ԻՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ
Իմ ընտանիքի հեքիաթն է սա: Չէ՛, հեքիաթ չէ, հեքիաթը հորինում են, որի վերջում հաղթում է բարին, չարը` պատժվում: Երկնքի անամպ լազուրի, մեր շառաչուն ջրվեժի, հնամենի իմ հայրենիքի նման իրական է իմ հեքիաթը: Իրական էր նաեւ պատերազմի բոթը… ՈՒ սկիզբ առավ իմ հեքիաթը մեր փոքրիկ քաղաքից, որը թիկնել է Որոտանից աջ եւ ահյակ` Սուրբ Հովհաննեսի ձեռքը գլխին… «Անխիղճ ու անհոգի է պատերազմը, բալա՛, հրեշ է կանաչ աչքերով, մահաբեր շնչով»: Երկրորդ Համաշխարհային դժոխք ապրած մեծ տատս է ասել ու փութով որոնել շյուղերը: Տաք ու փափուկ գուլպաներ էր գործում գիշեր ու տիվ: Մի օր էլ…
-Տա՛տ,- խնդրել է տասնհինգամյա մայրս` Գոհարիկը,- նամակ եմ գրել զինվորին: Հիշո՞ւմ ես, պատմում էիր քառասունականների աղջիկների մասին, որոնց նամակն ուժ ու կորով էր, սխրանք ու խիզախում ֆաշիստների դեմ: Թող կարդա՛ հայ զինվորն իմ նամակը, իմանա, որ վստահում ենք, սիրում ու հավատում նրա հաղթանակին:
«Դու մեր նորաստեղծ բանակի անդրանիկ զինվորն ես, մեր հերոսական հայրենիքի վաղը, մեր մանուկների ու մայրերի պաշտպանը, քո ամուր ձեռքերում մեր պատմությունն է, մեր սուրբ Վաղարշապատն ու Գանձասարը, Օշականն ու Ամարասը: Հավատում ենք՝ քո բազկի ուժից վաղը թշնամին չորեքթաթ ետ կսողա իր որջը…»:
Կապուտաչյա մի զինվոր հագել է Մարան տատիս գործած գուլպան, գտել ու կարդացել մայրիկիս նամակը… Կորյուն է նրա անունը: Նա նամակը կարդացել է իր ընկերներին, հրամանատարին: Ու բոց է ցայտել հայկյան զինվորների աչքերից, պրկվել են բռունցքները, հրավառվել հոգիները:
…Էլ ո՞վ կարող է, ո՞վ կհանդգնի… Չուշացավ հաղթանակը: Մեր կորյունների ահից դողաց ոսոխը, նահանջեց ու կծկվեց իր բնում: Հայոց բանակը մի մայիսի ինն էլ պարգեւեց հայրենիքին` ազատագրելով Շուշին նաեւ: Հինավուրց Արցախում թագավոր կարգվեց նորին մեծություն խաղաղությունը: Նա ճախրեց Գանձասարի գմբեթն ի վեր, բորբոքեց Ամարասի մարմրող խնկաբույրը…
Մայիսյան մի պայծառ օր կապուտաչյա Կորյունն այցի եկավ Գոհարիկին: Հին ծանոթների նման ժպտացին կարոտած, շիկնեցին ու բռնեցին Սուրբ Հովհաննես տանող բարձունքի ճամփան: Այնտեղ նրանք են` Կորյունի մարտական ընկերները…
Մեր հեքիաթն իրական է, իրական ինչպես բոլոր հեքիաթները, վերջում հաղթում է բարին, պատժվում` չարը: Ապա երկնքից երեք խնձոր է ընկնում: Առաջինը` իմ լույս Մարան տատին, երկրորդը` Գոհար ու Կորյուն իմ ծնողներին, երրորդը` չէ՛, չէ՛, երեքն էլ մեր անհաղթ զինվորներին, որոնք պաշտպանել ու պաշտպանում են Հայաստանը եւ Արցախը:
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային