Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԽԱՌԱԿՈՆԻՍՈՒՄ



Դարեր շարունակ հայ ոգու կենսաբուխ աղբյուրներից է եղել թատրոնը։ Հայն ապրել է այդ գեղեցիկ արվեստով, աշխարհին տվել մեծագույն դերասաններ։ Հայը նաեւ թատրոնի մեջ է տեսել ազգապահպան զորեղ ուժ, որն օգնել է իրեն գոտեպնդվելու, դիմանալու դժնդակ ժամանակներին։ Դա է եղել մեր ազգային կյանքի բնորոշ գծերից մեկը։

Թատրոն խաղացել են ոչ միայն երեւելի դերասանները՝ ժողովրդի համար, այլեւ ինքը՝ ժողովուրդը։ Ահա այսպիսի մի դրվագ։

1912 թվական, Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղ։ Կյանքն ընթանում է իր սովորական հունով, բայց այդպես միայն թվում է։ Ավելի հեռատեսներն զգում էին՝ երկնքում կուտակվում են աղետաբեր ամպեր, եւ պետք է պատրաստ լինել նոր արհավիրքների։

Ավանդությունն ասում է, որ Խառակոնիս գյուղում է ծնվել միջնադարի հայ մեծ քնարերգու Նահապետ Քուչակը։ Մինչ բանասիրության մեջ այսօր էլ գոյատեւում է այն վարկածը, թե նրա անձն իրական չէ, մեր հանճարեղ հայրենները պարզապես վերագրվել են նրան, խառակոնիսցիները գյուղ եկող□գնացողներին հպարտությամբ ցույց են տվել նրա գերեզմանը եւ տապանաքարը՝ «Նահապետ Քուչակ եւ կողակիցն նորա Թանկխաթուն»։

Ինչեւէ, Խառակոնիսը հավատացել եւ հպարտացել է Քուչակով, եւ քաջասիրտ, ազգասեր խառակոնիսցիները բարձր են պահել իրենց գյուղի պատիվը։ Բայց ահա եկել են նոր, դաժան ժամանակներ, արթնացել են թուրք բարբարոսի արյունատենչ բնազդները, եւ պետք էր գոտեպնդել մարդկանց, բորբոքել նրանց ազգասիրական ոգին։ Որոշվում է ներկայացնել «Վարդանանց պատերազմը» թատերախաղը։

Գլխավոր դերերը հանձնարարվում են գյուղի պատվավոր մեծահասակներին՝ Վարդան Մամիկոնյանի դերը պետք է կատարեր ուսուցիչ պարոն Արամ Խանճյանը, որ նոր էր եկել Վանից, Վահան Ամատունու դերը ստանձնեց գյուղապետ (ռես) Շիրինի եղբայր պարոն Հրանտը, իսկ Ղեւոնդ երեցի դերը պետք է խաղար հենց գյուղի քահանան՝ տեր Մարտիրոսը։ Վասակի դերը մեծահասակներից ոչ ոք չի ուզում ստանձնել, եւ այն ստիպված հանձնարարում են տասներկուամյա դպրոցական Հայաստան Եղիազարյանին, որը փոքր էր եւ Վարդանի, Վահանի ու Ղեւոնդ երեցի կողքին հազիվ էր երեւում։ «Ավելի լավ,- ասում էին կազմակերպիչները,- դավաճան Վասակի համար այդ բոյն էլ հերիք է»։

Վանից բերում են գույնզգույն ճոթեղեն եւ դերակատարների համար կարում իշխանական զգեստներ, փայլուն թղթից սաղավարտներ է պատրաստում պարոն Խանճյանը։ Փորձերին մասնակցում է ինքը՝ գյուղապետ Շիրինը։

Ներկայացումը պատրաստ էր, բայց պետք էր նախ «գովազդել» այն։ Բոլոր դերակատարներին հագցնում են իրենց շորերը եւ հանում Ժամտան դիմացի բլուրը։ Ամբողջ Խառակոնիսն է հավաքվում՝ դիտելու երփներանգ, կենդանի այդ «գովազդը», որը կախարդական տպավորություն է թողնում բոլորի վրա։ Այս ու այն տեղից ձայներ են լսվում.

-Ծո՛ տղա, Վարդան Մամիկոնյանը ո՞րն է…

-Ծո՛ տղա, Վասակը ո՞րն է…

Ներկայացումը փայլատակում է Խառակոնիսում ինչպես մի անպատմելի հրաշք։ Բեմի վրա ծավալվում է Ավարայրի ճակատամարտը։ Հայոց եւ պարսից բանակները կանգնում են դեմ դիմաց ու սկսում իրար վրա նետել ճարճատուն բենգալյան կրակներ` կռվի պատրանք ստեղծելու համար։ Խառակոնիսցիները հիացմունքից եւ ազգային հպարտության զգացումից խելագարվել էին, եւ նրանց մտքով իսկ չէր անցնում, որ 5-րդ դարում հրազեն չի եղել, բանակներն իրար դեմ կռվել են տեգերով, նետ ու աղեղներով…

Բեմը ճարճատում է կրակոցներից, մարտական գոռում-գոչյուններից, դահլիճը, որ կորել է ծխի մեջ, ծափահարում է ու աղաղակում.

-Կեցցե՜ քաջ Վարդան Մամիկոնյանը…

-Կեցցե՜ հայ ազգը…

-Կորչի՛ դավաճան Վասակը…

Ի՞նչ թատրոն՝ առանց չնախատեսված միջադեպերի։ Ըստ ներկայացման՝ Վարդան Մամիկոնյանը պետք է կռվի դաշտում ընկներ քաջի մահով։ Այդպես էլ լինում է, բայց նրա կողմը նետված բենգալյան կրակը, փոխանակ նրա կուրծքը խոցելու, խանձում է նրա մորուքը, եւ այն սկսում է վառվել։ Քաջի մահով ընկած Վարդանը, ավելի ստույգ՝ նրա դերակատար պարոն Խանճյանը, ճարահատյալ վեր է կենում եւ ռազմական հագուստի ծայրով մի կերպ հանգցնում մորուքի բոցը։ Այնքան մեծ է լինում հափշտակվածությունը մարտի տեսարանով, որ դահլիճից կանայք, փոխանակ փռթկալու, փղձկում են.

-Վա՜խ, վա՜խ, վա՜խ…

Ներկայացումից հետո մեկ ամիս շարունակ պարոն Խանճյանը ման է գալիս ծնոտը կապած…

Ոչինչ, «Վարդանանց պատերազմը» Խառակոնիսի բեմում անցնում է մեծ հաջողությամբ, երկար ժամանակով գյուղն ապրում է ոգեւորության մեջ, ըմբոշխնում նախնյաց փառքը, որ նոր ուժ ու լիցք է տալիս նրան։ Պետք էր ոգեկոչել այդ փառքը…

Խառակոնիսն ըստ արժանվույն գնահատում է իր «արվեստի մշակներին», մեծարում բոլոր դերակատարներին ու նրանց մեջ՝ Վասակի տասներկուամյա դերակատար Հայաստան Եղիազարյանին։ Նա ապագա նշանավոր բանաստեղծ Նաիրի Զարյանն էր…

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005թ., թիվ 30

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային


23/01/2014