Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՄՆԱ»



Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական զինուժի իրագործած դիվերսիոն գործողության ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան չեն մնա։

«Շուրջ երկու օր է՝ լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին, երբեք այս քանակությամբ կրակոցներ չեն եղել: Հասկանալի է, մտավախություն ունեն, որ պատասխան կտանք, ու պատասխան լինելու է, մենք պահը կգտնենք», – ասաց նախարար Օհանյանը։ Նրա խոսքով` առաջին համարժեք պատասխանը հակառակորդին տվեցին Արմենն ու իր ընկերները՝ հերոսաբար մարտնչելով: «Հակառակորդը կրեց ծանր կորուստներ՝ մի քանի զոհ, քսանից ավելի վիրավոր», – ասաց Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով, որ մեր տղաները հետ են մղել հակառակորդի հատուկ պատրաստվածության ստորաբաժանումներից կազմված երեք խմբի:

Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց սահմանը պահող զինվորների տրամադրությունն ու ոգին, շեշտելով, որ հրամանատարական ցածր օղակներից բոլորը պետք է զգան իրենց վրա դրված բարձր պատասխանատվությունը` անձնուրաց պաշտպանել Հայրենիքը, ինչի վառ օրինակն է Արմեն Հովհաննիսյանի սխրանքը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը, նախարարն ասաց, որ դրանք սադրանքներ են, որոնք նպատակ ունեն միջազգային ասպարեզում տպավորություն ստեղծելու, թե առկա է լարվածություն, և դրանով իսկ շեղելու բանակցային գործընթացը։

Խորագիր՝ Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


23/01/2014