ԿՐԱԿՈՑԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐԻՆ
Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքն առաջիկայում կստանա հրազենի կրակոցի հայտնաբերման 13000 անհատական համակարգ: Վերջինս բաղկացած է 4 փոքր ձայնային դետեկտորներից և փոքր դիսփլեյից, որոնց միջոցով յուրաքանչյուր զինվոր կիմանա, թե ինչ հեռավորությունից և որ կողմից են կրակում իր վրա: Դետեկտորն արձանագրում է թշնամու կրակոցից առաջացած գերձայնային ալիքները և ակնթարթորեն տեղեկացնում զինվորին: Վերջինս ուշադրությունը լարելու փոխարեն պետք է միայն հետևի դետեկտորի ցուցմունքին: Համակարգը կշռում է 2 ֆունտից (900 գրամից) էլ քիչ:
Ապագայում կրակոցի հայտնաբերման անհատական համակարգը (ԿՀԱՀ) կինտեգրվի զինվորի անհատական պաշտպանության համակարգին, որը ներառում է սաղավարտի վրայի թվային էկրանը` GPS-արտապատկերմամբ (տիեզերական արբանյակի միջոցով): Հետագայում ծրագրվում է մի ցանցի մեջ միավորել զինվորների ԿՀԱՀ-ները, ինչի շնորհիվ ոչ միայն զինվորը կիմանա, թե որտեղից են կրակում իր վրա, այլև իր մարտընկերները: