Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՅԱՑՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ



Արևելագիտության ձեռքբերումները հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու ուղղությամբ ներդրած վաստակի համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով օրերս ՀՀ ԶՈւ տարեդարձի կապակցությամբ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Սերոբի Ասատրյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
Այս առիթով ներկայացնում ենք վերջինիս հետ մեր թղթակից, մայոր Գևորգ Ասատրյանի հարցազրույցը:

-Պարոն Ասատրյան, «Հայ զինվորը» միանում է շնորհավորանքներին և Ձեզ ազգային-հասարակական բեղուն գործունեություն և ստեղծագործական հաջողություններ ցանկանում: «Մարշալ Բաղրամյանը» ՀՀ ԶՈՒ ամենագնահատելի և սիրված մեդալներից է, որով սովորաբար վաստակաշատ զինվորականներն են պարգևատրվում…

-…Թող իմ խոսքը պաթետիկ չհնչի. ես ինձ միշտ համարել ու համարում եմ զինվոր և իմ ամբողջ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ զինվորական կանոնակարգով` ձգտել եմ լինել շիտակ, ուղղամիտ և կարգապահ, ապրել ու ապրում եմ համարյա զորանոցային կանոններով: Համենայն դեպս, այս պարգևը ինչ-որ տեղ օրինաչափ եմ համարում, շնորհակալ եմ և մեծապես շոյված: Գիտեք՝ հայրենիքը սիրելն ու հայրենիքին ծառայելը ինձ համար տևապես եղել է գործ և միայն գործ, և երբեք, անգամ երիտասարդ տարիներիս, տուրք չեմ տվել բարձրագոչ, ցուցադրական հայրենասիրական ճառասացությանը: Հայրենիքին կարելի է ծառայել ցանկացած ճակատում: Այնպես որ` իսկական գիտնականը, իմ խորին համոզմամբ, հենց զինվորն է, մանավանդ նման աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրների դեպքում: Եվ ամենակարևորը` ուրախ եմ, որ մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը մեծ տեղ է տալիս գիտությանը: Եվ այդպես էլ պետք է լինի. այսօրվա աշխարհում այն պաշտպանական համակարգերն են անխոցելի ու հաջողակ, որոնք շեշտը դնում են գիտության` հատուկ նշեմ` հիմնարար և հումանիտար, վերջին նվաճումների վրա, ու փորձում են առավելագույնս օգտագործել մարդկային մտքի ձեռքբերումները՝ ի շահ երկրի պաշտպանության…

Ինձ` որպես գիտության մարդու, հավատացե՛ք, մեծապես ուրախացնում է հենց այս հանգամանքը, քան պարգևատրվելու փաստն ինքնին… Ավելին` ես այս պարգևը համարում եմ առաջին հերթին մեր ամբիոնի բոլոր աշխատակիցների, իմ համախոհների ու աշակերտների համառ աշխատանքի գնահատականը:

-Գիտությունը` հասկանալի է, բարձրագույն տեխնոլոգիաներ և այլն, սակայն, կներեք, ի՞նչ կարող է տալ արևելագիտությունը` առաջին հայացքից զուտ տեսական հումանիտար մի բնագավառ…

-Ցավոք, մեզանում արևելագիտությունը շատերի համար, անգամ մտավորականության, առավելապես ընկալվում է որպես արևելյան որեւէ լեզվով խոսելու ունակություն: Իրականում, սակայն, այս գիտաճյուղը էզոթերիկ մի ոլորտ է` օժտված հզոր ներուժով և բազում հետաքրքիր կողմերով, որոնց մի զգալի մասը կարելի է ուղղակի կամ անուղղակի ծառայեցնել այս կամ այն երկրի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործին: Գոնե ես մշտապես զբաղվել եմ այս բնագավառի հենց այն ոլորտներով, որոնք անմիջական առնչություն ունեն մեր ազգային նկրտումների հետ… Իմ մտասևեռումների դաշտում են եղել միշտ և ամենուրեք մեր երկրի սահմանների ամրապնդմանն ու հայոց կենսատարածքների ընդարձակմանն ուղղված հայեցակարգային խնդիրները… Ու նաև մի կարևոր հանգամանք: Արևելագիտությունը իր բնույթով կայսերական գիտություն է՝ կայսերական գաղափարների հիմքի վրա ձևավորված, ինչը ես փորձում եմ ներդնել իմ աշակերտների գիտակցության մեջ: Ինչքան էլ փոքր լինի երկիրը, պետությունը, փոքրաքանակ` ժողովուրդը, միևնույն է, իր փաստացի տարածքները պաշտպանելու և պահպանելու համար պետք է ունենա կայսերական նկրտումներ: Միայն սահմանների պաշտպանվածության մասին հոգալը մեծապես հղի է մի օր այդ սահմանները կորցնելու վտանգով… Հասկանալի է՝ իմ ասածից, կարծում եմ, չի բխում, որ ես ծավալապաշտական քաղաքականության կոչ եմ անում, բայց վստահ եմ` մեր հայացքը հիմա և միշտ պետք է ուղղված լինի սահմանից այն կողմ: Ահա թե ինչու է այս մեդալն ինձ համար թանկ…

-Այո՛, մեր գիտությունը և առաջին հերթին՝ պատմագիտությունը, շատ բան ունի անելու, ապացուցելու, հատկապես, երբ մեր հարևան հանրապետությունում պատմություն են հորինում, սեփական կենսագրություն են մոգոնում, յուրացնում հարևանների անցյալը, պատմությունը, մշակույթը… Ի՞նչ եք կարծում՝ չե՞նք թերանում… Խոսքը, հասկանալի է, գիտամերձ «հարձակումների» մասին չէ, այլ լուրջ պատասխանի… Ճշմարիտ հայրենասիրությունը հաճախ շփոթվում է հայրենասիրական ճամարտակությունների, կենացի հետ… Ոմանք նույնիսկ այն կարծիքին են, որ սեպը սեպով պետք է հանել, այսինքն` մենք էլ նույն ձևով պետք է պատասխանենք իրենց…

-Այո՛, ոչ միայն պատմագիտությունը, այլև մեր հասարակագիտությունն ընդհանրապես շատ անելիքներ ունի: Ես արդեն հպանցիկ անդրադարձա այս հարցին և ձեր թերթում էլ քանիցս արտահայտվել եմ ու ասել, որ չի կարելի ինչ-ինչ, այսպես կոչված, ազգասիրական մղումներից ելնելով` աղավաղել գիտական, պատմական փաստերը, հատկապես, որ մենք դրա կարիքը բոլորովին չունենք… Դա ադրբեջանական պատմահասարակական «մտքի» առանձնահատկությունն է… Հիշե՛նք` պատմության կեղծումը այլասերում է ժողովրդի հոգեբանությունը, մտածողության մեջ պատիր ու սնանկ կարծրատիպեր է արմատավորում, բթացնում է ազգի զգոնությունը, վարակում է ինքնագոհության և ինքնաբավարարվածության մահացու թմբիրով, իսկ հեռանկարում` ազգային բարդույթներ, նյարդայնություն, լղոզված ինքնություն… Եվ հետո` նման հակագիտական արտադրանքը Ադրբեջանում, ըստ էության, հիմնականում ուղղված է ներքին շուկային… Հավատացեք ինձ, այդ գրվածքները միջազգային գիտական կենտրոններում լուրջ չեն ընկալվում… Եվ դա վաղուց հասկացել են Ադրբեջանում. նրանց նպատակը ժողովրդի համար սեփական ինքնության կերտումն է, ինչը, ես կասկած չունեմ, որևէ արդյունքի, այնուհանդերձ, չի բերելու: Փաստորեն, այսօրվա միջին ադրբեջանցու գլխում, ինչու ոչ` անգամ մտավորականի, միայն խճողված, խառնիճաղանջ մտատարրեր են իշխում` իր սեփական ինքնության, ով լինելու, արմատների, ներկայի ու ապագայի մասին: Ի վերջո, մի կողմ թողնելով ազգային փոքրամասնություններին` թալիշներին, թաթերին, լեզգիներին, ավարներին և այլն, հենց զուտ, այսպես կոչված, ադրբեջանցի ազգի ներկայացուցիչները ոչ թե միաձույլ ամբողջություն են կազմում, ինչպես, ասենք, հայերս, այլ` բազում կլանային, ցեղային, տարածքային ստորաբաժանումներ, որոնց նույնիսկ կարելի է սուբէթնիկ միավորներ կոչել: Եվ այդ միավորումների միջև այնպիսի անհաղթահարելի հակասություններ ու անհանդուրժողականություն գոյություն ունեն, որ հաճախ տեսանելի չեն նույնիսկ երկու թշնամի ազգերի միջև: Ժողովրդին միավորող որևէ հստակ, գիտականության ու ճշմարտության վրա հիմնված գաղափարախոսություն այսօր այդ երկրում գոյություն չունի: Այդ պետությունը, ինչպես բազմիցս եմ ասել, արհեստական կառույց է, ժողովուրդը` խառնիճաղանջ բազմություն կամ ամբոխ` առանց համախմբող Ազգային գաղափարի: Իսկ սա նշանակում է, որ նման պետությունը, վաղ թե ուշ, դատապարտված է մահվան:

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


30/01/2014