ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՈՉ ՄԻ ՍԱԴՐԱՆՔ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ
Փոխգնդապետ Նորայր Ավետիսյանը զինվորականի բարդ ու դժվարին ճանապարհ է անցել, ունեցել է տարբեր ազգության հակառակորդներ, մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների, զբաղեցրել է հրամանատարական գրեթե բոլոր պաշտոնները: Ծնվել է Շիրակի մարզի Հայկավան գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտ, որից հետո զորակոչվել է բանակ, ծառայել Աֆղանստանում, ավելի ստույգ` Ղանդահարում՝ հատուկ նշանակության ջոկատում: Այնտեղ էլ պարգևատրվել է «Արիության համար», «Մարտական ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» մեդալներով: Զորացրվելուց հետո մասնակցել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, իսկ 1992թ. համալրել է նոր կազմավորվող ազգային բանակի շարքերը, մասնակցել մի շարք պաշտպանական մարտերի, հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին:
Հրադադարի հաստատումից հետո ծառայել է տարբեր զորամասերում, իսկ այժմ մարտական հերթապահության գծով հրամանատարի տեղակալն է: Ազգային բանակում ծառայելու տարիներին փոխգնդապետ Նորայր Ավետիսյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով:
Ներկայացվող հարցազրույցն առաջնագծում տիրող իրավիճակի, մարտական հերթապահության կազմակերպման խնդիրների շուրջ է:
-Պարոն փոխգնդապետ, ներկայացրեք իրավիճակը հակառակորդի հետ շփման գոտում:
-Առաջնագծի այն հատվածը, որի պահպանությունը մեզ է վստահված, բավական բարդ է, որովհետև շփման գիծը հիմնականում անցնում է լեռնային տեղանքով: Կազմակերպելով դիրքային պահպանություն՝ մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին: Հրադադարը հակառակորդի կողմից խախտվում է մշտապես: Նրանք իրենց որդեգրած մարտավարությունը չեն փոխում. կրակում են դիպուկահարները, հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակում են ոչ միայն դիրքերի, այլև ճանապարհների, բոլոր տեսանելի տարածքների, մարդկանց, մեքենաների ուղղությամբ:
-Պատերազմում հաղթել ենք մենք, բայց միջադեպեր հրահրողը պարտված հակառակորդն է: Մի՞թե նրանց զինվորների բարոյահոգեբանական վիճակն այնքան բարձր է, որ հանդգնում են մշտապես սրել իրավիճակը:
-Փաստ է, որ Ադրբեջանի կողմից առաջնագծում դիպուկահարների տեղաբաշխման նպատակը բանակցային գործընթացի վրա ազդելն է, բայց ոչ մի հիմք չկա մտածելու, թե նրանց զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, և մենք էլ պատերազմում հաղթելուց հետո տեղի ենք տվել: Հակառակորդի ոչ մի սադրանք անպատիժ չի մնում, հարկ եղած դեպքում մենք իրականացնում ենք հակադիպուկահարային գործողություններ և զսպում նրանց: Պարզապես նրանք իրենց ժողովրդից թաքցնում են իրենց կորուստները: Կա նաև մի նրբություն. նրանք առաջնագիծ են բերում մեծամասամբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, որոնց կորուստն իրենց առանձնապես ցավ չի պատճառում:
-Այնուամենայնիվ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել մեր զինվորների անվտանգությունն ապահովելու, հնարավոր սադրիչ գործողությունները կանխելու ուղղությամբ:
-Առաջին հերթին՝ աշխատում ենք մշտապես բարձրացնել առաջնագծի հետ առնչություն ունեցող բոլոր զինծառայողների պատասխանատվությունը, կարգապահությունը: Հերթապահությունը պետք է իրականացվի գործող հրահանգներին, վերադաս հրամանատարի կարգադրություններին ու պահանջներին համապատասխան: Մարտական հերթապահության նախապատրաստությունը տարբեր ծառայությունների համատեղ համալիր աշխատանք է: Դիրք բարձրացող յուրաքանչյուր զինվոր պետք է լինի լիովին առողջ և հոգեբանորեն պատրաստ այդ ծառայությանը: Երեք փուլից բաղկացած նախապատրաստական աշխատանքների նպատակն այն է, որ հերթապահության մեջ ընդգրկվեն նրանք, ովքեր չունեն առողջական ու հոգեբանական որևէ խնդիր: Միաժամանակ առաջնագծում մշտապես ունենք արագ արձագանքման խմբեր, որոնք ամեն ինչով աջակցում են դիրքերում հերթապահողներին: Ասեմ, որ մեր զինվորները՝ բոլորը, գիտակցում են հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և դիրքերում ոչ մեկը չի ուզում զինակցից հետ մնալ, ավելին՝ սահմանին նրանք կարծես միանգամից վերափոխվում են, ավելի հասուն ու շրջահայաց դառնում: Շատ բան է փոխվել հերթապահության կազմակերպման գործընթացում: Ավելացել է անձնակազմի անդամների թիվը, բոլորը՝ հատկապես դիրքերի ավագները, ստացել են լիարժեք հանգստանալու հնարավորություն: Մշտական աշխատանքների, նաև նյութական ներդրումների շնորհիվ էապես լավացել են առաջադրանքների անվտանգ իրականացման, կենցաղի, հանգստի կազմակերպման պայմանները: Ուզում եմ ձեզ հավատացնել, որ առաջնագծում մեր զինվորների հնարավորություններն ու պայմանները շատ ավելին են, քան հակառակորդինը:
-Ձմեռը լիովին իր իրավունքների մեջ է, ինչպե՞ս եք տաքացնում գետնատնակները, սնունդը` ճաշը, թեյը…
-Դրանք հիմնավոր կերպով լուծված հարցեր են: Զինվորներն ունեն տաք հագուստ, գետնատնակները տաքացնելու համար վառելանյութերի պակաս երբեք չենք ունենում, հացը ամեն օր կամ օրումեջ ենք ստանում, իսկ սննդամթերքը, քանի որ չկա փչանալու վտանգ, հերթափոխն ընդունողները տանում են իրենց հետ:
-Պարոն փոխգնդապետ, Դուք անխտիր գովաբանում եք բոլոր զինվորներին, սակայն հնարավոր չէ, որ չլինեն առավել արժանավորները:
-Չեմ առարկում, ամեն տեղ էլ լինում են առաջատարներ, հանձնարարություններն ավելի բարեխղճորեն կատարողներ, ի վերջո` ստորաբաժանումների միջև կա մրցակցություն: Այդ տեսակետից կարող եմ առանձնացնել կապիտան Անդրանիկ Թորոսյանին և իր վաշտը, ավագ լեյտենանտ Տիգրան Հովակիմյանին, վաշտի հրամանատար կապիտան Էրիկ Խանփերյանցին, ավագ լեյտենանտ Մարտիկ Մովսիսյանին և իր հրամանատարությամբ գործող վաշտը, սերժանտ Միքայել Գևորգյանին, կրտսեր սերժանտ Սեյրան Նազլուխանյանին, կարող եմ էլի թվարկել, արժանավորները շատ են:
Օգտվելով հնարավորությունից` ուզում եմ Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ «Հայ զինվորի» միջոցով շնորհավորել մեր զինվորների ծնողներին ու հարազատներին, մաղթել նրանց առողջություն, համբերություն ու միաժամանակ վստահեցնել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլոր զինվորները պատվախնդրորեն կատարեն իրենց պարտքը և ողջ – առողջ վերադառնան տուն, սովորեն, աշխատեն, շենացնեն իրենց օջախները, մեր սիրելի հայրենիքը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուսանկարը` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան