Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ

Սկիզբը` 2013 թ. թիվ 44 – 2014թ. թիվ 2-ում

Մարտի վերջերին նավավերանորոգման արտադրամասի աշխատանքները հիմնականում ավարտվեցին: Գործուղված մասնագետները վերադարձան իրենց զորամասերը: Կապիտան Ֆյոդորովը պաշտոնի բարձրացմամբ տեղափոխվեց Մոնղոլիա: Մեր վաշտը, որ բավականաչափ փոփոխվել էր, մնաց տեղում, ու ծովայինների զորանոցը հանձնելով, տեղավորվեց 12505-ի մեր հին զորանոցում: Հրամանատարի պաշտոնակատարը կապիտան Կորեյկոն էր: Նրա տրամադրությունը բարձրացել էր: Ֆյոդորովը չկար ու որոշումներն էլ ինքն էր կայացնում: Երևում էր, որ զբաղեցրած դիրքից մեծ բավականություն է ստանում: Երբեմն ծառայության էր գալիս դաշտային համազգեստով, որից ոչ ոք կայազորի տարածքում չէր հագնում: Նա պարզապես ցուցամոլ էր և ուզում էր մյուսներից առանձնանալ, ցուցադրել իր աթլետիկ կազմվածքը: Առավոտյան վերկացն ազդարարում ու ստորաբաժանումներին վազելու, մարզանք անելու էին հանում զորամասի և ստորաբաժանումների հերթապահները, բայց հիմա նա հայտնվում էր ցայգալույսին, հետևում էր վերկացին և վաշտը տանում վազելու: Ինքն էլ էր մեզ հետ վազում ու հընթացս կրկնում.

-Գլուխնե՛րդ, գլուխնե՛րդ, գլուխնե՛րդ, տղանե՛ր, գլուխներդ՝ բարձր, կրծքավանդակը, կրծքավանդակը, կրծքավանդակը՝ ազատ…:

Այս մարդը ամեն ինչ անում էր, որ իրեն չսիրեն: Թեեւ ինձ դուր էր գալիս առավոտյան վազքը ծովափին: Սիրում էի շնչել առավոտյան թարմ օդը, զգալ ծովի բույրը, որ ամեն օր տարբեր էր լինում, խաղաղ լուսաբացի մեջ լսել ճայերի ուրախ ճիչը, տեսնել նրանց ճոճքը ծովի ծփանքին…

♦♦♦

Հանկարծ նկատեցի, որ Նիզամին այլևս չի գնում վարչություն:

-Նրա ու Բորմանի միջեւ սև կատու է անցել,- երևույթը պարզաբանեց Արսեն Դավթյանը:

Ավելի ուշ բացահայտվեց ընդհարման պատճառը: Նիզամին շինանյութ էր վաճառել, փող աշխատել: Գործը բացահայտվել էր: Կատաղած Բորմանը կատարվածի մասին ցանկացել էր հայտնել զինվորական դատախազությանը, բայց նրա մտերիմ Կաստիլը համոզել էր, որ նման բան չանի, որպեսզի զորամասում կրկին արտակարգ դեպք չգրանցվի: Գործը կոծկել էին, բայց Բորմանը վռնդել էր Նիզամի Բայրամօղլիին, իսկ երբ զորամաս էր գալիս ու պատահմամբ աչքովն էր ընկնում, զայրացած գոռում էր, վրա տալիս.

-Բայրամօղլի, ես քո… տականք, ստոր, ապերախտ, դավաճան, գող, թուրք, հուդայի ծնունդ, չքվիր աչքիցս, էլ քեզ չտեսնեմ…

♦♦♦

Բալթյան նավատորմի գլխավոր վարչությունից եկած մասնագետները նորակառույց արտադրամասում բազմաթիվ սխալներ էին հայտնաբերել, դրանց մեծ մասը նախագծային էր: Մեր վաշտը նրանց իսկ ցուցումով հենց այդ թերություններն էր շտկում: Երբեմն ամբողջական պատեր էինք քանդում և ուրիշ տեղ շարում, սենյակների չափսերը փոխում: Նիզամին գործի չէր գալիս. կա՛մ մնում էր վաշտի հերթապահ, կա՛մ էլ Կորեյկոյից ազատական վերցնելով գնում էր Ռիգա: Ամեն անգամ վերադառնալիս տան համար ինչ – որ բան էր գնած լինում` մսաղաց, թեյնիկ, վարսահարդարիչ, մազերը խուզելու մեքենա, հագուստ, անկողնային պարագաներ… Մի անգամ էլ երկու տեսակի` էլեկտրական և ածուխով տաքացվող արդուկ էր գնել:

