Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԵՊՀ



Սեյրան Օհանյանը կարևորեց հասարակության աջակցությունը

ՀՀ զինված ուժերի 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 24-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, շնորհավորեց ներկաներին Բանակի օրվա կապակցությամբ եւ կարևորեց գիտելիքի դերը հաղթանակների հասնելու, մեր երկրի պատմության կերտման ճանապարհին:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ-ն զինված ուժերի գործընկերն է, ինչի համար շատ հպարտ են. «Թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների կազմից ունենք մի ակտիվ հատված, որը ներգրավված է ԶՈՒ հետ տարվող աշխատանքներում»:

Սեյրան Օհանյանն էլ կարեւորեց հասարակության աջակցությունը եւ նշեց, որ հանդիպումները հնարավորություն են տալիս ներկայացնելու հայկական բանակի մարտունակության աստիճանը, առաջընթացը, ինչպես նաեւ խնդիրներն ու թերությունները: Նախարարը խոսեց 2013 թ. բանակում իրականացված բարեփոխումների, նորամուծությունների, զորավարժությունների, զորակոչի, կենցաղային պայմանների, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, նաեւ մի քանի օր առաջ ադրբեջանական դիվերսիոն հարձակման մասին, պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին, եւ ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապն ամրապնդելու գործում ունեցած զգալի ավանդի համար պարգեւատրեց մի շարք ուսանողների եւ աշխատակիցների:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ զինված ուժերում ծառայություն անցնող ԵՊՀ երկու ուսանողներ` կրտսեր սերժանտ Ռաֆայել Հակոբյանը եւ շարքային Արթուր Մուրադյանը: Բանակի տոնին ընդառաջ նախարարը նրանց խրախուսեց 10-օրյա արձակուրդով՝ շնորհակալություն հայտնելով տղաներին գերազանց ծառայության համար:

Կրտսեր սերժանտ Ռաֆայել Հակոբյանը ծառայում է որպես մարտկոցի ականանետի հրամանատար: Սովորում էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում, սակայն որոշեց ուսումը շարունակել ծառայությունն ավարտելուց հետո. «Ազգային բանակի տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բանակի սպայական կազմին, ազատամարտիկներին, իմ զինվոր ընկերներին: Հպարտ եմ, որ ծառայում եմ տարածաշրջանի ամենահզոր բանակում, վստահեցնում եմ, որ հավատարիմ ենք մեր երդմանը եւ պատրաստ` ամեն վայրկյան խոցելու հայրենիքի սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարած թշնամուն»:

Արթուր Մուրադյանն ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ծառայում է Տավուշի մարզի զորամասերից մեկի ամենաբարդ հատվածում` որպես գնդացրորդ. «Շնորհավորում եմ դիրքապահ զինվորներին տոնի կապակցությամբ եւ հորդորում, որ զգոն լինեն, հիշեն` հայ ժողովրդի նվիրյալ զավակների՝ Մոնթեի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Պետրոս Ղեւոնդյանի գործի շարունակողներն են, վստահեն սեփական ուժերին եւ ամուր կանգնեն դիրքերում»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Ս. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Բանակ և հասարակություն


30/01/2014