Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈԼՈՐՍ ԿՈՉՎԱԾ ԵՆՔ ՄԻ ԳՈՐԾԻ



Արդեն 4-րդ ամիսն է` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ եմ։ Ուսումնասիրում եմ ռազմական գործը, դառնալու եմ սպա և անցնելու եմ պայմանագրային զինծառայության։ Այստեղ առաջին անգամ ես հասկացա զինվորական օրհներգի խոսքերը, բազմիցս լսված երգն անգամ մի օր հայտնագործում ես։

«Ես մի ծիլն եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բազկի» խոսքերը նոր հնչեղություն ստացան ինձ համար։ Ուսումնական ռազմական հաստատություններում ու ծառայության վայրերում հայ երիտասարդն առաջին անգամ է բախվում «զինվորական պարտք» հասկացության հետ։

Ոազմագիտության դպրոցական դասընթացը, այնուամենայնիվ, տեսական է. ծառայության ընթացքում ես միայն հասկացա` ինչ ասել է հրաման։ Այստեղ հրամանը քննարկման նյութ չէ, այստեղ չկան իշխանամետներ և ընդդիմադիրներ, այստեղ պատրաստվում են հայրենիքի զինվորներ, բոլորս կոչված ենք մի գործի` հանուն Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա։

Ազատության և անկախության համար պայքարած մեր ժողովուրդը, որ պատմական հաղթանակ տարավ Արցախում, դաժան ձևով է հասկացել պատմության մեծ դասերից մեկը. «Ուժն է ծնում իրավունք»։

Հայոց բանակում ուժ ենք ձեռք բերում, որ իրավունք ունենանք հարատևելու, արարելու։ Զինվորական առաջին դասերից մեկն ինձ համար ամենակարևորն էր. հայոց բանակը հզորանում է ոչ թե պատերազմելու, այլ խաղաղ աշխատանքի համար, և որպեսզի հայ հողագործը կարողանա մշակել հողը, մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, պատերազմելու ունակ բանակ։

Ես շատ ընկերներ ունեմ. արդեն դպրոցական, համալսարանական ընկերներիս ավելացան մարտական ընկերներս, որոնց հետ ես պատրաստ եմ մեծ ուղի անցնելու։

Անդրանիկն ամեն օր գլուխը «քարե բարձին» դնելիս խորհում էր, թե ինչ է արել հայրենիքի համար և իր այդ պատգամը փոխանցել է մեզ։

Եվ մենք` ապագա սպաներս, ժամանակ ունենք հայրենիքի ապագայի մասին ոչ միայն խորհելու, այլև այդ ապագան լուսավոր ու պայծառ դարձնելու համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի կուրսանտ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Բանակ և հասարակություն


30/01/2014