Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՄԻՇՏ ՊԱՐՏԱԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԵՆՔ, ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԵՎ ՊԱՏԺՈՂԻ»:



Հունվարի 24-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփեց 2013թ. արդյունքները, նախանշեց 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները և գերակա խնդիրները:

ԲԱՆԱԿՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 32%-ՈՎ

Հետադարձ հայացք գցելով նախանշված խնդիրների կատարման ընթացքին՝ Սեյրան Օհանյանը նկատելի համարեց բանակային կյանքի մի շարք ոլորտներում ապահովված որակական առաջընթացը. «2013թ. բանակի համար հերթական ձեռքբերումների, հաղթանակների և երկրի պաշտպանունակության ամրապնդման տարի էր, քանի որ ևս մեկ տարի խաղաղություն ապահովեցինք հայ ժողովրդի համար: Բանակը ևս մեկ տարի գտնվելով պատերազմի մեջ, խրամատում, լարված նայելով հակառակորդի աչքերին, կատարեց իր մարտական խնդիրը և հակառակորդին ստիպեց զերծ մնալ ոտնձգություններից թե՛ ՀՀ տարածքում, թե Արցախում: Հակառակորդն անցած տարի հատկապես Տավուշի հատվածում մի քանի դիվերսիոն գործողություններ իրականացրեց, որոնց հետևանքով, դժբախտաբար, ունեցանք զինծառայողների կորուստներ: Ծանր է յուրաքանչյուրի կորուստը, սակայն հենց այս պահին էլ հպարտանում եմ բոլորի ծնողներով, որ հերոս զավակներ են լույս աշխարհ բերել, մեր հրամանատարներով, որ սովորեցնում են պատերազմի արվեստին տիրապետելու հմտությունները: Հակառակորդին մեր բոլոր մարդկային ծանր կորուստների համար հասցրեցինք մի քանի անգամ ավելի խիստ հակահարված»:

Լրագրողների խնդրանքով Սեյրան Օհանյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ նշեց, որ այն վերահսկելի է. «Կրակոցների մեծ մասը անկանոն է: Քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ՝ կրակոցներ լինելու են, եւ դրանց տրվելու է համարժեք պատասխան: Մենք առաջնագծում միշտ պարտադրողի դերում ենք, անհրաժեշտության դեպքում` նաեւ պատժողի»: Վերջին օրերի լարվածությունը նախարարը պայմանավորեց նաեւ ադրբեջանական օրացույցում ամրագրված, այսպես կոչված, «սև հունվարով»: «Միջազգային կառույցները պետք է համարժեք արձագանքեն այս ամենին, իսկ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի»: Սեյրան Օհանյանը բացառեց կրակի տեղափոխումն ավելի խորք, ինչը կնշանակի նախապայմաններ ստեղծել լայնածավալ մարտական գործողությունների համար, սակայն «եթե դրա ժամանակը գա, մենք դա կիրականացնենք»: Նախարարը նվազ հավանական համարեց ներկայումս մարտական գործողությունների վերսկսումը:

Ս.Օհանյանը նշեց, որ 2013թ. զգալիորեն բարձրացրել է զինված ուժերի մարտունակությունը եւ մատնանշեց տարվա ընթացքում անցկացված միջոցառումներից կարեւորագույնները. «2013թ. ընթացքում մենք շարունակել ենք մեր աշխատանքները մարտական հերթապահության ամրապնդման, ինժեներական աշխատանքների բարելավման, ՍՌՏ ձեռքբերման, թարմացման ու վերանորոգման, մարտավարական զորավարժությունների և մեր մարտունակության բարձրացման այլ գործընթացների շուրջ: Ուշադրության կենտրոնում էին համալրման գործընթացը, զորակոչի արդար և թափանցիկ անցկացումը»:

2013 թվականին մեծ ուշադրություն է դարձվել նաեւ կարգապահության հարցերին: Շուրջ 32%-ով նվազել են զինծառայողների կորուստները, արձանագրված մահացության դեպքերը ամենից քիչն են ազգային բանակի կազմավորումից ի վեր: Նախարարը նշեց, որ շարունակելու են զբաղվել դաստիարակչական աշխատանքներով` նպատակ ունենալով նվազագույնի հասցնելու միջանձնային հարաբերությունների հետևանքով ունեցած կորուստները. «Հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ մենք պետք է թռիչքային առաջընթաց ունենանք ազգային բանակի կատարելագործումն ապահովելու համար: 2014թ. հայտարարել եմ փողոցային բարքերի դեմ պայքարի տարի: Պետք է արմատախիլ անենք փողոցային բարքերը, չթողնենք, որ կեղծ արժեքները և դրանք կրողները դառնան մեր օրվա հերոսները, քանզի մենք ունենք իրական եւ ճշմարիտ արժեքներ ու հերոսներ: Այսօր քսանամյա հայ պատանին կյանքի գնով պաշտպանում է իր համածառայակիցներին նենգ հակառակորդից, պաշտպանում է մեզ համար ամենաթանկը` մեր հողը, մեր արդարությունը, հայրենիքի և իր նախնիների պատիվը»:

Առաջնահերթություններից է նաեւ ռազմաբժշկական ծառայության զարգացումը. «Նախորդ տարի եւ այս տարվա սկզբին ունեցել ենք ցավալի կորուստներ, որոնք հետեւանք են հիվանդությունների: Այդ կորուստների պատասխանատուն, այո՛, ռազմաբժշկական ծառայությունն է: Բայց պետք է ասեմ, որ բուժծառայությունը տեղում չի դոփում: Այս ոլորտում իրականացվել են կադրային փոփոխություններ, ընդունվել է զարգացման ծրագիր, լուծվել է հոսպիտալների` դեղորայքով ապահովման խնդիրը, նաեւ` բարելավվել են հիվանդանոցային պայմանները: Բացի այդ, տարվա ընթացքում կառուցվել ու վերակառուցվել են տասնյակ մեծ ու փոքր շինություններ. օրըստօրե բարելավվում են մեր զինվորների կենցաղային պայմանները, այսօր ավելի ու ավելի շատ զորանոցներում կառուցում ենք լոգարաններ, որպեսզի մեր զինվորները անհրաժեշտության դեպքում ամեն օր կարողանան լողանալ»:

Հեռահար եւ գերճշգրիտ սպառազինություն` հայոց բանակին

Նախարարն անդրադարձավ ռազմական համագործակցությանը և նշեց. «Մենք լուրջ դերակատարություն ունենք անվտանգության ապահովման գործում աշխարհի ամենատարբեր կետերում, մեր զինվորականները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում, շուտով խաղաղապահներ կուղարկենք նաև Լիբանան: Մեր գործընկերները բարձր են գնահատում մեր խաղաղարար կարողությունները»:

Նախարարը ճիշտ եւ բավարար գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ նշելով, որ եթե չլիներ նրանց գործունեությունը, ապա պատերազմից հետո հնարավոր չէր լինի ապահովել անգամ հարաբերական խաղաղություն: Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նախարարն ընդգծեց, որ վերջինիս ռազմական բաղադրիչի զարգացման հիմքում առաջին հերթին կանգնած է եղել Հայաստանը, որը, ընդհանուր տարածաշրջանային համակարգից կտրված լինելով, նաեւ այդ ուղղությամբ է ցանկանում անվտանգության երաշխիքներ ապահովել. «Մենք համապատասխան աշխատանք ենք իրականացնում, որպեսզի ՀԱՊԿ-ն ամբողջությամբ եւ իր հնարավորությունների սահմաններում ներառված լինի եւ աջակցի անվտանգության ապահովման գործընթացում»: Մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի Հանրապետության համագործակցությունը՝ պաշտպանության նախարարն ասաց. «Ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետությունը համապատասխան համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ: Կարծում եմ` ՆԱՏՕ-ի ղեկավարությունն այսօր էլ տարածաշրջանային հակամարտության խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում արկածախնդրություն չեն սիրում»:

Ամրապնդվել է նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակիցների հետ: Սեյրան Օհանյանը, անդրադառնալով առաջիկայում վավերացման պատրաստվող հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրին, ըստ որի՝ Հայաստանը կկարողանա զենք, զինամթերք գնել Ռուսաստանի ներքին սպառման գներով, ասաց. «Առաջին կարեւոր փաստաթուղթը, որը ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու հիմք է ստեղծում, ստորագրել ենք ես եւ ՌԴ պաշտպանության նախարարը 2010թ: Այն ենթադրում է նաեւ մեր մարտական կարողությունների ավելացում: Ինչ վերաբերում է նոր պայմանավորվածություններին, ապա դրանք թույլ կտան մեզ ոչ միայն ներքին գներով զինտեխնիկա ձեռք բերել, այլեւ ստեղծել համատեղ կազմակերպություններ երկու երկրներում»: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այսօր ուշադրության կենտրոնում է հատկապես հեռահար եւ գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերումը. «Մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են, եւ 2014 թվականին վերջնականապես ավարտին կհասցնենք հեռահար եւ գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը»:

Ինչ վերաբերում է սեփական ռազմական արդյունաբերության զարգացմանը, ապա, ինչպես նշեց նախարարը, այսօր ուսումնասիրվում է սեփական արտադրության զենքի սպառման շուկան. «Կարծում եմ` յուրաքանչյուր արտադրանք պետք է ունենա սպառման ոլորտ: Այժմ մենք իրականացնում ենք ուսումնասիրություն եւ երբ գտնենք համապատասխան սպառման ոլորտ, բացի մեր սեփական զինված ուժերի համալրումից, այդ դեպքում կընդլայնենք մեր ռազմական արտադրությունը»:

Անդրադարձ եղավ նաեւ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ հայրենիք վերադարձման բանակցային գործընթացին: Սեյրան Օհանյանն ասաց, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը մշտական հսկողության տակ է, սակայն պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս ավելի արագ եւ անվտանգ գործել:

Ասուլիսի ավարտին նախարարը լրագրողներին պարգեւատրեց մեդալներով ու նվերներով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/01/2014