Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԽԻԶԱԽ ԱՍՊԵՏԸ



Նվիրվում է պահեստազորի ծովակալ ՍՈԲԵՐՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ծննդյան 80-ամյակին

Հայկական սպորտի համաշխարհային աստղերից մեկը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ, ջրամոտորային մարզաձեւից Գինեսի գրքի խորհրդային 1-ին ռեկորդակիր մարզիկ, ԽՍՀՄ գավաթի 9-ակի գավաթակիր ու «Սոցիալիստական երկրների բարեկամության և եղբայրության գավաթի» 6-ակի գավաթակիր, բացարձակ չեմպիոն, պահեստազորի ծովակալ, Հայաստանի ամենաերկարակյաց մարզիկը, որ անգամ 60-ամյա տարիքում ցույց տված իր բարձր արդյունքներով շարունակ զարմացրել ու հիացրել է մարզասերներին ու ոլորտի մասնագետներին, 2013թ. դարձավ 80 տարեկան:

Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ական ընտրյալներից հանրապետական ծովային մարզատեխնիկական ակումբի հռչակավոր մարզիկ-վետերանը ժամանակին ապացուցեց իր 2-րդ երիտասարդությունը` պահպանելով չեմպիոնի տիտղոսը: 1959թ. սկսած մինչև 1990թ. նա մասնակցեց հանրապետական, միութենական ու համաշխարհային 43-ից ավելի բազմաթիվ մրցումների: Սոբերտ Մանուկյանը հիրավի սպորտային սխրանքներ գործեց` Ռ-1 դասի գլիսերով ու 350 սմ3 «Կյոնինգ» տիպի կախովի շարժիչով սկուտերով զարգացրեց հզոր արագություններ ու հաղթեց: Մարդկային հնարավորությունների սահմանաեզրին նվաճած իր պարգևների հավաքածուում կա 17 ոսկե, 17 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև՝ 15 գավաթ: Մանուկյանը 4 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդ: Նա տասնյակ անգամներ իր արժանի տեղը գրավեց ԽՍՀՄ, Հայաստանի լավագույն մարզիկների շարքերում: Մասնակցեց ԽՍՀՄ ժողովուրդների 9 սպարտակիադաների, մրցեց նաև Եվրոպայի 9 երկրներում (Հունգարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Լեհաստան, Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա): Ջրամոտորային մարզաձևը օլիմպիական չէ, այդ իսկ պատճառով նա օլիմպիական չեմպիոնի տիտղոս չունի: Շուրջ 30 տարի ջրամոտորային մարզաձևում պաշտպանեց Հայաստանի և ԽՍՀՄ հավաքականի պատիվը Եվրոպայի և աշխարհի զանազան մարզասպարեզներում ու 20 տարի անընդմեջ եղավ ԽՍՀՄ հավաքականի անփոփոխ ավագը՝ իր ծանրակշիռ ներդրումն ունենալով մարզաձևի զարգացման գործում:

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԶԻԿԻ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ

Սոբերտ Հարությունի Մանուկյանը ծնվել է 1933թ. հունիսի 20-ին, Սևան քաղաքում, աշխատավորի ընտանիքում, 5 երեխաներից կրտսերն է:

«Մեր ընտանիքում պապիցս սկսած՝ սիրել են երգ-երաժշտությունը: Ես փողային նվագախմբի կազմում եմ նվագել: 1951թ. Կիրովականում փողային նվագախումբը մրցույթում գրավել է 1-ին տեղը՝ մաեստրո Լևոն Մադոյանի ղեկավարությամբ: 1952-53 թթ. մշակույթի տանն ստեղծված 78 հոգանոց քառաձայն երգչախմբում երգեցի: Ինքնուրույն սովորեցի դաշնամուր նվագել, իսկ բանակում` ակորդեոն»:

1953թ. նոյեմբերի 10-ին Մանուկյանին զորակոչեցին խորհրդային բանակ` ժամկետային ծառայության: 1955թ. նոյեմբերին ավարտել է Կիևի զինվորական օկրուգի ինժեներային զորքերի երկտարյա կամրջաշինարարական-ինժեներատեխնիկական ռազմական ուսումնարանը: 1956թ. ընտանեկան պայմանների բերումով (մայրը վատառողջ էր) լեյտենանտի կոչումով զորացրվել է պահեստազոր:

