ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՀՈՂԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՏԵՐԸ
Ինչքան ցավ պատճառեց պատերազմը: Քանի՜ տարի է անցել, բայց ցավն ու դառնությունը այսօր էլ մարդկանց սրտերում են:
Շիրակի մարզի Փանիկ գյուղում ծնված Անդրանիկ Մուրադյանը մեկն է մեր այն հազարավոր նվիրյալ քաջորդիներից, որ հայրենիքի խաղաղության համար նվիրաբերեց ամենաթանկը՝ կյանքը:
Երիտասարդ կնոջ խնամքին թողնելով երկու փոքրիկ որդիներին՝ Պետրոսին ու Արթուրին, մեկնեց կռվի դաշտ… Հերոս քաջորդին զոհվեց 1994թ. ապրիլի 28-ին, Թալիշ գյուղում մղվող մարտերից մեկի ժամանակ:
…Մեծացել են Անդրանիկ Մուրադյանի զավակները ու ժառանգել են իրենց հոր քաջ եւ հայրենասեր ոգին: Պարզ ու շիտակ, ուսումնատենչ, առաքինի եւ ազնիվ երիտասարդներ են:
-Ես 3 տարեկան էի, եղբայրս՝ Արթուրը՝ 2, երբ հայրս զոհվեց,- հիշում է Անդրանիկ Մուրադյանի ավագ որդին՝ Պետրոսը: -Հայրիկիս աղոտ, շատ աղոտ եմ հիշում, նրա կերպարն ինձ համար ամբողջանում է հարազատների պատմածների հիման վրա, սակայն մանկությանս հիշողությունների մեջ մի դրվագ է հատկապես դրոշմվել, տպավորվել: Այդ օրը այնքան շատ մարդ էր մտնում մեր տուն: Տխուր փաթաթվում էին ինձ, փաղաքշում եղբորս ու լալիս էին: Ես նայում էի նրանց արցունքոտ աչքերին ու զարմանում. գիտեի՝ արցունքը միայն փոքրերի համար է…
Հայրիկիս հուղարկավորության օրն էր… Հետո, երբ մի քիչ մեծացա, իմացա, որ հայրս զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, կռվել է ադրբեջանցիների դեմ, որ նրանք չհամարձակվեին մտնել մեր հողը, մեր տունը… «Հայրդ հերոս է»՝ ասում էին ինձ մարդիկ, ու ես անչափ հպարտանում էի, որ քաջ հայր եմ ունեցել: Երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ միայն հայրս չէր հերոս, հերոս էր նաեւ մայրս, որ կարողացավ այդ դժվար, անասելի ծանր ու դաժան ժամանակներում զավակներին մեծացնել, հասցնել նպատակներին (մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես կկարողանա՞մ մորս վերադարձնել նրա արածի գեթ մի մասը):
Խիստ էր մայրս, ու հիմա եմ հասկանում, թե ինչու մայրս իր բաժին բարությանը մի քիչ էլ խստություն էր խառնել, որ հորս պակասը չերեւար, երկու տղա մեծացնելը կատակ չէ…,- ժպտում է Պետրոսը ու շարունակում:- Դպրոցում ես էլ, եղբայրս էլ լավ էինք սովորում: Մայրս ամեն ինչից իրեն զրկելով` անում էր այնպես, որ մենք ոչնչի կարիք չունենայինք: Հիշում եմ, այն ժամանակ մեզ համար համակարգիչ գնեց, թանկ հաճույք էր այդ ժամանակների համար, բայց անհրաժեշտություն էր, ու մայրս առանց մեկ վայրկյան տատանվելու գնեց, աշխատում էր ամեն ինչ անել, որ հորս բացակայությունից չխեղճանայինք, իսկական տղամարդ դաստիարակվեինք…
-Մայրդ իսկապես հերոս է,- կրկնում եմ ես Պետրոսի խոսքերը եւ ավելացնում,- բայց նա անչափ երջանիկ ու բախտավոր է, որ ձեզ նման՝ մեծի հարգն իմացող, նվիրված զավակներ ունի:
