Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԿԱՅՈՒՄ Է ՍՏՐԺԻԳՈՎՍԿԻՆ



Արվեստի ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, որն Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների, մասնավորապես ճարտարապետության հիանալի գիտակ էր, երկու անգամ (1889, 1915) եղել է Հայաստանում, ուսումնասիրել Մաստարայի, Արուճի, Մրենի եկեղեցիները, Անիի Մայր տաճարը, Հռիփսիմեն, այլ շինություններ եւ գրել «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» երկհատոր աշխատությունը։

«Մարդ ուզում է հավատալ,-գրում է նա հիշյալ աշխատության մեջ,-որ Հայաստանում 4-6-րդ դարերում պետք է որ այնպիսի հանճարեղ արվեստագետ-ճարտարապետներ ապրած լինեն, ինչպիսիք մեզ ծանոթ են մեծ Վերածննդի, բարոկկոյի ժամանակներից»։

Ուշագրավ է նաեւ նշանավոր գիտնականի հետեւյալ դիտարկումը. «Հռոմը, Բյուզանդիոնը, Բաղդադը ներգրավել են իրենց աշխարհակալության ուժերն ու ստեղծել են արվեստը։ Հայաստանը մնում է ինքն իրենով նախասահմանված եւ իր մայր հողից է վերցնում ուժն ու իր էության ինքնությունը, այնպես, ինչպես ժամանակին ասել է Հելլասը»։

Խորանալով հայկական ճարտարապետության գաղտնիքների մեջ՝ ավստրիացի գիտնականը հանգում է այն հիմնավոր եզրակացության, որ քառակուսի տարածությունը գմբեթով ծածկելու գաղափարը զարգացրել, կատարելության են հասցրել հայերը, դա համարել է ճարտարարվեստի գյուտ, որը մեծ ազդեցություն է գործել եվրոպական, մասնավորապես՝ իտալական ճարտարապետության վրա։ Իր «Քրիստոնեական եկեղեցու ծագումը» գրքում Ստրժիգովսկին գրում է. «Վերածննդի դարաշրջանում Իտալիային էր վիճակված ընդունել հայկական պարզ գմբեթի առավելությունը եւ նրան տեւական տեղ տալ եվրոպական ճարտարապետության մեջ»։

Ստրժիգովսկու այս դիտարկումը ճիշտ հասկանալու եւ գնահատելու համար հիշենք, որ Իտալական Վերածննդի ամբողջ սկզբնական շրջանը, ըստ պատմաբան-արվեստաբանների, բնորոշված է եղել հնի դեմ նրա անհաշտ պայքարով, անհագուրդ ծարավով՝ ազատագրվել նեղ, սխոլաստիկ մթնոլորտից, նրա սեւեռուն ձգտումով՝ վերադառնալ պարզ եւ ներդաշնակ ձեւերին, լույսին, արեւին։

Այդ հնարավորությունը, ուրեմն, իտալացիներին տալիս էր հայկական ճարտարապետությունը։ Եվ այդ պայմաններում առավել ցայտուն էր ընդգծվում բացասական վերաբերմունքը ճարտարապետական հին ոճերի նկատմամբ, եւ ավելի ակնհայտ էր դառնում հայկական ոճի գերակայությունն իտալական ճարտարապետության մեջ։ « Անիծյալ լինի այն մարդը, որ հնարել է գոթական ճարտարապետությունը,- ասել է նշանավոր ճարտարապետ Անտոնիո Ֆիլարետեն 1450 թվականին,- միայն բարբարոս մարդիկ կարող էին այդ ոճը ներմուծել Իտալիա»։

Ասվածի առումով ուշագրավ է հետեւյալ փաստը, որ Ստրժիգովսկին վկայակոչում է իր «Քրիստոնեական եկեղեցու ծագումը» գրքում։ Իտալական Ֆլորենցիա քաղաքի Մայր եկեղեցին, որ կառուցված էր գոթական ոճով, տասնյակ տարիներ մնացել էր անավարտ՝ ճարտարապետ Բրունելսկին պարզապես չէր գտնում նրա ծածկի կառուցման խնդրի ճիշտ լուծումը։ Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ ճարտարապետը դիմեց հայկական ոճին եւ շինության վրա դրեց գմբեթ։ «Երբ մարդ այդ եկեղեցուն նայում է ներսից եւ արեւելյան կողմից, կարող է մտածել, որ հայ ճարտարապետ է շինել այն»,□գրում է Ստրժիգովսկին։ Իտալացի նշանավոր ճարտարապետն իր այլ կառույցներում, մասնավորապես՝ Պացցիների հայտնի մատուռում նույնպես օգտագործեց այն ձեւերը, որոնք հատուկ են հայկական ճարտարապետական ոճին։

Ահա այսպիսի ազդեցություն է ունեցել հայոց հին ճարտարապետությունն իտալականի վրա, եւ դա մենք չենք վկայում, այլ եվրոպացի անաչառ գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկին։

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային


30/01/2014