ՄԱՐԴՈՒ ՄԱՐԴԱՑՄԱՆ ՀՈՐԴՈՐ՝ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁՈՒՄ
Ապրում ենք` գրքերով հեղեղված, մնում է՝ ձեռքդ մեկնես ու վերցնես այն, ինչ պետք է, կամ կարծում ես, որ քեզ պետք է: Տարեմուտի ուղերձների նկատմամբ ես երբևէ առանձնակի հետաքրքրություն չեմ ունեցել. չկարդացած` դժվար չէ ենթադրել` մոտավորապես ի՞նչ պիտի լինի ներփակը: Խոստովանեմ` ինձ այս անգամ հետաքրքրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014-ի տարեմուտի` «Մեր ամրոցում` մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» վերտառությամբ ուղերձը: Տարեմուտի լինելուց զատ` ուղերձն ակնհայտորեն մարդու մարդացմանն ուղղված մտահոգ պաշտոնյայի հորդոր է, ահազանգ պարունակող զգոնության կոչ` ուղղված մեզնից յուրաքանչյուրին, այդ թվում և ինձ` իմ գրականության մեջ հետայսու ևս արծարծելու այս ցավոտ թեման: Այդ իսկ պատճառով եմ արձագանքում:
Աստվածաշունչը սովորեցնում է` եթե տղա ես դաստիարակել, ուրեմն՝ մարդ ես դաստիարակել, եթե աղջիկ ես դաստիարակել, ուրեմն՝ սերունդ ես դաստիարակել. այս իմաստախոսությունը ես շատ եմ սիրում, հաճախ գործածելուց էլ չեմ հոգնում: Մարդու մեջ ամենից առաջ մենք մարդուն ենք փնտրում` լինի մասնագետ, պետական այր… Տարեմուտի ուղերձի առաջին էջին նախարարի ձեռագիր դիմումն է` Ամանորի շեմին կանգնած հայրենակիցներին, իսկ ես երևակայել իսկ չէի կարող, որ Սեյրան Օհանյանն այդքան գեղեցիկ ձեռագիր ունի. խնդրո առարկա էջերն անվարան կարելի է դիտարկել` որպես վայելչագրության օրինակելի նմուշ: Անձնային հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվող հոգեբանների համար ձեռագիրն անխաբ հենք է, հուշարարներից անսխալականը, ճիշտ այնպես, ինչպես դեմքը` ֆիզիոգնոմիստի համար: Ուղերձի ընթերցումը չշարունակած` ձեռագրից ստացած տպավորությանս մտովի հավելվեց նախարարի խոսքը` Լեոնիդ Ազգալդյանի մասին կարդացածս մի հուշապատում: Գաղտնիք չէ` եթե անգամ ուրիշի մասին ես խոսում, միևնո՛ւյն է, դու քո՛ մասին ես խոսում: Ապա մտապատկերումս հստակվեց մի դրվագ… Հանկարծամահ էր եղել գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վերջին հրաժեշտի եկած մարդիկ նստած էին գրողների միության դահլիճում: Վիշտը բոլորինս էր, անսպասելի մահը` անժամանակ: Դահլիճ մտավ և պաշտպանության նախարարը: Առաջնորդողը` հանրությանը հայտնի անձ, պիջակը գցած ձախ ձեռքին, մոտեցավ մեջտեղի շարքերից մեկին` ծայրից ծայր զբաղեցված, կանգնեց մեկի գլխին, առանց բառ արտասանելու և մանավանդ խնդրելու` մատներն իրար սեղմած աջ ձեռքի դաստակով կարգադրիչ նշան արեց, որ այդ տեղն իսկույն ազատի: Նստած գրողը պատրաստակամ գտնվեց, իսկույն վեր կացավ, որ տեղը զիջեր: Նախարարը մոտեցավ, ձեռքը սիրալիր դրեց գրողի ուսին, կիսաձայն շշնջաց` նստեք, ի՞նչ եք անում, այստեղ տեղ կա: Գնաց ու համեստորեն տեղավորվեց հետևի շարքի ազատ մի տեղում: Գրողին, անշո՛ւշտ, հարգել է պետք` միշտ և ամենուր: Իսկ անձամբ ինձ` որպես գրողի, ամոթ ու համեստություն առաքինությունների անհետացումը, չեմ թաքցնում, խորապես անհանգստացնում է: Ես կուզենայի, որ մեր զինվորները սա անպայման կարդային, և մեջները անձնական ահա այսպիսի նկարագիր ունեցող նախարարին նմանվելու բնականոն ցանկություն առաջանար. մեկը մի օր պիտի դառնա, չէ՞, նախարար, հո Սեյրան Օհանյանը հավերժական չէ, ինչպես ամեն մեկս:
Միջտեսակային և ներտեսակային հարաբերություններում մարդու անձնական օրինակը կարեւորագույնն է ու ամենից խոսունը: Զինվորն իր սրտի բանականությամբ ևս ականջալուր պիտի լինի փողոցային արատավոր բարքերի դեմ պայքար հայտարարած նախարարի հորդորին, ինչն ավելի քան տեղին է: Յուրաքանչյուր հայ պիտի կարդա այս ուղերձը, որովհետև ամեն մեկն անելիք ունի հայտարարվածում, այդ թվում նաև ես` որպես գրող, հրապարակագիր:
Տուն-դպրոց-բանակ-բուհ հասարակություն սեղմ բռունցքի մեջ, կարծում եմ, ճիշտ կլիներ չանտեսել մանկապարտեզի դերը (իմ երիտասարդության տարիներին` մսուր-մանկապարտեզ): Խրատատուի իրավունք ինձ չեմ վերապահում, ընդամենը կկամենայի հիշեինք Մակարենկոյի մոտ գնացած այն մորը, որն իր երեխային ճիշտ դաստիարակելու խնդրում մանկավարժից ակնկալում էր օգնություն: Երբ վերջինս ճշտում է, որ դաստիարակվելիք երեխան արդեն երկու տարեկան է, մորն ասում է` դուք ուղիղ երկու տարի ուշացել եք: Մսուր-մանկապարտեզներո՛ւմ են ձևավորվում նախադպրոցական կարևորագույն տարիները: Տեսականից զատ` ասածս ճշգրտված է և իմ սեփական կենսափորձով: Ես երեք երեխայի մայր եմ, ունեմ հինգ թոռնիկ, իմ զավակներն իրենք վաղուց արդեն հայր են ու մայր, սակայն մինչ օրս մեծագույն հարգանքով են հիշում իրենց դայակներին, դաստիարակներին: Մեծին կարող ես խաբել, երեխային` երբեք: Նրանք նույն ակնածանքով են մտաբերում միջնակարգի ուսուցիչներին, որոնք, բարեբախտաբար, բարոյական կերպար կերտող հեղինակություն են եղել իմ երեխաների համար. Կրուպսկայայի անվան դպրոցը նաև դրանո՛վ էր առանձնանում` նախանձելի մանկավարժական որակով: Ձեռք ձեռքի տված ենք դաստիարակել, գործառույթ, ուր հայեցի դաստիարակությունը, ազգային դիմագիծ չեղծող հանդուրժողականությունը ուրույն տեղ են զբաղեցրել: Ե՛ս էլ եմ գլխահակ խոնարհումով հիշում նրանց, երեխաներիս ուսուցիչներից առաջ` ի՛մ ուսուցիչներին: Անձնական օրինակ ներառող հայեցի դաստիարակության հիմքերը այնտե՛ղ են դրվում` գենից, ժառանգականությունից, ընտանիքից զատ: Նախարարի հորդորին մայրաբար կհավելեի ևս մեկը` արժե ուշադրություն դարձնել ապագա զինվորների տեսակային սկզբին. կան արական սկիզբ ունեցող տղաներ, կան իգական սկիզբ ունեցող տղաներ: Ճիշտ այդպես լույս աշխարհ են գալիս արական սկիզբ ունեցող աղջիկներ, ինչպես նաև իգական սկիզբ ունեցող աղջիկներ: Թե ուշադրությունն ինչպե՞ս պիտի գործակցի մարդու մարդացման գործառույթի հետ, միջամտելու իրավունք ինձ դարձյալ չեմ վերապահում, սակայն կարևորում եմ: Երևույթը մենք չտեսնելու ենք տալիս, այնինչ պատճառահետևանքային կապի մեջ այն խորունկ իմաստակիր է:
Պաշտպանության նախարարի համաժողովրդական միասնության հորդորը ինձ հիշեցրեց հայերիս միասնության այն աննախադեպ ժամանակահատվածը, որը ոչ մի հայ չի մոռանա. համաժողովրդական միասնությունը հիանալի՛ առավելություն է, անխորտակելի ուժ, ինչի հետ ոչինչ չի համեմատվի: Այդ միասնությունը այն ուժն է, որ թույլ չի տա մեր միջի հաղթական ոգին հանկարծ ընկրկի: Իսկ երբ քաղաքացիական գիտակցությունը համատարած ու բոլորիս մեջ արմատավորվի, հայրենասիրության պակաս հաստա՛տ չի լինի: Օրվա հրամայական պայքարին` նախարարի հայտարարած պայքար «հասարակության դեմ»` ի շահ հասարակությանը, այսինքն` փողոցային արատավոր բարքերի դեմ, վաղո՛ւց էր պետք լծվել. շահա՛ծ կապրեինք:
Քաղաքագետները, կարծում եմ, քաջածանոթ պիտի լինեն պետության հզորության Յաբլոնսկու բանաձևին, ուր հաշվարկվողը` պետության հզորությունը, գոյանում է կարևորագույն համարվող զույգ գումարների արտադրյալից. գումար գոյացրած առաջին խումբն, ի դեպ, իրենից ներկայացնում է երեք գումարելիների գումար` բնակչության և տարածքի, տնտեսական կարողության, ռազմական կարողության, իսկ երկրորդ գումարն ամբողջանում է հեռագնա նպատակ և ազգային հեռագնա նպատակ գումարելիներից` վերջիններիս գումարը բարձրացրած չորս աստիճան: Այսինքն՝ պետության հզորությունը առաջին և երկրորդ գումարի բազմապատկումից ստացված արտադրյալն է: Մեզնից յուրաքանչյուրը պիտի ապրի սեփական անձի նշանակալիության պատասխանատվությամբ ու հավատով, ինքներս մեզ պիտի զգանք անփոխարինելի կաթիլն այն ամբողջականի, որից ճակատագրորե՛ն է կախված մեր անկախ պետականության հզորությունը: Զրո արտադրյալ չգոյացնելը պիտի մտահոգի հայրենիքի ամեն մի պաշտպանի: Հայեցի դաստիարակությամբ փայլող զինվորն իր մտահոգությունը պիտի չեզոքացնի գործով, ո՛չ բառով, որովհետև հավատ ներշնչողը մարդու արածն է, ո՛չ ասածը: Պետության հզորության կայացման մեջ մարդն իրեն կաթիլ պիտի զգա:
Ցանկությունս է, որ մենք` ողջամտությանն ապավինողներս, 2014-ին ազգովի ունենանք այլ մտահոգություններ, հատկապես արատավոր բարքերից թոթափված ամրոց-Ազգային բանակ, իսկ առհասարակ մտահոգություն չունենալն անհնարին է բոլո՛ր հասարակարգերում, բոլո՛ր ժամանակներում: Շնորհավոր Ամանոր:
ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում