Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



1941թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը գերմանական ֆաշիզմի վերմախտը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու մասին խորհրդա-գերմանական պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու, գաղտագողի հարձակվեց ստեղծագործ խաղաղ աշխատանքով զբաղված Խորհրդային Միության վրա։ Սկսվեց 1418 օր ու գիշեր տևած արյունահեղ Հայրենական մեծ պատերազմը, որը միայն մեր հանրապետությունից խլեց մոտ 600 հազար մարդու կյանք, որոնց թվում նաև սևանցիներ։ Դեռևս նոր կազմավորված այս փոքրիկ շրջանից ռազմի դաշտ մեկնեցին ավելի քան 4000 մարտիկներ (49 կանայք), որոնք քաջաբար պայքարեցին գերմանական ֆաշիզմի դեմ և բարձր պահեցին խորհրդային զինվորի պատիվն ու հեղինակությունը, հազարավոր անմոռաց հերոսական էջեր գրեցին Հայրենական մեծ պատերազմի քառամյա տարեգրության ոսկե էջերում։

Սկիզբը՝ նախորդ համարներում

1942թ. սկզբներին Ս. Մկրտչյանը նշանակվեց 118-րդ առանձին տանկային բրիգադի գումարտակի հրամանատար, միաժամանակ նրան շնորհվեց մայորի զինվորական կոչում։ Սկսվեցին խորհրդային բանակի հարձակողական մարտերը։ Նրա գումարտակն ակտիվորեն մասնակցեց Բելառուսի, Լատվիայի և Լիտվայի ազատագրության համար մղվող մարտերին։ 208-րդ հրետանային բրիգադի նախկին հրամանատար, գնդապետ Սախարովը այսպես է բնութագրում մայոր Մկրտչյանին. «1945թ. մարտի 8-ից 10-ը հունգարական Սելեշ-Բալխաշ, Դեգ գյուղերի համար մղված մարտերում Ս. Մկրտչյանն իր գումարտակով ապահովել է ամբողջ գնդի մարտական գործողությունների հաջող ընթացքը։ Մարտի նույնիսկ ամենադժվարին պահերին նա ընդունում էր համարձակ որոշումներ և կենսագործում դրանք»։ Այս հերոսական գործողությունների համար գնդի հրամանատար Ս. Մկրտչյանը պարգևատրվում է Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։

Շուտով Ս. Մկրտչյանը նշանակվեց 208-րդ ինքնագնաց հետևակային բրիգադի շտաբի պետ։ Չեխոսլովակիայում ծավալված մարտերից մեկի ժամանակ բրիգադի հրամանատարը զոհվեց։ Դժվարին պահին բրիգադի հրամանատար նշանակվեց փոխգնդապես Ս. Մկրտչյանը և գրոհի տարավ իր արծիվներին։ Պրահայի ազատագրության մարտերում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և բրիգադի հմուտ ղեկավարման գործում ցուցաբերած անօրինակ խիզախության համար Ս. Մկրտչյանը պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով և Չեխոսլովակիայի կառավարության կողմից արժանանում Պրահայի պատվավոր քաղաքացու կոչման, որտեղ էլ նա իմացավ այնքան բաղձալի մեծ հաղթանակի լուրը։ Սակայն պատերազմը Ս. Մկրտչյանի համար դրանով չավարտվեց։

1945թ. հուլիսին նրա հրամանատարության տակ գտնվող 208-րդ հրետանային բրիգադը 6-րդ տանկային բանակի կազմում ուղարկվեց Հեռավոր Արևելք՝ ճապոնական զավթիչների դեմ պայքարելու։ Հյուսիսային Չինաստանի Խայչար, Չան-Չուն, Մուկդեն, Պորտ-Արտուր քաղաքների և Մանջուրիայի ազատագրության մարտերին ակտիվ մասնակցելու համար գվարդիայի փոխգնդապետ Սոս Մկրտչյանը պարգևատրվում է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Հայ ժողովրդի քաջարի զավակ Ս. Մկրտչյանի ծառայությունները բարձր է գնահատել կառավարությունը. նրան շնորհվել է գնդապետի կոչում, հերոսի կուրծքը զարդարում էին Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Հայրենական մեծ պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանները և 25-ից ավելի մեդալներ, որոնցից 3-ը Չեխոսլովակիայի կառավարության կողմից։

♦♦♦

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, սևանցի Սիմոն Մնացականյանը ռազմի դաշտ ուղարկեց իր սիրասուն ութ որդիներին՝ Հակոբին, Արշալույսին, Աշոտին, Հայրապետին, Կարապետին, Միքայելին, Գառնիկին ու Սերյոժային։ Նրանք բոլորն էլ քաջաբար կռվեցին հիտլերյան զավթիչների դեմ և բարձր պահեցին հայ զինվորի պատիվն ու անունը։ Ինժեներ Սերգեյ Մնացականյանը և լեյտենանտ Գառնիկ Մնացականյանը 1941թ. հերոսի մահով ընկան Մոսկվայի և Կիևի համար մղված արյունահեղ մարտերում։ Նրանց համար վրեժխնդիր եղան Մնացականյան մյուս եղբայրները, որոնք տարբեր ռազմաճակատներում խիզախության ու քաջության անմոռաց օրինակներ ցուցաբերեցին։

Ավագ եղբայրը՝ Հակոբ Մնացականյանը, 1942-47թթ. ծառայել է Հյուսիսկովկասյան ռազմաճակատի, ապա խորհրդային զորքերի Հարավային խմբավորման հակահետախուզությունում։ 1946թ. նրան շնորհվել է գնդապետի կոչում։ Հ. Մնացականյանի կուրծքը զարդարում էին Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշանները, շուրջ 2 տասնյակ մեդալները։ Նա երկու անգամ արժանացել է պատվավոր չեկիստի կոչման։

Ութ եղբայրներից հաջորդը Արշալույսն էր, նա ավելի քան 30 տարի ծառայեց խորհրդային բանակում, ստացավ գնդապետի կոչում։ Նրանք բոլորն էլ ակտիվորեն մասնակցեցին հող հայրենին ֆաշիստական հորդաներից ազատելու հայրենանվեր գործին։

Շարունակելի

ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Պատերազմի և աշխատանքի վետերանների Սևանի համայնքային
խորհրդի նախագահ

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Պատմության էջերից


06/02/2014