Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱԴՐԱՆՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ



ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պատասխանը «Հայ զինվոր» շաբաթաթերթի թղթակցի հարցին

-Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների կազմակերպման փաստը, ծաղրում է հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները և լրատվամիջոցների արձագանքները: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ պահվածքը:

-Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողություններն իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը, անկախ արդյունքներից, կարելի է լիովին հաջողված համարել:

Ամեն դեպքում, ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով /այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը/, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված վիճակում ուղարկվել են մի շարք փորձաքննությունների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որի ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված` սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Խորագիր՝ Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


23/01/2014