ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՎԱԿԸ
Այս պատմությունը գրի եմ առել հնագետ, պատմաբան, լրագրող, հարգարժան Մերի Քեշիշյանից, որը մինչ օրս ջերմ հարաբերություններ է պահպանում Ջավախյան ընտանիքի հետ: Մերիին էլ այս պատմությունը պատմել է ընտանիքի հայրը` Վլադիմիր Ջավախյանը` անչափ կիրթ, հարգված մի անձնավորություն: Պատմել է իր սիրելի տիկնոջ՝ Լիդայի մահից հետո: Իսկ տիկին Լիդան իրենց միակ որդու` Արմենի զոհվելուց հետո գամվել է անկողնուն:
– Ամեն անգամ,- վերհիշում է Մերին,- երբ այցելում էի նրան, միշտ նույն հարցն էր տալիս. «Մերի՛, ե՞րբ ենք գնալու Եռաբլուր, Մերի՛, ես ոտքի կկանգնե՞մ, Մերի ջան, ո՞ր շորը հագնեմ, որ գնամ Արմենիս տեսության»:
Ու երբ հոգնատանջ, ուժասպառ գլուխը բարձին էր դնում, կամացուկ ինձ հարցնում էր. «Մերի ջան, ե՞րբ ես եղել Եռաբլուրում, Արմենիս ա՞ջ, թե ձախ կողմի վարդերն էին բացվել»:
Այսպես ամեն անգամ: Պիտի ասեմ, որ Արմենը այս ընտանիքի միակ երեխան էր: Ծնողները երկար տարիներ մնացել էին անժառանգ, և սերը, ամենազոր սերը նրանց միասին էր պահել մինչ խոր ծերություն, ու այդ տարիներին ոչ ոք չէր զգացել, որ Արմենը նրանց որդեգիրն է: Արմենը գիտեր, սակայն ոչ մի անգամ չխոսեց այդ մասին…
Եվ տիկին Լիդայի մահից հետո ահա թե ինչ պատմեց Վլադիկ հայրիկը.
«Արցախյան ազատամարտի տարիներին մի անգամ մետրոյում Արմենս հանդիպում է իր դասընկերոջը` Թորոս Խալափյանին (այժմ պահեստազորի փոխգնդապետ)»: Իմանում է, որ Թորոսը պատրաստվում է ռազմադաշտ մեկնել, խնդրում է, որ իրեն էլ հետը վերցնի: Թորոսը չի համաձայնում, փորձում է առարկել.
– Արմե՛ն, դու ծնողներիդ միակ զավակն ես, նրանց համար դժվար կլինի:
– Կտեսնես, որ կգամ,-բաժանումին այսպես է ասում Արմենը:
Հաջորդ օրը Թորոսը գալիս է նրանց տուն: Տանը միայն Լիդա մայրն է լինում, որին էլ պատմում է իր և Արմենի հանդիպման մասին. «Ես երեք եղբայր ունեմ, Աստված չանի, որ մեկս զոհվի… Ձերը միակն է` հետ պահեք» ,- խնդրում է դասընկերը:
Կինն այս մասին արցունքն աչքերին պատմում է ամուսնուն և աղերսում, խնդրում, որ ամեն գնով պետք է որդուն հետ պահել պատերազմից: Ծնողները զգուշորեն են մոտենում իրենց հուզող հարցին, փորձում են հեռվից մոտենալ: Սակայն Արմենը, օգտվելով իրադրությունից, խոսք է բացում իրեն տանջող հարցի մասին, ասում է. «Կամավոր եմ գրվել, գնալու եմ Արցախը պաշտպանելու»: Ծնողները կարկամում են: Հետո փորձում են ամեն կերպ համոզել, որ որդին հետ կանգնի իր որոշումից, սակայն Արմենը անդրդվելի էր:
– Եվ այստեղ ես շատ խստորեն ասացի,- Արմենի զոհվելուց հետո կորցնելով նաև կնոջը խոստովանում է Վլադիկ հայրը,-քո հայրենիքը Լոռին է, թուրքը Լոռի չի մտել, դու ի՞նչ գործ ունես Արցախում:
Իմ այս խոսքերից հետո ես երբեք չեմ մոռանա Արմենի հայացքը: Մի պահ լռություն տիրեց, ապա խոսեց Արմենը. «Իսկ դրսում բոլորն ասում են՝ իմ ծնողները, դու՝ հայրիկ, օրինավոր, հայրենասեր մարդիկ եք, օրինակելի մարդիկ, ու պարզվում է, որ մեր հայրենիքը միայն Լոռին է: Իսկ ես կասեի, որ մեր հայրենիքը Լոռին է, Արցախն է, Սյունիքն է` ողջ Հայաստան աշխարհն է, և ես գնում եմ իմ Հայաստան աշխարհը պաշտպանելու»:
Այսպես ասաց Արմենը, և մեր տանը կատարյալ լռություն տիրեց: Ես և կինս ամոթից պապանձվել էինք: Հաջորդ օրը Արմենս եկավ զինվորական շորերով, և մենք նրան ճանապարհեցինք ռազմի դաշտ: Արմենս, որին ռազմի դաշտում Կոբրա մականունն էին տվել, զոհվեց 1992 թ.-ի սեպտեմբերի 2-ին և այժմ հուղարկավորված է Եռաբլուրում:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Հոգևոր-մշակութային