Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԷՐ ԿԵՐՏՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ



Ամանորի նախօրեն էր. զորքերին կոնֆետ ու մանդարին էին ուղարկում, բայց տխուր Նոր տարի եղավ: Թշնամին ճեղքեց հյուսիսարեւելյան ճակատը եւ, օգտվելով համատարած շփոթի պայմաններում ծայր առած ընդհանուր նահանջից, Օմարի լեռնանցքից իջավ ներքեւ: Շուտով գերված հետախույզի քարտեզը վկայեց, որ թշնամին մտադիր էր հարձակումը զարգացնել ե՛ւ Վարդենիսի, ե՛ւ Մարտակերտի ուղղություններով: Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձեւավորվեց միասնական հրամանատարություն (ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեսյան, Յուրի Խաչատուրով, Ֆելիքս Գզողյան, ղարաբաղյան ուղղության զորքերի ընդհանուր հրամանատար Վիտալի Բալասանյան), հստակեցվեցին բոլոր ստորաբաժանումների ենթակայությունն ու կատարելիք խնդիրները, եւ հունվարի երկրորդ կեսին իրավիճակը կայունացավ: Անցնելով ամուր պաշտպանության՝ հայկական ուժերը սկսեցին նախապատրաստվել առաջիկա հակահարձակմանը:

ԿԱՊ

Աննկարագրելիորեն դժվար էր ձյան ու սառնամանիքի պայմաններում չկայունացող ճակատում գծալարային կապ ապահովել, բայց մեր կապավորները հերոսական ջանքերով կատարեցին իրենց խնդիրը:
Սկզբում նույնքան դժվար էր եւ ռադիոկապի ապահովումը: Երկու նահանջների եւ ճակատ անընդհատ օգնական ուժերի ժամանման արդյունքում զորատեսակների ու հրաձգային ստորաբաժանումների հաճախականությունները խառնվել էին, կապավորները, իրար որոնելով, տարբեր հաճախականություններ էին մտնում ու վերջնականապես կորցնում միմյանց: Հատկապես առաջին ամենածանր օրերին նրանց անգնահատելի օգնություն ցույց տվեց Սերգեյ Աթաբեկյանը (Օձունի Սերգեյը), ում կայանքը թույլ էր տալիս արագորեն անցնել այդ տիրույթով ու գտնել բոլոր բաժանորդներին: Սակայն զինվորական կապավորներն արագորեն լուծեցին այս խնդիրը եւ ռադիոեթերը լրիվ կանոնավորվեց:
Հունվարի կեսին ճակատ գործուղվեցին այսօր փոխգնդապետ Հովհաննես Առաքելյանն ու Լեւոն Մաթեւոսյանը, որոնց պատրաստած ծածկագրերի բանալիներով գաղտնագրված կապ հաստատվեց գլխավոր շտաբի հետ:
Ռադիոկապով թշնամու խոսակցությունները հուշում էին, որ բարձրլեռնային՝ գրեթե 30 աստիճան սառնամանիքի պայմաններում սրանք այլեւս սառած, սոված ու բարոյալքված են: Բայց հակառակորդի հրամանատարությունը յուրայիններին կարողանում էր հմտորեն խաբել, թե հայերը շրջապատման օղակում սպառում են իրենց վերջին ուժերը: Եվ այն ժամանակ ՊԲ հրետանու կապի պետ Ալիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ ՌԷՊ միջոցներով խլացրել էին թշնամու բոլոր կայանքները, եթերում մնացել էր միայն ինքը եւ ընթերցել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության ուղերձը, որում մանրամասն շարադրված էր ամբողջ ճշմարտությունը: Դրանից հետո թշնամու կապի համակարգում լրիվ կազմալուծում էր, բոլորը հայհոյում էին հրամանատարությանը եւ միմյանց առաջարկում առանց զենքի ու տեխնիկայի հեռանալ:
Լեռնանցքի ազատագրման գործողության կապի կազմակերպման համար հարավարեւելյան ռազմաճակատից շտապ այստեղ ուղարկվեց գնդապետ Լեւոն Դոխոյանը, որին կապավորների վկայությամբ, այդ շաբաթներին վիճակված էր հսկայական աշխատանք կատարել: Իսկ հակահարձակման նախօրեին պետական նախարար Վազգեն Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խորհրդակցություն գումարեցին՝ վերջնականապես ճշտելով գործողության բոլոր մանրամասները եւ յուրաքանչյուրի անելիքը:
Հաջորդ առավոտյան սկսվեց լեռնանցքի ազատագրումը: Օմարի մարտերի ողջ ընթացքում հատկապես դժվար էր դյուրակիր Ռ-159 կայանքների աշխատանքի ապահովումը. մարտկոցները Վարդենիսում էին լիցքավորում եւ ուղարկում ճակատ: Հակահարձակման ժամանակ կապը հստակ գործեց. հրամանատարաշտաբային մեքենաները շարժվեցին հարձակվողների հետեւից, ու կապի խաթարում չեղավ: Այն օրերին կապի եւ ԱՀԿ վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Բալբաբյանը պատմում է, որ մթնելիս, երբ դեռ մարտական գործողությունները սովորականի պես չէին դադարել, ինքը զարմացած կապվել էր Յուրի Խաչատուրովի հետ, վերջինս, սակայն ասել էր, թե կանգ չեն առնելու, քանի որ ադրբեջանական զորքը խուճապահար նահանջում է: Իսկ ուշ գիշերին Խաչատուրովն ինքն էր կապվել ու հրամայել հաղորդել գլխավոր շտաբ՝ լեռնանցքը ազատագրված է:
Նահանջի ժամանակ մնալով շրջապատման մեջ՝ ՀՇՄ-ներից մեկի անձնակազմը կարծելով, թե ճակատի գիծը շուտ կվերականգնվի, չէր կատարել մեքենան պայթեցնելու հրամանը եւ միայն գաղտնագրված կապի բանալիներն էր վերցրել: Մեկ ամիս տիրելով այդ տարածքներին՝ թշնամին չէր գտել մեքենան, որը ազատագրումից հետո այն լրիվ սարքին վիճակում Ստեփանավանի կամավորներն էին գտել ու գործարկել:
Լեռնանցքի ազատագրումից հետո մեծաքանակ ռազմավար մնաց, նաեւ՝ կապի միջոցներ, որոնք բոլորը հանձնվեցին պաշտպանության բանակին: Ապա նոր ուժեր եկան՝ փոխարինելու հունվար-փետրվար ամիսների ծանր ու արյունոտ մարտերում թշնամու խոշոր հարձակումը կասեցրած, հյուծված զորքին: Եվ նվաճված բնագծերում, Լեւոն Դոխոյանի ղեկավարությամբ, սկսվեց գծալարային կապի ամբողջական համակարգի ստեղծումը:

