնդապետ են անվանում, որովհետև գնդապետի կոչում ստանալու նպատակով էլ տեղափոխվել էր վարչություն:
♦♦♦
Արդեն դեկտեմբերն էր, օրերով ձյուն էր գալիս, և երբ ամսվա կեսերին տեղումները դադարեցին, եղանակն սկսեց ցրտել: 35 աստիճան ցրտին աշխատանքի գնում ու վերադառնում էինք վազքով: Մատակարարումները դադարեցվել էին, կատարվում էին միայն սարքավորումների տեղադրման, եռակցման աշխատանքներ: Օդափոխման համակարգը դեռ պատրաստ չէր, իսկ փակ արտադրամասում եռակցումից առաջացող գազերն ազդում էին մարդկանց շնչառության ու տեսողության վրա: Եվ երբ ցուրտն արդեն հասնում էր քառասուն աստիճանի, աշխատանքը դադարեցվում էր: Մնում էինք զորանոցում և ամբողջ օրը հեռուստացույց դիտում: Ձանձրալի էր:
Մոտենում էր Նոր տարին, սկսել էինք ավելի հաճախակի հիշել տունը, տոնական սեղանները:
-Հոգնեցինք, է՜, էսպես չի լինի,- գնում-գալիս ասում էր Աբոն: Իսկ ամսի քսանութին նա բոլորիս հավաքեց փոքր ննջարաններից մեկում։
-Արա, ինչ ասում եմ, ձեն չեք համում, Նոր տարուն բան չմնաց, մի բան անելո՞ւ ենք, թե՞ ձեզ բավարարելու են մի կտոր տորթն ու երկու հատ ծծովի կոնֆետը:
«Ժողովը» որոշեց, որ մի քանի շիշ օղին տոնը իմաստալից կդարձնի:
-Բա Նիզամի՞ն. եթե իմացավ, մեզ անպայման կծախի,- վտանգի մասին զգուշացրեց Նորիկը:
-Էդ հարցը թողեք ինձ, ես հետը կխոսեմ,-ասաց Աբոն ու գնաց:
-Ամեն ինչ կարգին է, երեք ռուբլի էլ փող տվեց, ինքն էլ է մասնակցում,- վերադառնալով ասաց Աբոն:
«Միջոցառման» միտքը ոգևորեց նաև մեր լիտվացի ընկերներին` Ցյունիսին ու Անձուլիսին, որոնք նույնպես միացան մեզ:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի քսանիննին, նախաճաշից հետո Գագիկն ու Սերժիկը գնացին Ռիգա: Կապիտան Ֆյոդորովը գումարտակում ելումուտի վրա խիստ հսկողություն էր սահմանել: Առաջին, երկրորդ և երրորդ հարկերում նշանակված օրապահների հետ դուրս ու ներս անողներին ստուգում էին ավագ լեյտենանտ Կորեյկոն, ենթասպաներ Բոգդանովն ու Գլուշակովը, բացի այդ, երկու ժամը մեկ էլ անձնակազմի ստուգում էր կատարվում: Ամեն անգամ ցուցակն ընթերցողները` Նիզամին կամ Նորիկը, շրջանցում էին Գագիկի ու Սերժիկի անունները, իսկ թե ստուգումն սպաներից որևէ մեկն էր անցկացնում, Նորիկն ասում էր, թե տղաները վերակարգում են:
Ճաշից հետո սկսեցինք անհանգստանալ: Ու հենց հերթական ստուգումն ավարտվեց, Նորիկի հետ որոշեցինք գնալ տղերքին ընդառաջ: Հնարավոր է՝ օգնության կարիք ունենան: Շինելները հագանք, գլխարկներիս ականջակալներն իջեցրինք և բանջարեղենի պահեստների միջև ձգվող կարճ ճանապարհով հասանք Խաչիկի ու Արթուրի կաթսայատուն: Վերջիններս ասացին, որ տղերքին միայն գնալուց են տեսել։
-Եթե գան, պարզ է, անցագրային կետով չեն անցնի, կբռնվեն, չափարը լիքը բաց տեղեր ունի, հենց էդտեղով ներս կմտնեն ու կգան մեզ մոտ, դուք իզուր եք եկել,- հանգստացրեց Խաչիկը։
Հետ էինք դառնում, երբ մի ինքնաթափ ԶԻԼ անցավ, որի վարորդի կողքին Նորիկն ու Գագիկն էին: Վազքով, նույն ճանապարհով հետ դարձանք: Մոտենալով զորանոցին՝ տեսանք, որ մեր մյուս հայրենակիցները ճաշարանի խոհանոցից թերմոսները բարձրացնում են վերև: Ամեն ինչ պարզ էր:
Թերմոսներով՝ ժամանակից շուտ վեր ու վար անելն անգամ օրապահների ուշադրությանը չարժանացավ: Բայց տղերքի բերած խմիչքը չափից դուրս շատ էր: Լատվիական Բալզամ,Հայկական կոնյակ, օղի, ռոմ, գինի, պունշ…: Սերժիկի հորեղբայրն ապրում էր Ռիգայում: Տղերքը գնացել էին նրա տուն, նա էլ փողը տվել էր աղջկան ու ուղարկել առևտրի, պակաս-պռատն էլ ինքն էր լրացրել:
