Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ



Հայկական բանակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ հանրապետությունում: Կրթական օջախներում եւս Բանակի օրը նշվում էր գեղեցիկ հանդիսություններով: Նմանատիպ մի միջոցառում էլ տեղի ունեցավ Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում, որի նախաձեռնողը դպրոցի զինղեկ, կապիտան Թաթոս Համբարյանն էր:

Դահլիճում աշակերտները հպարտությամբ ներկայացնում են մեր բանակի անցած դժվարին, բայց հերոսական ու հաղթական ուղին, ներկայացնում են փուլ առ փուլ: Էկրանին բանակի ժամանակագրությունն է՝ ձևավորումն առաջին օրից մինչեւ մեր նորօրյա հզոր ու մարտունակ բանակը:

-Շատ է փոխվել մեր բանակն այս տարիների ընթացքում,- հնչում է բեմից,- սակայն նույնն է մնացել հայ զինվորը` քաջ, առնական, հերոսական: Այն օրերի հերոսական շունչն ու ոգին այսօր էլ չի լքել հայ զինվորին, այսօր էլ անվախ ու աներեր նա կանգնած է թշնամու դեմ հանդիման՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանելու իր հողն ու ջուրը: Վկան մեր նորօրյա հերոսները` Արմեն Հովհաննիսյանն ու նրա ընկերները, որոնք քաջաբար կասեցրին հակառակորդի դիվերսիան` պաշտպանելով հայրենի սահմանների անառիկությունը: Խոստանում ենք նույն անձնվիրությամբ պաշտպանել մեր հայրենիքը:

Դահլիճում թեւածում են հայրենասիրական երգն ու պարը:

Դպրոցի տնօրեն Էթերի Պետրոսյանը, կարեւորելով բանակի դերը, նշում է. «Բանակը մեր խաղաղ կյանքի երաշխավորն է, մեր հույսն է, հավատն է, ապավենը: Մենք գիտակցում եւ չափազանց արժեւորում ենք մեր զինված ուժերի դերն ու նշանակությունը, եւ մեզանից ամեն մեկն էլ պարտավոր է զինվոր լինել իր գործի մեջ, զինվորի նվիրումով, զինվորի պարտաճանաչությամբ ու պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը: Մանկավարժությունն էլ ծառայություն է: Մենք էլ պարտավոր ենք մեր աշակերտներին ազգային գաղափարներով եւ ազգային արժեքներով կրթել, հայեցի դաստիարակել, հայոց բանակի համար ֆիզիկապես եւ բարոյապես առողջ, հայրենիքի պաշտպան դաստիարակել:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ավագ զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Պերճ Գեւորգյանն էլ իր խոսքում մասնավորապես հավելում է. «Հաճախ որեւէ դպրոցի մասին խոսելիս, որպես որակական ցուցանիշ, նշվում է բուհ ընդունվողների թիվը, սակայն դրա կողքին, կարծում եմ, պակաս կարեւոր ցուցանիշ չէ՝ դպրոցի սաներից քանիսն են արժանապատիվ, բարեխիղճ նվիրումով ծառայում հայրենիքին: Իսկ այս կրթօջախում, իրոք, մեծ աշխատանք է կատարվում հայրենիքի լիարժեք զինվոր դաստիարակելու համար: Մենք արժանի փոխարինողներ ունենք»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս՝. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Բանակ և հասարակություն


06/02/2014