Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՎԱՇՏ-ՄԱՐՏԿՈՑ ՕՂԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ»



Պաշտպանության նախարարը խորհուրդներ եւ ցուցումներ տվեց նշված օղակի հրամանատարներին

Հունվարի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր բացման խոսքում նշեց, որ խորհրդակցության նպատակն է վեր հանել վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները եւ 2014 թ. կատարելագործել այդ օղակի գործունեությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Երեւանում եւ Արմավիրում տեղակայված զորամասերի վաշտ-մարտկոց օղակի հրամանատարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

«Վաշտ-մարտկոց օղակը ուսուցման եւ դաստիարակության հիմնական կենտրոնն է բանակում: Մարտավարական պարապմունքների, զորավարժությունների անցկացումը, ընթացիկ ծանրաբեռնվածությունը հիմնականում այս օղակի հրամանատարների ուսերին են, պատահարներն ու դեպքերն էլ ընկալվում են որպես նրանց աշխատանքի թերացում: Այս օղակը ավելի հաճախ է քննադատվում, քանի որ այս օղակի հրամանատարներն իրենց ծառայողական առաջին քայլերն են անում, եւ նրանց թերանալու հավանականությունն ավելի մեծ է»,- ասաց Ս.Օհանյանը:

Խոսելով անցած տարվա ընթացքում արձանագրված թերացումների մասին` պաշտպանության նախարարը նշեց, որ բացթողումներ ունենք հատկապես դաստիարակչական աշխատանքներում, քանի որ «մենք չենք սովորել ծրագրերը իրականացնել հետեւողականորեն` ուշադրություն դարձնելով մանրուքներին»:

«Արձանագրված միջադեպերը մատնանշում են, որ մանրուքները ծավալվում են եւ դառնում հանցագործություն: Մարդկային կորուստները մեր խոցելի կողմն են: Կորուստների հետեւանքով ամբողջ պետությունը սասանվում է, ընտանիքներ են դժբախտանում, զինվորական ծառայությունը դուրս է գալիս իր բնականոն հունից: Հանցագործությունների հիմքում ընկած է անհանդուրժողականությունը, պետք է բոլոր օղակներում բարելավենք մարդկային հարաբերությունները եւ վերջնականապես ձեւավորենք ուժեղ եւ ինքնավստահ բանակ: Յուրաքանչյուր զինվորի կորուստը հավասարազոր է հողի կորստին: Եթե ջոկում հարձակման կամ պաշտպանության ժամանակ զինվոր է զոհվում, նրա տեղը դատարկ է մնում, այսինքն` մի քանի տասնյակ մետր հող զրկվում է պաշտպանությունից, ջոկը այլեւս մարտունակ չէ, իսկ եթե դասակում մեկ ջոկ մարտունակ չէ, դասակը դառնում է խոցելի, եւ այդպես շարունակ: Հասարակությունը մեզնից պահանջում է խստություն, մենք էլ պետք է հասկանանք, որ խիստ, բայց արդարացի մոտեցմամբ կհասնենք հաջողության: Այս առումով վաշտ-մարտկոց օղակի հրամանատարները շատ անելիքներ ունեն»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ պարտավոր ենք քիչ ուժերով մեծ խնդիրներ լուծելու կարողություններ զարգացնել. «Այդպես եղել է նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ. շատ դեպքերում մենք փոքր ստորաբաժանումներով զորամասերի խնդիրներ ենք կատարել: Օրինակ` Հադրութի շրջաններից մեկի ազատագրման ժամանակ թշնամին 150 զոհ տվեց, երբ հայկական կողմը մարտնչում էր ընդամենը 45 մարտիկով: Մեր հրամանատարների զգալի մասը զոհվել է պատերազմում, սա խոսում է այն մասին, որ նրանք անձնական օրինակ են ցուցաբերել, գնացել են առջեւից: Սա պետք է օրինակ լինի երիտասարդ սպաների համար: Եթե հրամանատարը երկու օրում նոր համազգեստը մաշեցնում էր, ապա մարտական գործողությունը հաղթանակով էր պսակվում»:

Նախարարը վաշտ-մարտկոց օղակի հրամանատարներին ուղղություն տվեց եւ նշեց, որ նրանք պետք է`

– ինքնակրթվեն, գերազանցապես տիրապետեն մայրենի լեզվին, ըստ հնարավորության` ուսումնասիրեն եւ տիրապետեն օտար լեզուների,

– զերծ մնան փողոցային երեւույթներից, արգելեն հայհոյանքը, մականունների օգտագործումը, արմատախիլ անեն անհանդուրժողականությունը, սերմանեն ընկերականություն, բարություն, պահպանեն արդարության սկզբունքը,

– ուշադրություն դարձնեն իրենց խոսքին. «Պատերազմի ժամանակ հրամանատարի ընկճված խոսքը թեւաթափ էր անում ենթականերին, եւ հակառակը` ինքնավստահ խոսքը մղում քաջության: Հիշում եմ` Արցախյան պատերազմի ժամանակ կապով հրամանատարներից մեկից օգնություն խնդրեցին: Հեռախոսավարը պատասխանեց, որ խնդրանքը փոխանցել է, հրամանատարը երկու ժամից օգնություն կուղարկի: Սակայն մյուս կողմից պահանջեցին. «Հեռախոսը փոխանցի՛ր, ուզում եմ իրենից լսել»: Հրամանատարի ձայնը կրկնակի ոգեւորեց օգնություն խնդրողին»,

– ֆիզիկապես գերազանց վիճակում լինեն, ունենան շարային կեցվածք, իդեալական արտաքին տեսք,

– դրսեւորեն մասնագիտական պատրաստություն, մեթոդական ունակություններ, այսինքն` գտնեն դեպի հաջողության տանող կարճ ճանապարհները,

– կարեւորեն արժանապատվությունն ու պատվախնդրությունը,

– լավ իմանան իրենց ֆունկցիոնալ պարտականությունները,

– ունենան մանկավարժական կուլտուրա, իմանան ուսուցման եւ դաստիարակության հիմունքները,

– տիրապետեն օրվա ռեժիմին, պարապմունքների մեթոդիկային,

– սովորեցնեն անձնական օրինակով,

– ենթակաների նկատմամբ լինեն խստապահանջ, նաեւ դրսեւորեն հարգանք ու հոգատարություն. «Վաշտ-մարտկոց օղակի հրամանատարը չպետք է մոռանա, որ իրականում ինքն էլ է զինվոր: Պետք է ընկեր լինի, հարգի զինվորին, քանի որ նրա հետ է գնալու մարտի, պետք է դրսեւորի իր հոգատարությունը, օրինակ՝ եթե մարտական հերթապահության ժամանակ գնում եք դիրքն ստուգելու, կարող եք զինվորին ասել` տասը րոպե նստիր, հանգստացիր, միեւնույն է, ես դիտարկում եմ իրականացնում, կամ պարապմունքների ընթացքում ընդմիջման պահին քաղցրավենիք հյուրասիրեք: Ես այդպես էի անում, երբ վաշտի հրամանատար էի: Չպետք է մոռանալ, որ ենթակադ ընկերդ է եւ մեծ ազդեցություն ունի ճակատագրիդ վրա»:

Նախարարը, եզրափակելով իր ելույթը, նշեց, որ հրամանատարների համար, իհարկե, հեշտ չի լինի, բայց հաջողությունը միայն ու միայն իրենցով է պայմանավորված, իրենց հետեւողականությամբ:

Խորհրդակցության ավարտին մի շարք զինծառայողներ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/01/2014