ՆԻԶԱՄԻՆ
ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ
Սկիզբը` 2013 թ. թիվ 44 – 2014թ. թիվ 3-ում
Այդ օրը Նիզամին ուշ եկավ, արդեն պատրաստվում էինք քնելու: Եկավ ու գնաց դեպի իր անկողինը:
-Տեսա՞ք,-ասաց Վարդանը։
-Ի՞նչը,- իմիջիայլոց արձագանքեց Աբոն։
-Չտեսաք, դեմքը ոնց որ արնոտ լիներ:- Մոտեցանք, իրոք, ուռած ու կախ շրթունքին արյան հետքեր կային:
-Ո՞վ է խփել,-հարցրի:
Չպատասխանեց, չէր ուզում խոսել, իսկ երբ շատ հարցուփորձ արեցինք, չդիմացավ, պոռթկաց:
-Մեղավորը դո՛ւ ես, ազատ սիրո օ՜ր, ցեմ իմանում էլ ի՜նց,- հերսոտած վրա տվեց Աբոյին:
-Մի կարգին բան ասա, հասկանանք՝ ինչն ինչոց ա, չնայած էսենց էլ է երևում, թե ինչ էս արել,-ձայնը բարձրացրեց Աբոն:
Պարզվեց՝ քաղաքում գեղեցիկ աղջիկների է հանդիպել, սկսել է մեկին կապել… որ համոզի, հետը տանի: Սկզբից աղջիկը հետը սիրալիր է վարվել, խոսել է, ծիծաղել, բայց հանկարծ մեքենայով երեք անծանոթ տղաներ են հայտնվել, ու աղջիկը նրանց տեսնելով, հրել է Նիզամիին: Դրանից էլ դրդված՝ տղաները թափվել ու մի լավ լխկել են Նիզամիին։
-Հսկա եզների պես էին, ցկարացի բան անեմ,- խոստովանեց լացակումած:
-Տո, շատ էլ լավ են արել, քեզ էդ էլ է քիչ,- պորտը տեղը դրեց Աբոն:
♦♦♦
Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Կոնստանտինովը, որ դեռ Ռիգայում էր ու մեկ-մեկ զորամաս էր գալիս, մայիսի կեսերին մեզ ներկայացրեց վաշտի նոր հրամանատարին՝ կապիտան Ռոդիոնովին, ու իր հետ տանելով Կորեյկոյին, կրտսեր սերժանտներ Արսեն Դավթյանին, Գագիկ և Նորիկ Մուրադյաններին՝ ուղևորվեց Կալինինգրադ: Այդ օրերին Օստրովից ժամանեց երիտասարդ զինվորների նոր համալրումը` քսանհինգ ադրբեջանցի, տասնհինգ ռուս:
Կապիտան Ռոդիոնովը կարճահասակ մարդ էր, երեսունվեց տարեկան, սիրում էր խոսել, պատմել իր գլխով անցածի մասին: Զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ինքը ռազմական օդաչու է, ծառայել է Հեռավոր Արևելքում, ավիացիայից հեռացվել է հարբեցողության համար: Երբ հարցրի, թե հիմա՞ էլ է շատ խմում, ինքնագոհ պատասխանեց.
– Իհարկե, կինն ու գինին ինձ համար անգնահատելի արժեքներ են, բաա՜յց,- մատը վեր տնկելով ծոր տվեց խորամանկ,- մակարդակ պետք է լինի: Ես ո՛չ էժանագին պորտվեյն կամ ադրբեջանական գինի եմ խմում, ո՛չ էլ երեք ռուբլիանոցների հետ եմ հանդիպում: Այս հարցում՝ առնվազն հինգաստղանի հյուրանոց, դու գիտե՞ս՝ ինչ բան է հինգաստղանի հյուրանոցը, չգիտե՞ս, որտեղից իմանաս, դա՜… ոնց ասեմ… դա ճոխություն է, անկողինը, սավանները մաքո՜ւր, մաքո՛ւր՝ նուրբ մետաքսյա, վարագույրները` երկշերտ, ծանր ու թեթև, երաժշտությունը` մե՜ղմ-մեղրածոր, իհարկե՝ դասական, ժամանակակից ղժղժոցն ազդում է նյարդերիս վրա, պետք է լինի օղի՝ անպայման լեհական կամ ֆիննական, կոնյակներից ձերն եմ նախընտրում, իսկ վերջում` սառը շամպայն՝ կիսաչոր: Մթնոլորտ է պետք, մթնոլորտ, և իհարկե՝ համապատասխան տրամադրություն: Երբ հարցրի, թե ինչ ինքնաթիռով է թռել, գլուխն ու ձեռքերը դանդաղ վեր բարձրացրեց, մի ակնթարթ լռեց ու ասաց.