Վերադառնալով տուն` աշխատել է «Կոլտնտեսական» սպորտընկերության, ապա «Սևան» վերանվանված սպորտընկերության նախագահ: 1956-65թթ. Սևանի 13 գյուղերում զարգացրել է տարբեր մարզաձևեր` ֆուտբոլ, թեթև աթլետիկա, թիավարություն, դահուկային ու մոտոցիկլետային սպորտ և այլն: Նաև մշտապես պարապել և անընդմեջ մասնակցել է Խորհրդային Միության մրցումներին` ներկայացնելով Հայաստանը՝ 10 կմ, 15 կմ, 30 կմ և 50 կմ դահուկային վազքուղիներում: 10 տարվա ընթացքում անընդմեջ 5 անգամ 50 կմ է վազել: 1956թ. Գորկի քաղաքում 1-ին անգամ «Կոլտնտեսական» սպորտընկերությունը միութենական մրցումներին մասնակցել է դահուկային մարզաձևում: Փոխանցումավազքում (4×10 կմ) գրավել է 1-ին տեղը:

1961թ. Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում 1-ին անգամ մասնակցեց ջրամոտորային մարզաձևի միութենական առաջնությանը և միջազգային մրցումներին. 2,5 ամիս Հայաստանի հավաքականի կազմում էր: Մոսկվայում Հայաստանի հավաքականը գրավեց և՛ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, և՛ միութենական առաջնության գավաթները, իսկ Ս.Մանուկյանը ՕԱ-250 արագընթաց մոտորանավակով գրավեց մրցանակային 3-րդ տեղը: 1962-63թթ. մրցումներ չեն կայացել: 1964-ին շարունակել է մրցումները:

1966թ. փետրվարին ամուսնացել է: Ունի 5 դուստր, 9 թոռ: Մեծ թոռն արդեն ծառայում է հայկական բանակում: Սոբերտ Մանուկյանը կատակում է. «Ես 10 զավակ ունեմ` 5 դուստր և 5 տղա: Փեսաներս իմ որդիներն են»:

1966թ. հիշարժան է Սոբերտ Մանուկյանի համար նաեւ Ռ-1 դասում 1-ին տեղը գրավելու առումով, երբ արժանացավ փնջային ոսկե մեդալի և ընդգրկվեց Խորհրդային Միության կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ի ջրամոտորային սպորտի հավաքականի կազմում` մասնակցելու ԽՍՀՄ առաջնության մրցումներին: 1966թ. օգոստոսին Հայաստանից 2 հոգու հրավիրեցին ԽՍՀՄ առաջնությանը` Սոբերտ Մանուկյանին (Ռ-1 գլիսեր դաս` ստացիոնար շարժիչով) և Ստեփան Դերձակյանին (սկուտեր – կախովի շարժիչով դաս): Կրասնոդար քաղաքում կայացած այդ մրցումներում Ս.Մանուկյանն իր Ռ-1 դասով, որի շարժիչի հզորությունը 1000 սմ3 էր, մրցեց 2500-3000 սմ3 շարժիչների հետ եւ գրավեց 3-րդ տեղը՝ զարգացրած բարձր արագության շնորհիվ հաստատելով սպորտի վարպետի իր կոչումը:

Բազմավաստակ մոտորանավորդ-վետերանը այժմ էլ հաճախ կարևոր մանրամասներ է վերհիշում անցյալից: «Այն առավոտ 2-րդ մրցերթի ժամանակ, երբ դեռ 5 պտույտ պետք է կատարեինք, 3-րդ պտույտի ժամանակ ղեկի կլոր հատվածը ձեռքումս մնաց: Ես կարողացա պոկված բռնակներով կատարել շրջադարձները և մրցերթը հաղթանակով ավարտել: Իհարկե, մյուս միջներթի միջնահատվածում գաղտնի վերանորոգեցի գերմանական մակնիշի այդ ղեկը, և ոչ ոք չիմացավ: 1967թ. Մոսկվայում կայացավ ԽՍՀՄ առաջնությունը: Այնպես ստացվեց, որ նավակի իրանի այն հատվածը, որն ապահովում է ջրի մակերեսի վրա նավակի սահունությունը, մաշվել էր, և աջ, ապա նաև անմիջապես ձախ թևերը պոկվեցին նավակի իրանից: Նկատեցի, որ 150-200 կմ/ժ-ից մեծ արագության տակ նավակը ջուր էր լցվում: Իմ բախտից՝ ափամասում հարթ էր ու մաքուր, և ես նավակը ափ ուղղեցի, թռա նավակից ու բռնեցի, որ չսուզվի: Ցավոք, դրանից հետո դուրս մնացի 2 մրցերթերից` նավակ չունենալու պատճառով: 1969թ. ես ստացա ԳԴՀ արտադրության նոր Ռ-1 դասի գլիսեր և այն նախապատրաստեցի հաջորդ առաջնությանը: Գրավեցի 1-ին տեղը և Հայաստանի հավաքականի կազմում մեկնեցի ԽՍՀՄ առաջնությանը, որն ընթանում էր Ուկրաինայի Չերկասկ քաղաքում, որտեղ 4×5 մղոն մրցարշավում գրավեցի արծաթ, իսկ անհատական մրցումներում՝ 1×10 մղոն, հաղթելով, 1-ին անգամ արժանացա ԽՍՀՄ չեմպիոնի կոչման»:

1974թ. օգոստոսի 26-ին Մոլդովայի Դնեստրովսկ քաղաքում ջրամոտորային մարզաձևի ԽՍՀՄ առաջնության ժամանակ մրցավարական կոլեգիան հաստատեց արագությունների պաշտոնական տվյալները, և պարզվեց, որ Սոբերտ Մանուկյանը 4×5 մղոն մրցապայքարում Ռ-1 դասի գլիսերով մրցերթերից մեկում զարգացրել է 259 կմ/ժ արագություն, որը գերազանցում էր համաշխարհային ռեկորդը: Եվ մրցավարական կոլեգիայում գտնվող ջրամոտորային մարզաձևի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Ալեքսանդրի Մարկարովը բացականչեց. «Եղա՛վ, Մանուկյանը համաշխարհային ռեկորդ սահմանեց»: Սոբերտ Մանուկյանին Ոսկե մեդալով պարգևատրելուց հետո, ըստ Գինեսի կանոնների, 13 մարդուց բաղկացած դատավորական կոլեգիան մանրակրկիտ ստուգեց շարժիչի բոլոր բնութագրիչ կարողությունները, որոնք համապատասխանում էին սահմանված պահանջներին ու ռեկորդային չափանիշին: Դրան համապատասխան՝ կազմվեց մրցումների հատուկ արձանագրություն՝ մրցավարական կոլեգիայի բոլոր անդամների համաձայնությամբ: Արձանագրությունն ուղարկվեց ջրամոտորային մարզաձևի Միջազգային ֆեդերացիա` վավերացման: 1974թ. նոյեմբերի 15-ին արձանագրությունն ընդունեցին, իսկ 1974թ. դեկտեմբերի 24-ին այն հաստատվեց: Եվ Սոբերտ Մանուկյանի անձնական ցուցանիշը Գինեսի գրքում գրանցեցին N2267 վավերացմամբ: Դիպլոմը նա ստացավ 1975թ. մարտի 11-ին:

Նրա մարզիչն էր օդաչու, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, վաստակավոր մարզիչ Միխայիլ Գուսևը: 1975թ. Իտալիայի Աուրենցո քաղաքում անցկացվող միջազգային մրցումներում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը պարգևատրեց մեր Աշխարհի չեմպիոնին Ոսկե Խաչով, որի վրա պատկերված է Փարիզի Աստվածամոր տաճարը: 1977թ. պարգևատրվեց ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի «Պատվավոր նշանով»:

1978թ. մայիսի 8-ից 12-ը ԽՍՀՄ-ում 1-ին անգամ հերոս-քաղաք Բրեստում խաղարկվում էր ջրամոտորային մարզաձևի «Սոցիալիստական երկրների բարեկամության ու եղբայրության գավաթը» (մրցումների նախաձեռնողը ԳԴՀ-ն էր): Խորհրդային հավաքականը գրավեց 1-ին տեղը, թիմի ավագ Սոբերտ Մանուկյանը պարգևատրվեց «Բարեկամության ու եղբայրության գավաթ» մեդալով: Ս.Մանուկյանը 6 անգամ նվաճեց այդ պատվավոր մեդալը:

1978թ. Մանուկյանը մասնակցեց 8 մրցման, որոնցից 7-ում գրավեց 1-ին տեղը: 1978թ. Բրեստից հետո ԽՍՀՄ հավաքականը նույն կազմով մեկնեց միջազգային մրցումների Բուլղարիայի Վառնա, Սևլիևո և Կիրջիլի քաղաքներում: Սոբերտ Մանուկյանը 350 սմ3 դասի սկուտերով գրավեց 1-ին տեղը` պարգևատրվելով 8 գավաթներով:

Շարունակելի

ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ճակատագրեր


23/01/2014