ՕԲԱՄԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ` ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները: Օբաման կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Այս մասին, ըստ tert.am- ի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սպիտակ տան մամլո գրասենյակի հաղորդմամբ` Օբամայի այցը նախատեսվում է մարտի վերջին՝ Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա այցից հետո:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ միջուկային ծրագրի շուրջ միջազգային «վեցնյակի» և Իսլամական Հանրապետության երկխոսությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Իրանի շիա իշխանությունների միջև հարաբերությունների վերահաստատմանը` ի վնաս Պարսից ծոցի շրջանում սուննիների միապետությունների հետ հարաբերությունների:
Բացի այդ` Սաուդյան Արաբիան գտնում է, որ Միացյալ Նահանգները բավարար աջակցություն չի ցուցաբերում սիրիական ընդդիմությանը, և այդ պատճառով էլ վերջինս չի կարողանում հաղթել նախագահ Բաշար ալ-Ասադի զինված ուժերին:
Խորագիր՝ Նորություններ