ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Կայացավ 2013թ. ձմեռային առաջին զորահավաքը, և Քաշաթաղի շրջանի նորակոչիկները համալրեցին հայոց բանակի շարքերը: Միեւնույն ժամանակ ժամկետային զինծառայողներից մի խումբ տղաներ, որոնք այս ամռանն էին մեկնել բանակ, 10-օրյա արձակուրդով տուն եկան: Նրանցից Տիգրան Հովհաննիսյանը, Կարեն Հակոբյանը, Անդրանիկ Բրսոյանը, Ազնիվ Բաբայանը, Կիմ Ավագյանը և Հովիկ Սարգսյանը համադասարանցիներ են. ավարտել են Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգը, և բոլորն էլ ընդունվել պետական բուհեր: Ավարտելով առաջին կուրսը՝ զորակոչվել են ազգային բանակ և իրենց զինվորական պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ:
Տղաները միասին այցելեցին հարազատ կրթօջախ: Նրանց միացավ նաև Կարեն Մովսեսյանը, որ 2013-ին է ավարտել դպրոցը և ընդունվել Գորիսի պետական համալսարանի թատերական բաժին, բանակ մեկնել 1-ին կուրսից: Այստեղ հանդիպեցի տղաներին, որոնք նաև իմ աշակերտներն են եղել, աչքի ընկել իրենց խելացիությամբ, համեստությամբ, պարզությամբ: Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը տեղեկացրեց, որ 2006 թվականից, ինչ ղեկավարում է այս կրթօջախը, ունեցել է մոտ 50 արական սեռի շրջանավարտներ, որոնցից 41-ը ծառայել են հայոց բանակում, և բոլորն էլ տուն են վերադարձել լավ բնութագրերով, ինչպես վայել է հայ զինվորին:
-Հպարտ եմ մեր տղաներով. բոլորն էլ բարձր են պահել Բերձորի ու դպրոցի պատիվը, -ասաց նա:
Տիգրանն ու Ազնիվը միասին են ծառայում. երկուսն էլ ԵՊՀ ուսանողներ են: Գոհ են զորամասի հրամանատարությունից. արդեն հարմարվել են զինվորական կյանքին և վերջացրել են ուսումնական դասընթացները: Ծառայության ընթացքում մասնակցել են «Հայ ասպետ» մրցույթին, գրավել 2-րդ տեղը: Անդրանիկ Բրսոյանը Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանող է, ծառայում է պաշտպանության բանակում: Բերձորից 3 տղաներ ևս այստեղ են: Կարեն Հակոբյանն ու Կիմ Ավագյանը նույնպես պաշտպանականի զինվորներ են, շրջանից 10-ից ավելի տղաներ նույնպես ծառայում են այստեղ: Բոլորի կարծիքն է, որ իրենց պարտքն է ծառայել հայոց բանակում, և որ այս 6 ամիսների ընթացքում դրական շատ բան է փոխվել իրենց կյանքում: Շուտով դիրքեր պետք է բարձրանան. արդեն պատրաստ են, ուսումնական դասընթացները զուր չեն անցել: Խոստովանեցին, որ շատ են կարոտում տունը՝ հարազատներին, ընկերներին, դպրոցը: Ուսուցիչներն ու տնօրենը տղաներին մաղթեցին անփորձանք ծառայություն, իսկ Անահիտ Քոսակյանը նրանց «Նոր կտակարան» նվիրեց՝ հավատով, որ Աստծո աջը միշտ կլինի հայ զինվորի գլխին:
Զ. ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Բանակ և հասարակություն