ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 31-ին տոնական միջոցառում տեղի ունեցավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզում: Նախակրթական հաստատության սաները մեծարեցին հայրենի հողի պաշտպաններին, հանդես եկան երաժշտական համարներով, ասմունքով: Ինչպես իր խոսքում նշեց մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Ալեքսանյանը, հայրենասիրությունը պետք է դաստիարակվի դեռ մանուկ հասակից, եւ որ նման միջոցառումները կոչված են երեխաների հոգում սեր արթնացնելու սեփական երկրի, հող ու ջրի հանդեպ, հարգանք այդ հողը պաշտպանող զինվորի, բանակայինի հանդեպ:
Ավագ խմբերի սաները` ընդամենը 4-5 տարեկան տղեկներ, զինվորականներին վայել քայլերթ կատարեցին ու հանդես եկան զինվորական երգերի կատարմամբ: Նրանց չէին զիջում նաեւ աղջնակները: Մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Ալեքսանյանը, ոգեւորված իր սաների ելույթներով, ասաց. «Այսօր հայրենասիրության դաս է: Այս երեխաները մեր վաղվա պաշտպաններն են: Մանկապարտեզի շատ սաներ ժամանակին մասնակցել են Արցախյան հերոսամարտին, ստանձնել են մեր երկրի պաշտպանությունը, եւ մենք ուրախ ենք եւ հպարտ նրանցով: Այսօրվա սերունդն էլ ոչ մի բանով չի զիջի նախորդներին:»:
Մանկապարտեզի սաների շարքերում էր նաեւ ընտանյոք հանդերձ Սիրիայից Հայաստան գաղթած 5-ամյա Քրիստ Գանձապետյանը: «Քրիստը մեզ մոտ է եկել մեկ տարի առաջ: Նա տեսել է պատերազմի արհավիրքները: Ցերեկվա քնի ժամին բարձի տակ նույնիսկ խաղալիք ատրճանակ է պահում: Մեզ մոտ նա շրջապատված է հոգատարությամբ, եւ այսօրվա հանդեսը նրա համար հնարավորություն է զգալու, որ իր թիկունքին կա հայրենի պետություն, հայրենի բանակ: Եթե մի օր նա վերադառնա Սիրիա, ապա անկասկած երկար կհիշի այս օրը» – նշեց Մարգարիտա Ալեքսանյանը:
Միջոցառմանը հյուրընկալվել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 19-ին հակառակորդի դիվերսիոն հարձակման հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի դասախոս Նելլի Համբարձումյանը: Նա հպարտությամբ ու ցավով հիշեց իր սանին. «Միջադեպից մի քանի շաբաթ առաջ Արմեն Հովհաննիսյանը այցելեց քոլեջ: Եկել էր զինվորական համազգեստով: Այնքա՜ն ուրախ էր ու հպարտ: Մեծ ցավ է՝ գիտակցել, որ նա այլեւս չկա, որ այլեւս չի վերադառնա: Բայց դա նաեւ մեծ հպարտություն է: Փա՛ռք նրան եւ մեր զինվորներին»:
Թիվ 127 մանկապարտեզի դաստիարակներ Օվսաննա Գրիգորյանի, Դուխիկ Խաչինյանի եւ Իլիա Զալինյանի կազմակերպած այս միջոցառումը եւս մի ներդրում է բանակ – հասարակություն կապի ամրապնդման, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում հայրենասիրության ոգու դաստիարակման գործում:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուս.` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