ՀՐԵՏԱՆԻ

Նահանջի ժամանակ շրջապատման մեջ կռիվ տալով, զոհվել էր ականանետային դասակներից մեկի անձնակազմը, իսկ հրամանատարը ինքնասպան էր եղել: Գնդապետ Ներսես Մուրադյանը հիշում է, որ երկու «Գրադները» հասցրին Ջամիլլիի բարձունք, բայց ընդամենը 24 հրթիռ ունեին: Հաշվարկի հրամանատարը բարձր ձայնով երգում էր. «Մենք ենք ազգին ապավեն, …թուրքերի բալեն», ու համազարկային կրակի երկու կայանքները հատիկ-հատիկ կրակում էին վերջին հրթիռները: Դեկտեմբերի 28-ի ողջ գիշերը երկու հրանոթ խփում էր լեռնանցքին՝ արգելելով օգնական ուժերի մուտքը: Հունվարի 1-ին եկավ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ Վլադիմիր Հայրապետյանը, նա արդեն ոտքի էր հանել կենտրոնական ենթակայության հրետանին: Եվ կազմակերպեց զառիվեր ու ձյունածածկ ոլորաններով ծանր հրանոթների տեղափոխումն ու տեղակայումը, նահանջի ժամանակ չեզոք գոտում մնացած կայանքերի դուրսբերումը եւ ոչ մի հրետանային կայանք չմնաց թշնամուն:
Հատկապես սկզբում, երբ պարզ չէր, թե որտեղով է անցնում հակառակորդի հետ շփման գիծը, իսկ հրետանու դիտակետերը մնացել էին թշնամու թիկունքում, առավել քան դժվար էր կողմնորոշվել, բայց կենտրոնացված մեծաքանակ հրետանին շուտով «բարձրաձայն խոսեց»:
Հակահարձակման համար ձեւավորվեցին հարավային եւ արեւմտյան խմբավորումներն իրենց հրետանիով, իսկ ճակատի հրետանու պետը Վլադիմիր Հայրապետյանն էր: Լրիվ հստակեցվեցին բոլորի խնդիրները, համագործակցություն մշակվեց հետեւակի հրամանատարների հետ: Եվ հաջողությամբ զարգացնելով հակահարձակումը՝ շուտով հայկական ուժերը Յանշաղից քիչ վերեւ հանդիպեցին միմյանց: Փետրվարի լույս 18-ի գիշերը «Գեացինտները», Դ-20 հրանոթներն ու «Գրադները» չլռեցին: Գիշերային կրակի վարումն ունի իր առանձնահատկությունները, բայց հետեւակի ու հրետանավորների հստակ համագործակցության շնորհիվ հրետանու կրակը դիպուկ էր ու արդյունավետ: Թշնամին չէր սպասում, որ նման ուժեղ հարձակումը գիշերով էլ կշարունակվի եւ այն էլ՝ հրետանային նման աջակցության պայմաններում:
Խուճապահար նահանջող ադրբեջանական զորքերը բավականաչափ հրետանի թողեցին, անգամ լիցքավորված «Գրադ», խորհրդային ու թուրքական ականանետներ, ավելի ճիշտ՝ ամբողջ մարտկոցներ, կապի միջոցներ, քարշակներ…
Լեռնանցքի ազատագրումից հետո պաշտպանության կազմակերպման համար մեծ աշխատանք կատարվեց հրետանու վերատեղաբաշխման, նոր դիտակետերի տեղադրման ու հրետանային հետախուզության իրականացման ասպարեզներում:
Ցավոք, լեռնանցքի ազատագրման ուրախությունը նույն օրն էլ ստվերվեց հրետանային հետախուզության ժամանակ ականանետի արկի պայթյունից պաշտպանության բանակի հրետանային բրիգադի հրամանատար փոխգնդապետ Սամվել Սաֆարյանի ու ականանետային դիվիզիոնի հրամանատար մայոր Սուրեն Անտոնյանի զոհվելու տխուր լուրով:
Իսկ մարտի 4-ին, երբ հրետանային հզոր նախապատրաստությունից հետո թշնամին անցավ ուժեղ հարձակման, հրետանավորներից 4-ը ծանր վիրավորվեցին, ականանետի արկից զոհվեց մարտկոցի հրամանատար Գուրգեն Արշակյանը, որը դիտակետում վերցրել էր գնդացիրն ու կռվել մինչեւ վերջ: Նրան հետմահու շնորհվեց կապիտանի կոչում:

Շարունակելի

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Պատմության էջերից


24/03/2011