-Իհարկե, ՄԻԳ-29 -ով: Ինչ է, դու կարծում ես, որ շինարարական զորամաս եմ եկել, ուրեմն՝ սուտի-մուտի օդաչո՞ւ եմ, հա՛, եթե ուզենայի, կգնայի թոշակի, պահեստազոր, իմ ստաժը բավականացնում է:
Քիչ լռեց ու շարունակեց:
-Վարժական թռիչք էի կատարում օվկիանոսի վրա, մեկ էլ տեսնեմ՝ ամերիկացիները Ֆ-16-ով, երկուսն էին, մոտեցան ու սկսեցին ձեռք առնել, սպառնալ, ես էլ այսպես` երեք մատի գործողություն ցույց տվի, նրանք սպառնալիքներն ուժեղացրին, դե, ձեր…, ասացի, և ինքնաթիռը կողքի թեքելով՝ ցույց տվեցի տակի երկու հրթիռները: Ձեռքերով հասկացրին, որ ինձ հետ գործ չունեն ու ճողոպրեցին:
Ժամանակը ցույց տվեց, որ Ռոդիոնովը ոչ միայն կարգապահ սպա չէր, այլև՝ լոթի գլուխգովան: Պատահում էր՝ օրերով անհայտանում էր կամ էլ առավոտներն էր երևում ու էլի չքվում: Մեկ-մեկ էլ գալիս էր՝ դեմքին կապտուկներ ու սկսում էր պատմել, թե ինչ տուրուդմփոցի մեջ է ընկել: Նիզամին շատ շուտ շահեց նրա վստահությունը, հետը ախպերացավ: Վաշտը տանում էր աշխատանքի, թուրքմենների հետ շարային պարապմունք էր անցկացնում, իսկ ցերեկը կա՛մ քնում էր, կա՛մ էլ գնում էր քաղաք:
♦♦♦
Նորիկից հետո ինձ նշանակեցին ջոկի հրամանատար, Սոսն ու Վարդանն էլ նորակոչիկներից և հիմնականում թուրքմեններից կազմավորված ջոկերի հրամանատարներ էին, Ալբերտը դարձյալ շինգործիքների պահեստապետ մնաց: Նավավերանորոգման արտադրամասի թերությունները միայն իմ ջոկն էր շտկում, մյուսները տարբեր առաջադրանքներ էին կատարում նույն գործարանի տարածքում կառուցվող նոր նավամատույցի տարածքում: Քանի որ Կալինինգրադից եկած մասնագետներն արտադրամասում ինչ-որ սարքավորումներ էին տեղադրում, իմ ջոկին տեղափոխել էին գիշերային հերթափոխի: Աշխատանքի էինք գնում ընթրիքից հետո: Լինում էին դժվարին, ռիսկային առաջադրանքներ, որոնք ինքս էի անում։ Մեկ շաբաթվա համատեղ աշխատանքի ընթացքում թուրքմենների ու նորակոչիկ ադրբեջանցիների հարաբերությունները խիստ սրվեցին, գործի տեղը նույնիսկ ծեծկռտուք էին արել. երբ հարցրի, թե ի՞նչն է եղել կռվի պատճառը, դժվարացան պատասխանել:
-Իրար հետ թուրքերեն են խոսում, հայհոյանքներից բացի, ուրիշ ոչինչ չենք հասկանում,-ասաց Վարդանը:
Երեկոյան խոսեցի Նիզամիի հետ…
-Կռվում են, թող կռվեն, ես դրանց…. Դրանք ինձ ինց հայրենակից, հանեմ դուս, սաղ գիսեր սարային քայլացնեմ…
Ասածն արեց:
Ընթրիքից հետո երկու ժամից ավելի՝ գրեթե մինչև քուն, նրանց հետ շարային պարապմունք անցկացրեց: Դրանից հետո այլևս չթողեցի, որ նա խառնվի նորակոչիկների գործերին, չնայած որ հակամարտությունը նրանց և թուրքմենների միջև գնալով խորանում էր: Ամեն անգամ, երբ սկսում էին վիճաբանել, ես ձայնս բարձրացնում էի, սսկվում էին: Թուրքմենները խոսքս գետնով չէին տալիս, ադրբեջանցիներն էլ ինձ ընդունում էին որպես իրենց պաշտպանի: Վերջիններիս մեջ երկու զույգ երկվորյակ եղբայրներ կային` Իսմայիլովներն ու Մամեդովները: Մամեդովներից մեկը, որ բարձրահասակ էր ու ֆիզիկական լավ տվյալներ ուներ, նաև կարողանում էր մարդկանց հետ շփվել, հարաբերություններ հաստատել և ինձ հետ մտերմացել էր: Աբոն, որ արդեն լավ տնտղել էր ադրբեջանցիներին, ասում էր, որ նրանցից միայն յոթ-ութն են ադրբեջանցի, մյուսները թալիշներ են: Ես լավ չէի պատկերացնում ու առանձնապես էլ չէի կարևորում, թե թալիշն ու ադրբեջանցին ինչով են իրարից տարբերվում։ Աբոն, որ հաճախ էր ասում, թե հայրը Դաշտային Ղարաբաղից է, այդ ամենը լավ էր պատկերացնում ու ձգտում էր ինձ լուսավորել.
