Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ



Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8-րդ նիստում, որը տեղի ունեցավ մարտի 23-ին պաշտպանության նախարարությունում, քննարկվեց Հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը:
Նիստին մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Փաստաթուղթը մշակվել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության եւ ռազմական դոկտրինի համաձայն: Նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը քննարկումներից հետո կներկայացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նաեւ` հանրությանն ու միջազգային կազմակերպություններին: Ս. Օհանյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված փաստաթղթի ներկայացումն աշխատանքի 6-րդ փուլն է:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ նկատեց, որ 2008 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը երկու տարիների ընթացքում լուրջ աշխատանք է կատարել` վերլուծել է մեր երկրի շուրջ անվտանգության միջավայրը, հնարավոր սպառնալիքները, իրականացրել այսօրվա իրավիճակի գնահատումը: Մշակված ռազմավարական պլանավորման փաստաթղթերի աշխատանքների մեծ մասն իրականացվել է գաղտնիության սկզբունքով: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծեց, որ հանձնաժողովը իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, կատարված աշխատանքի արդյունքում էլ ՀՀ զինված ուժերում պլանավորված բարեփոխումներն արդյունավետորեն առաջ են ընթանում. «Վստահ եմ, որ արդյունքում կունենանք էլ ավելի մարտունակ, կազմակերպված բանակ, որը անհրաժեշտության դեպքում կարող է արժանապատվորեն պաշտպանել մեր հայրենիքի անվտանգությունը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը եւ տեղեկացրեց, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները շուտով կավարտվեն, եւ կսկսվի դրանց կյանքի կոչումը, նաեւ ազգային անվտանգության խորհրդում առաջիկայում կքննարկվի Հայաստանի ռազմական արդյունաբերության հայեցակարգը:
Հանրային իրազեկման քննարկվող փաստաթղթի նախագիծը բաղկացած է 15 բաժիններից` ռազմավարական անվտանգության միջավայր, սպառնալիքների եւ ռիսկերի գնահատում, պաշտպանական քաղաքականություն, ռազմավարական նկատառումներ, պաշտպանական առաջնահերթություններ, ԶՈւ առաքելություններ, պատրաստականություն, կարողությունների վերլուծություն, պլանավորման սցենարներ, զորային պլանավորում, ՊՆ, ԶՈւ եւ գլխավոր շտաբի ապագա կառուցվածքների տեսլական, ծառայությունների կազմակերպում, կադրային եւ իրավական խնդիրներ, հասարակությանն ու միջազգային կառույցներին ներկայացվում է Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքը, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ինչպես նաեւ ռազմական դոկտրինում տեղ գտած եւ Հայաստանին սպառնացող վտանգները, մատնանշված սպառնալիքների հնարավոր զարգացումները, որոնց դիմակայելու գործում ԶՈւ-ն ունի առանցքային դեր:
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հիմքում ընկած է Ղարաբաղյան խնդիրը, ուստի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքների ժամանակ Հայաստանի անվտանգության սպառնալիքները եւ դրանց հետագա հնարավոր զարգացումները դիտարկվել են երկու հիմնական տեսանկյունից. առաջին` եթե միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում Ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվում, եւ երկրորդ` եթե այն կարգավորվում է, որից հետո Հայաստանը ձեռնամուխ կլինի իր պաշտպանության ռազմավարական նոր վերանայմանը. «Սա ցույց է տալիս հասարակությանն ու միջազգային կառույցներին, որ ՀՀ պաշտպանական համակարգի զարգացման ուղղվածությունը քարացած չէ, եւ մենք լրջորեն դիտարկում ենք ԶՈւ զարգացման այլընտրանքային ուղիները»,-ասաց Դավիթ Տոնոյանը:
Ինչպես նշեց փոխնախարարը, փաստաթուղթը նաեւ բացահայտում է, թե ինչ ուղղությամբ են շարունակում զարգանալ Հայաստանի զինված ուժերը` վերջ դնելով այդ թեմայով տարատեսակ սիրողական մեկնաբանություններին. «Չի բացառվում, որ ապագայում կարիք լինի իրականացնելու նոր վերանայում, սակայն պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները կարելի է համարել իրատեսական, եթե, իհարկե, անվտանգության միջավայրում բեկումնային փոփոխություններ չլինեն»:
Հայաստանը իր պաշտպանության ռազմավարական վերանայումը ավարտելուց եւ նոր մոտեցումները կյանքի կոչելուց հետո կլինի առավել անվտանգ, ինչը, ըստ փոխնախարարի, իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության զարգացման եւ արտաքին ներդրումների ծավալների ավելացման գործում: Դավիթ Տոնոյանը կարծում է, որ փաստաթուղթը մեծ հետաքրքրություն կներկայացնի թե հանրության, եւ թե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կառույցների համար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/03/2011