Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NEWS.AM ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՐՑԵՐԻՆ



Հարց – Վերջին շրջանում հակառակորդի դիպուկահարների կողմից հաճախակի հայ զինվորներ են զոհվում: Տպավորություն կա, որ հայկական կողմը բավարարվում է միայն հայտարարություններով ու միջազգային կառույցներին ուղղված կոչերով: Ռազմական առումով արդյո՞ք մենք չենք կիրառում հակառակորդին պատժելու գործողություններ:

Պատասխան – Իրոք, հակառակորդը ակտիվացրել է դիպուկահար գործողությունները` փորձելով հավելյալ լարվածություն հաղորդել հակամարտությանը: Կցանկանայի նշել, որ հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ: Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ Ադրբեջանի սանձազերծած սադրանքները ավարտվում են ադրբեջանցիների ավելի մեծ կորուստներով: Ցավոք, նրանք դեռևս դրանից դասեր չեն քաղում:

Հարց – Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից հնչող այն սպառնալիքը, ըստ որի, Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթների դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման:

Պատասխան – Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունը այդ երկրում համակել է նաև քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում` ինչքան էլ տարօրինակ լինի քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/03/2011