-Շնորհակալություն,- ժպտում է Պետրոսը ու շարունակում: -Դպրոցից հետո ես էլ, եղբայրս էլ ընդունվեցինք ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ (զոհված ազատամարտիկների զավակներին բուհում որոշակի արտոնություներ են տրամադրվում, ու մենք անվճար բաժնում ուսանեցինք): Ներկայումս ես սովորում եմ «Տեղեկատվական տեխնոլոգիաների մշակում» ֆակուլտետի մագիստրատուրայում: Եղբայրս եւս ընդունվեց մագիստրատուրա եւ զորակոչվեց բանակ:
Սովորելուն զուգահեռ ես ու եղբայրս անդամագրվեցինք համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբին: Ազնիվ ու անշահախնդիր, սրտակից ու հարազատ են մեզ համար վարդանանքցիները, բազմաթիվ ռազմահայրենասիրական ծրագրեր են իրագործում: Այցելում ենք զոհված ազատամարտիկների անվան դպրոցներ, զրուցում ենք աշակերտների հետ, հայրենասիրության դասեր անցկացնում («Դասը վարում են համալսարանականները»): Տարբեր վայրեր ենք գնում, ծանոթանում մեր Հայաստան աշխարհի գողտրիկ անկյուններին: Անցյալ ամառ էլ գնացինք Մարտակերտ, Թալիշ էլ պիտի այցելեինք (որտեղ իմ հայրն է զոհվել), բայց չստացվեց: Զարմանալի փոթորիկ էր հոգումս, չգիտեի էլ՝ ուզում էի գնալ այնտեղ, թե ոչ…
-Պետրո՛ս, եղբայրդ այժմ բանակում է, ինչպե՞ս է ծառայում, ի՞նչ է պատմում զորամասից:
-Արթուրը ծառայության է մեկնել այն գիտակցումով, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի, հայրենիքին իր պարտքը տա: Լավ զորամասում է ծառայում, հրաշալի զինվոր ընկերներ ունի, լավ հրամանատարներ: Նրանցից ոմանք, երբ տեղեկացել են, որ զոհված ազատամարտիկի որդի է, է՛լ ավելի հարգանքով են վերաբերվում:
-Հունվարի 28-ին ազգովի տոնեցինք բանակի 22-ամյակը: Դու, եղբայրդ բանակի հասակակիցներ եք: Ի՞նչ զգացողություն ես ունենում այդ օրը:
-Հպարտության եւ ոգեւորության: Հպարտ եմ, որ մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակներից մեկն է, պատրաստ դիմակայելու թշնամուն: Հպարտանում եմ, որ բանակը կայացել է նաեւ իմ հայրիկի շնորհիվ: Հայրս գիտակցելով է գնացել մահվան, հասկանալով, որ ավելի լավ է իր զավակներն անհայր մեծանան, քան՝ անհայրենիք… Բայց կցանկանայի՝ հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած քաջերին արժանիորեն մեծարեն ոչ միայն տոնից տոն, առիթից առիթ: Անտարբեր, անկարեկից չլինեն նրանց հարազատների նկատմամբ:
-Ի՞նչ կմաղթես մեր հողուջրի խաղաղությունը պահպանող զինվորներին:
-Ուզում եմ ջերմորեն շնորհավորել բոլոր զինվորներին, զինվորականներին, հատկապես զինվոր եղբորս՝ Արթուրին: Բոլորիդ խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ մաղթում: Մենք պարտավոր ենք ուժեղ եւ հզոր բանակ ունենալ, քանի որ մեր կողքին մեր դարավոր թշնամին է, որ ջանք ու եռանդ չի խնայում խաթարելու մեր երկրի խաղաղությունը: Ու մենք պետք է ապավինենք միայն ու միայն մեր բանակին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր