ՀԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՇՎԵԼ Է ՄԱՐՏԻ 21-ԻՆ
Մշակույթի եւ գիտության Չինական կենտրոնը Արորդիների ուխտ կազմակերպության հետ համատեղ Նարեկացի արվեստի միությունում նախաձեռնել եւ տոնել է Նոր տարին` ըստ սրբազան հին տոմարի:
Ինչպես նշեց տոմարագետ Սերգեյ Սիմոնյանը, Մարտի 21 կամ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է՝ Երկրային տարեփոխումը:
Մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի օրն է, որը որպես նոր տարվա սկիզբ նշվել է ինչպես հին Հայաստանում, այնպես էլ Հնդկաստանից մինչև Սկանդինավյան երկրներ:
Տոմարագետը նշեց նաեւ, որ ձմեռը հարաբերական մահ է նախանշում, քանի որ արեւի ուժը պակասում է, բնության ծաղկումը՝ դադարում, իսկ գարնան գալստյան հետ բնությունը զարթոնք է ապրում, նոր կյանք նախանշում. «Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ, ահա, երկրային գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով ավելացնում է»: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ հայոց ռազմի ու զորության աստված Վահագնի ծնունդը: Ազգագրագետ Գոհար Վարդումյանը նշեց, որ Վահագնը, ըստ ավանդության, ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին: Եվ գարնան 1-ին օրը հայերը տոնում էին Վահագնի ծնունդը՝ որպես երկրային կյանքի նոր պարբերության, Նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Հնում կանչում էին Վահագնին, փառաբանում նրան, սպասում եւ զորանում նրանով: Այդ օրը մարդիկ փող էին փչում, թմբուկ զարկում, որսի գնում, թատերական ներկայացումներ կազմակերպում, հնում նաեւ հայերի շրջանում սովորություն կար գիշերահավասարի խորհուրդը նշել արևածագին գաթա կամ տարեհաց թխելով և առավոտ վաղ ուղղել դեպի արեգակը։ Եվ երբ արևի առաջին շողերը դիպչում էին տարեհացին, այն համարվում էր օրհնված: Ազգագրագետը տեղեկացրեց, որ ըստ հին տոմարի, մենք այժմ գտնվում ենք 4503 տարում, ըստ հաշվարկների էլ` այս տարի նշում ենք Վահագնի ծննդյան 9594-ամյակը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