Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը՝ ԲԱՆԱԿԻ ՕՐ



ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։

Երբ հայ ժողովուրդը տեւական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ։ Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։ Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը։

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը` պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար։ Այսօր մեր աչքի առջեւ նոր սերունդը շարունակում է մեր բանակի եւ զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռեւս ձեւավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին` մարտի դաշտում։

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը եւ ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում։ Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի եւ առանձին վերցրած` յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը։

Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, եւ առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին եւ իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ կյանքի գնով։ Նրանք դարձան օրինակ եւ չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը Երկրորդ աշխարհամարտի օրերին։ Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջեւ, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի։ Նրանք դեռ բանակ չէին եւ իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»` ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին։

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձեւավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում։ Իրավական ձեւակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին։ Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով եւ հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Հայոց բանակը ե՛ւ պատերազմի դաժան օրերին, ե՛ւ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է եւ ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետեւ սահմանին կանգնած է պատրաստված եւ գիտակից հայ զինվորականը։ Եվ կանգնելու է։ Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ։ Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է։

Հայաստանի զինված ուժերը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռեւս իրենց ձեւավորման պահին ասացին հակառակորդին եւ բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի։ Եվ մենք հաղթեցինք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ։ Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետեւ ունենք հուսալի պաշտպան` ի դեմս հայկական բանակի։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ բարօրություն։

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/01/2014