-Էս մեկը հասկացանք, իսկ սա՞ ինչու ես առել, սրա ժամանակները վաղուց անցել են,- ձեռքս առնելով ածուխով տաքացվողը, որը բավական ծանր էր, հարցրի նրան:

-Սարում պետք կգա, ամառները սար ենք գնում, – ասաց նա:

Ես էլ էի հաճախակի Ռիգա գնում, իհարկե` ոչ առևտրի: Գնում էի ուսումնական զորամաս, ընկերակցում էի այդտեղի խոհարար Աբելյան Խաչիկին, ու միասին գնում էինք շրջելու քաղաքի տեսարժան վայրերով: Խաչիկը մեր զորամասից էր, միասին էինք զորակոչվել: Կարանտինից հետո, երբ մեզ գործուղեցին Բալթիսկ, նրան ուղարկել էին ուսումնական զորամաս՝ ավտոկռունկավարի մասնագիտություն սովորելու: Այնտեղ էլ, իմանալով, որ նա հմուտ խոհարար է, փորձնական առաջարկել էին ճաշ եփել: Նա էլ տնավարի` տոմատով սոխով կարտոֆիլ էր տապակել: Դուրները շատ էր եկել և Խաչիկին ձևակերպել էին գործուղում մինչև ծառայության վերջը:

♦♦♦

Մայիս ամիսն էր, լրացել էր մեր ծառայության մեկուկես տարին: Աշնանը Օստրովից Ռիգա եկած մեր ընկերները դեռ հուսով էին, որ ամառը միասին կանցկացնենք, սակայն նրանցից շատերի բախտը չբերեց: Կալինինգրադի մարզում ինչ – որ շինարարություն էր սկսվել: Մեկնողների ցուցակում կար նաև Աբոյի անունը, բայց նա չէր ուզում գնալ: Նրա գնալը ոչ մեկիս ձեռնտու չէր: Նախ` չէինք ուզում իրարից կրկին բաժանվել, հետո էլ, եթե գնար, ձեռքներիցս բաց կթողնեինք շինարարական գործիքների պահեստը: Մտածեցինք` ինչ անենք, ու հիշեցինք ֆելդշերին: Գնացինք նրա մոտ.

-Բժի՛շկ, ո՞նց էր Նոր տարվա կոնյակը:

-Ընտի՛ր, շատ ընտի՛ր, դե~, դուք գիտեք, էլի:

-Բայց այն քեզ համար չէր, պարտքդ պիտի վերադարձնես:

-Ո՞նց…

-Ես չեմ գնալու Կալինինգրադ: Դրա համար ինձ հոսպիտալ ընկնել է պետք, առնվազն մեկ շաբաթով, – ասաց Աբոն ու միտքը պարզաբանեց: – Կեսգիշերին կասեմ, որ ինձ լավ չեմ զգում, դու կգաս, կստուգես, կասես` կույր աղիքն է, ու կտանես հոսպիտալ: Ֆելդշերը հավանեց Աբոյի ծրագիրը: Գիշերվա ժամը երկուսին Աբոն դերի մեջ մտավ:

-Մեռնու~մ եմ, մեռնու~մ …,- ոռնում էր մեկ հայերեն, մեկ ռուսերեն:

Կանչեցինք ֆելդշերին: Նա վազելով եկավ, «զննեց» ու հերթապահ Բոգդանովին զեկուցեց.

– Կույր աղիքն է, տանենք հոսպիտալ, հանկարծ մի բան չպատահի:

Կանչեցին շտապօգնության մեքենան: Ես ու Նորիկն էլ հետները գնացինք: Աբոն նույն ներկայացումը հոսպիտալում ցույց տվեց: Ֆելդշերը նրան լավ հրահանգավորել էր: Հենց բժիշկը մատներով շոշափում էր նրա աճուկը, Աբոն ոռնոցն ուժեղացնում էր:

-Անմիջապես տարե՛ք վիրահատարան,-մի լավ զննելուց հետո հրամայեց բժիշկը:

Երկու օր անց կապիտան Կորեյկոյի և ավագ լեյտենանտ Շպակի գլխավորությամբ զինվորների մի մեծ խումբ ուղևորվեց Կալինինգրադ, իսկ մի քանի օրից Աբոն, կողը բռնած, վերադարձավ հոսպիտալից:

♦♦♦

Արևոտ կիրակի էր: Ծովածոցում աշխատող «Ռակետա» մոտորանավակը մեծ արագությամբ սլանում էր դեպի կղզիներն ու վերադառնում: Անտառապատ կղզիների տարբեր կողմերից ծուխ էր բարձրանում, լսվում էին մարդկանց ուրախ ձայներ:

-Հը~մ, քեֆ – ուրախություն է, Լիգոն է, – կղզիների կողմը նայելով` ասաց Աբոն:

Նա անցած ամռանն էլ էր այստեղ եղել ու գիտեր, թե ինչ իրարանցում է:

-Լատիշների ազգային տոներից է, նվիրված է պտղաբերության ու բերքաբերության Յանիս աստծուն: Ամբողջ ազգով նշում են, ուտում-խմում, ուրախանում: Լիգոն ազատ սիրո տոն է, էսօր ո՛չ մարդն է կնոջը խանդում, ո՛չ էլ կնիկը` մարդուն: Ով ում ուզում, առաջարկություն է անում, մերժել չկա:

-Ծ՞իստ ես ասում, Աբո՛, – ոգևորվեց Նիզամին:

– Բա, հո չեմ խաբում, «սիրո օր» ասվածը հենց էս է:

Կես ժամ անց Նիզամին զգեստափոխված գնում էր:

-Էս ո՞ւր,-հարցրի:

-Քաղաք, պստիկ գործ կա, մի երկու զամից կգամ:

Կեսօրվա մոտ արագ – արագ, բադի պես աջ ու ձախ տրտնջալով, եկավ ենթասպա Բոգդանովը և Նորիկին կանչեց իր մոտ.

-Մուրադյան, գործ է բացվել, մի վագոն շեբին է եկել, մերը չի, բայց դատարկող չկա, խնդրել են, որ օգնենք: Տասը – տասնհինգ հոգով որ գնաք, ժամ – ժամուկեսվա գործ է:

Գնացինք, մինչև կեսօր շեբինը դատարկեցինք: Վերադառնալիս խանութ մտնելու համար մտանք բնակելի թաղամաս: Ճանապարհին հանդիպող աղջիկները ծիծաղում, խնդմնդում էին մեզ վրա, ռեպլիկներ բաց թողնում, մոտ – մոտ անում: Մեկ էլ միջին տարիքի երկու կանայք փեշները վեր քաշեցին.

– Եկե՛ք, ո՞ւր եք փախչում:

-Չնայել կանանց, հայացքները` ուղիղ, շարային քայլքով` արագ-արագ,-հրամայեց Նորիկը:

-Վախկոտնե~ր…

-Մի՛ ամաչեք, դեսն էկեք,-հետևներիցս կրքոտ ձայն էին տալիս գինովցած կանայք…Ենթարկվելով Նորիկի հրամաններին` առանց ետ նայելու հեռանում էինք: Երբ «վտանգավոր» թաղամասից ի վերջո դուրս եկանք, Դուբովը, որ մեզնից վեց ամիս ուշ էր զորակոչվել ու Տալլինի ինչ-որ զորամասից էր փոխադրվել մեզ մոտ, շարքի մեջ մոտեցավ Նորիկին.

-Մուրադյա՛ն,-ասաց նա,-էդ խի մեզ էդպես արագ փախցրիր, նայելու մեջ ինչ կա, ճիշտը որ ասենք, էնտեղ տեսնելու բան էլ չկա: Այստեղի աղջիկները շատ են չոր ու ցամաք, ոնց որ շորեր հագցրած ցախավել լինեն, վրաները կարգին տեսք էլ չկա` հաստաշուրթ, խոժոռ… այ ուրիշ են մերոնք` դալար, շարժուն, կրծքները… ա՛հ… ազդրերը` լիքը, տեսնում ես` խմբով գալիս են` ժպիտը դեմքներին, դոշները բաց, փեշերը` կարճ, ոտքները` ուղիղ ու երկար…իսկը սիրելու բան…: Մանավանդ՝ մատղաշները, որ իրենց ցույց տալու համար նոր-նոր են փողոց դուրս գալիս, մարդամեջ մտնում… ա՛հ, ինչ լավն են, Մուրադյան, չես պատկերացնի՝ մինչև չտեսնես…

-Դուբով, ազգանունդ ճիշտ էլ դրել են, հերիք է, դու այստեղի գեղեցկուհիներին չես տեսել:

-Մուրադյա՛ն, ճիշտ եմ ասում, մեր աղջիկների վրայից, աչքերից սեր է ճառագում, կաթում, իսկ լատիշուհիներին նայելիս մարդու մեջ ամեն ինչ կապ է ընկնում, Տալլինում էստոնուհիներն էլ էին էսպես բոյով, պեպենոտ ու հոտած: Քեզ խորհուրդ եմ տալիս զորացրվելիս մեր կողմերով տուն գնաս, հորս նամակ կգրեմ, քեզ կհյուրընկալեն:

-Եղավ, Դուբո՛վ, Կոստրոմայով կգնամ, հորդ էլ կասեմ, թե ինչ բութ արարած ես, իսկական կաղնու կոճղ:

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային


30/01/2014