Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2013Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Դեկտեմբերի 28-ին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2013թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մի շարք հարցեր:

Աշխատանքներին մասնակցում էին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներ, ԲԿ վարչակազմը, Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի բացման խոսքից հետո զեկույցով հանդես եկավ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ն.Ամիրխանյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները` նա, ընդհանուր առմամբ, զորամիավորման ու ենթակա զորամասերի կարգապահությունը, մարտական պատրաստությունը և պատրաստականությունը գնահատեց բավարար:

Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Ս.Ավագյանն իր զեկույցում անդրադարձավ 2013թ. զորամիավորումում անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներին:

Զորամիավորման թիկունքի պետ, գնդապետ Ա.Պողոսյանը ներկայացրեց ուսումնական տարվա թիկունքի աշխատանքները, որոնք և գնահատեց բավարար:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ա.Համբարձումյանը ներկայացրեց անցած ուստարվա դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը: Նա ուրախությամբ հայտնեց, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում անցանկալի դեպքերն ու պատահարները նվազել են 21-23 տոկոսով:

Զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը ներկայացրեց սպառազինության գծով ԲԿ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա.Բագիրյանը: Նա ուրախությամբ նշեց, որ, ընդհանուր առմամբ, անցած ուսումնական տարում սպառազինության գծով զորամիավորումը գրանցել է առաջընթաց:

2013թ. ուսումնական տարվա ամփոփմանը ելույթ ունեցավ նաև Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանը: Նա իր ելույթում հույս հայտնեց, որ առավել բարեխղճություն ցուցաբերելու դեպքում գալիք ուսումնական տարում ցավալի դեպքերն ու պատահարները էլ ավելի կնվազեն, գուցե և իսպառ վերանան:

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը գոհունակությամբ նշեց, որ զորամիավորման ձեռք բերած հաջողությունները համարում է ազգային բանակի հպարտությունն ու նվաճումը: Գեներալ-լեյտենանտը շնորհավորեց կարգապահությամբ, մարտական պատրաստությամբ մշտապես աչքի ընկնող զորամիավորման բոլոր զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթեց առողջություն, հաջողություններ գալիք ուսումնական տարում և անձնական կյանքում:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ամփոփելով նիստի արդյունքները, գալիք ուսումնական տարվա գերխնդիրը համարեց մարտական պատրաստության և պատրաստականության շարունակական ամրապնդումը` կարգապահությանը զուգընթաց որպես մեկ ամբողջություն:

Հրամանատարը շնորհավորեց զորամիավորման ողջ անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` բոլորին մաղթելով առողջություն և հաջողություններ 2014թ. ուսումնական տարում, ինչպես նաեւ մարտական և կարգապահական նոր նվաճումներ:

Վերջում զորամիավորման հրամանատարը 2013թ. ուսումնական տարվա լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին, զորամասերն ու ստորաբաժանումները հանդիսավոր պայմաններում խրախուսեց պաշտպանության նախարարի, մակագրությամբ պատվոգրերով, «Պատվո դրոշներով», արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ազգային բանակ


16/01/2014