-Էդ Իսմայիլովները Միրբաշիրի շրջանից են, նրանք ադրբեջանցի են կամ թուրք. ավելի ճիշտ՝ թուրք, որովհետև ադրբեջանցի ազգ գոյություն չունի: Դու կարդացած տղա ես ու լավ գիտես, թե Լենինը ոնց է չեղած տեղից էդ հանրապետությունն ստեղծել, իսկ էն մյուսները՝ քո ընկեր Մամեդովները, Լենքորանից են: Նրանք հին ժողովուրդ են, թուրքերի պես եկվոր չեն, տեղաբնիկ են, մշակույթով ավելի շատ պարսիկներին են մոտիկ, ասեմ, կարգին ազգ են: Չե՞ս զգում, որ նրանց ջուրը մի առվով չի հոսում։ Կարծում ես Նիզամին չգիտի՞ էդ ամենը, ինձնից էլ լավ գիտի, դրա համար էլ նրանց որպես հայրենակից չի ընդունում ու տեր չի կանգնում: Քեզ մի բան էլ ասեմ. Էդ թալիշներին Ադրբեջանի ղեկավարությունն էլ չի սիրում, ուզում է թուրքացնել:
Թուրքմենների ու նորակոչիկների հակամարտությունը, ի վերջո, պայթեց: Կիրակի էր. ես, Աբոն, Վարդանն ու Սոսը գնացել էինք ծովայինների տեխնիկական գումարտակում ծառայող միակ հային` արարատցի Լեւոն Խաչատրյանին տեսնելու, երբ իմացանք, որ մեր զորանոցում կռիվ է: Վազքով հասանք զորանոց: Կռիվը շարունակվում էր, թուրքմենները շատ էին, մեր վաշտի տղերքին օգնության էին եկել տեղի զորամասի հայրենակիցները: Նորակոչիկները դիմադրում էին անձնազոհ: Միանգամից խառնվեցինք ու հրելով, քաշքշելով սկսեցինք մի կերպ բաժանել: Մեզ օգնության եկան Խաչիկը, Հովիկը, Սահակը, Արայիկը, Աղամը՝ գումարտակների ռուս ու լիտվացի տղաների հետ միասին և միացյալ ուժերով կարողացանք կողմերին հանդարտեցնել:
Ճաշից հետո տեսա, որ Մամեդով եղբայրները սանհանգույց են կանչել Իսմայիլովներին և մյուս թուրքերին: Վերջիններս գլուխները կախ լսում էին բարձրահասակ և ուժեղ Մամեդովին, որը բորբոքված խոսելով ու հայհոյելով մերթ ընդ մերթ ցուցամատի ծայրով խփում էր թուրքերի ճակատներին: Ավելի ուշ, երբ նրան կանչեցի մոտս, ասաց.
-Ցռանների մեկն են, մենք իրենց թասիբն ենք պահում, իրենց համար ոհմակի դեմ ենք դուրս գալիս, իսկ նրանք փախչում են, ես դրանց վախկոտ…
-Ինչ է, իրենք չէի՞ն կռվում,- հարցրի։
-Չէ, փախել էին, զգացին, որ կռիվն անխուսափելի է, աննկատ ցանվեցին: Ռուսների չափ էլ չկան, մարդիկ կանգնեցին ու կռվեցին:
Երբ երեկոյան Նիզամին քաղաքից եկավ ու իմացավ, որ մեծ կռիվ է եղել, ասաց.
-Ես դրանց մայրիկը… հանեմ, սաղ գիսեր շարային անեմ…
– Նիզամի՛, եթե նման բան անես, իմացի՛ր, արդեն ես ու դու ենք կռվելու,-սպառնացի նրան, ու հարցը դրանով փակվեց:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Հոգևոր-մշակութային