Ամանորի գիշերը հերթապահ Նիզամին պետք է մեզ արթնացներ, որպեսզի գնայինք ճաշարան ու թաքուն նշեինք Նոր տարին: Գիշերվա ժամը երեքին Նիզամին մեզ արթնացրեց ու անհետացավ: Չգիտես ինչու, ես ու Նորիկը մեր տարած պունշը դրեցինք ճաշարանի հեռու, մութ անկյունում, իսկ Աբոյի բերած բալզամը, երկու կոնյակն ու երկու օղիները` «քեֆի» սեղանին, Գենայի պահարանի մոտ, որի միջից էլ հանեցինք վերջինիս պահած տորթի կտորները: Սկսեցինք բալզամից: Խմեցինք առաջին բաժակն ու… ինչպես անպրոպը անամպ երկնքում՝ «բռնել ե՜մ, բռնել ե՜մ, բռնե՜լ…», ղժղժալով ներս մտավ ենթասպա Գլուշակովը:
Այս ենթասպան մեր տարիքի տղա էր, բայց նրան ոչ մեկս չէինք սիրում, հոսհոսի մեկն էր: Նրան լռեցնելու մեր բոլոր ջանքերն անցան ապարդյուն, ու մինչ քնաթաթախ սպաները կհավաքվեին, մենք ծլկեցինք ննջարան, մտանք անկողին և ձևացրինք, թե քնած ենք: Գլուշակովն իր տարերքի մեջ էր: Ուրախ-ուրախ կապիտան Ֆյոդորովին ու ավագ լեյտենանտ Շպակին պատմում, նկարագրում էր, թե ինչպես է հետևել ու բռնացրել մեզ: Սուտ քունը չփրկեց մեզ: Գնացինք Ֆյոդորովի աշխատասենյակ: Սկսվեց ծառայողական քննությունը:
-Ես մենակ եմ եղել, խմիչքն իմն է: Նոր տարին միայնակ նշելու սովորություն ունեմ, նստում ու խմում եմ: Մենակ եմ եղել,-ասում էր Նորիկը՝ ձգտելով ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա:
Գլուշակովը Նորիկի պահվածքից փրփրած պնդում էր, որ բռնել է Ղազարյանին, Հովհաննիսյանին, Չալաբյանին, Բաբայանին, Հաբեթյանին, Մուրադյան եղբայրներին, Ցյունիսին, Մեսրոպյանին և Նիզամիին, որը մինչ այդ հարբած ընկած է եղել հատակին: Նորիկի և Գլուշակովի լեզվակռիվը պտտվում էր նույն կետի շուրջը: Ֆյոդորովն ու Շպակը քմծիծաղ տալով համբերատար նայում էին նրանց: Մենք, բնականաբար, թույլ չէինք տա, որ մեղքը միայն Նորիկի վրա բարդվի, և ասացինք, որ Գլուշակովը ճիշտ է, բոլորս միասին ենք եղել:
-Գիտեմ, գիտեմ, դուք ամեն ինչ միասին եք անում: ՈՒրեմն՝ հիմա գնում եք քնելու, իսկ առավոտյան կքննենք հարցը և կորոշենք, թե ձեզ ինչպես ենք պատժելու, պատիժ անպայման կլինի,- ասաց Ֆյոդորովը:
Մինչ քնելը հաջողացրինք ճաշարանից դուրս բերել թաքցրած պունշը, իսկ արդեն առավոտյան պարզեցինք եղելությունը. Նիզամին մենակ պահասենյակում առանց ինչ-որ բան ուտելու, միայն սխտորից հոտ քաշելով, խմել էր մի ամբողջ շիշ ռոմ ու հարբել: Հետո մտել էր այն ննջասենյակը, որտեղ մի քանի զինվորների հետ քնում էր, բայց, անկողնուն չհասած, փոսխել էր, ընկել մեջը ու այդպես քնել հատակին: Գլուշակովն էլ, տեսնելով նրան այդ վիճակում, հետևել ու տեսել էր, թե ինչպես պատերից բռնվելով՝ մի կերպ եկել էր մեզ արթնացնելու…
…Նախաճաշից առաջ մեզ կանչեցին Ֆյոդորովի աշխատասենյակ: Նիզամին չկար, նրա հետ առանձին էին խոսել: Ֆյոդորովը զայրացած էր, խոսեց խիստ ու երկար.
-Ձեզնից չէի սպասում, դուք միշտ իմ կողքին եք եղել, իսկ այժմ իմ դեմ եք գործում…
Մենք ներողություն խնդրեցինք: Ի վերջո, կապիտանը մի քիչ մեղմացավ և այդտեղ գտնվող սպաներին ասաց.
-Ի՞նչ պատիժ եք առաջարկում:
-Գործը հանձնենք իրավապահներին, թող դատեն,-ասաց կապիտան Կորեյկոն: Ֆյոդորովը խիստ հայացքով նայեց Կորեյկոյին, վերջինս լուռ ուսերը թոթվեց` իբր, ձեր գործն է, ես իմ առաջարկն արեցի:
-Կալանատուն, տասնհինգ օր, ամեն մեկին,-առաջարկեց Գլուշակովը:
-Կալանատունը չի ընդունում, եթե Օստրով ուղարկեմ, նրանց կպահեն այնտեղ, իսկ ես չեմ ուզում նրանցից բաժանվել,-առարկեց Ֆյոդորովը և դառնալով մեզ՝ ասաց,- լա՛վ, դուք գնացեք, պատժի ձևն ու չափը ձեզ կհայտնի ենթասպա Բոգդանովը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