ՀԻՊՈԿՐԱՏԻ ՍԱՆԵՐԻ ՈԳՈՒ ԶԵՆՔԸ
Ձմռան այս ցուրտ օրերին սուր ալերգիայով (Կվինկեի այտուց) Բագրատաշենից Երևան տեղափոխվելիս հայտնվեցի Վանաձորի զինվորական հոսպիտալում:
Օրը կիրակի էր, ոչ աշխատանքային: Ընդունարանում մեզ դիմավորեցին հերթապահ բժշկուհի, բուժծառայության կապիտան Մետաքսյա Ավդալյանը, բուժքույր Աիդա Մատինյանը, հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը: Հերթապահ բժշկուհին հեռախոսով կապ հաստատեց ալերգոլոգ Գոհար Ստեփանյանի հետ: Նրանից ցուցումներ ստանալով` առաջին բուժօգնություն ցույց տվեցին ինձ և տեղափոխեցին հիվանդասենյակ: Նախքան անկողնում կտեղավորվեի, ներս մտավ բժշկուհի Ստեփանյանը` բարի ժպիտով: Հարցեր էր տալիս իմ հիվանդության մասին` պարզելու ալերգիայի պատճառը:
Բժշկուհու ջերմ ու կարեկից, հոգատար վերաբերմունքը ցրեց հիվանդասենյակի անհրապույր տեսքից ստացած տպավորությունս: Իսկապես Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժշկուհի է: Չորս օր հիվանդանոցում գտնվելու ընթացքում շփվեցի նաև այլ բժիշկների, բուժքույրերի հետ: Նույնպիսի բարի խոսքեր պետք է ասեմ բոլորի մասին: Ես տեսա մի կուռ, համերաշխ ընտանիք:
Իմ խորին հարգանքը, երախտագիտությունն եմ հայտնում նաև հոսպիտալի պետին` Գ. Մարտիրոսյանին: Ամեն լավ գործ լավ ղեկավարության արդյունք է:
Կարծում եմ՝ նման բարեխիղճ, բանիմաց բժիշկներով ու անձնակազմով ապահովված հիվանդանոցը կարիք ունի և արժանի է ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորանքի:
Ճիշտ է, բժիշկները սահմանապահ չեն, սակայն նրանք էլ իրենց չափազանց կարևոր ծառայությունն են կատարում թիկունքում: Նրանք թիկունքի մարտիկներ են:
Երախտիքի խոսք ունեմ ուղղելու նաև Երևանի կենտրոնական զինվորական հիվանդանոցի պետ, բուժծառայության մայոր Վ.Էլիզբարյանին: Ցանկացած դիմումի, խնդրանքի վերաբերվում է շատ բարյացակամորեն, պատրաստակամությամբ ու մեծահոգաբար:
Վանաձորից ինձ ուղեգրեցին Երևան` հետագա հետազոտության և բուժման: Նույն հոգատար և բանիմաց վերաբերմունքի ականատեսը եղա նաև այստեղ: Աշխատանքային օրվա վերջն էր: Ընդունարանի պետը զորավարժություններից նոր էր վերադարձել, բայց շտապեց ինձ մոտ: Հիվանդության պատմությունս կարդաց, ժպտաց ու կատակեց. «Էս ինչքան շատ հիվանդություններ ես հավաքել»: Ինձ թվաց` միանգամից առողջացա:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր հոգատար ու կարեկից բժիշկներին:
Բարի ցանկություններով` ԱՆԱՀԻՏ ԵԳԱՆՅԱՆ
կապիտան Վարդան Սարգսյանի մայր