Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՄԵԾ ԵՐԹԻ ԳԱՎԱԶԱՆԱԿԻՐԸ



Բազմադարյան պատմություն ունեցող հայ բանաստեղծությունը այնքան է հարուստ ստեղծագործական վառ անհատականություններով, գեղարվեստական խոսքի կոթողներով, որ մեր օրերում դժվար է արժանի կերպով կանգնել նրա խոշորագույն դեմքերի կողքին, նոր էջ բացել նրա «ոսկե մատյանում»։ Դրա համար ոչ միայն բնատուր մեծ տաղանդ է հարկավոր, այլեւ ժամանակի սուր եւ խոր զգացողություն, գեղարվեստական մշակույթի բազմակողմանի իմացություն, ավանդույթների եւ համարձակ նորարարության զուգակցման կարողություն։

Պարույր Սեւակը այդ հազվագյուտներից էր. նրա անունը մեկընդմիշտ մտնելու է նոր ժամանակների հայ բանաստեղծության երախտավորների շարքը։ Նա մեկն էր իր իսկ երգած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» եւ «նոր օրենք ու կարգ սահմանում», գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ բացում հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալու համար։

Ուղիղ երեք տասնամյակ տեւեց Պարույր Սեւակի ստեղծագործական կյանքը, որ հագեցած էր բանաստեղծական նոր ուղիների անդադրում, խիզախ որոնումներով, հայտնություններով ու հաղթանակներով։ Իր ճանապարհն սկսելով հայ եւ համաշխարհային պոեզիայի մի շարք դասականների անմիջական ազդեցությամբ, նա հենց սկզբից էլ ուներ նաեւ իր անկրկնելի ձայնը, մտքերի ու ապրումների աշխարհը։ Այդ ինքնատիպը գնալով խորացավ, հստակվեց, դարձավ հայրենի բանարվեստի մի ամբողջ թարմ հոսանք, ուր ամեն ինչ կրում է բանաստեղծական հզոր անհատականության վառ եւ անջնջելի կնիքը։

Պարույր Սեւակը շատ բան տվեց հարազատ ժողովրդին, մայրենի գրականությանն ու մշակույթին եւ դեռեւս շատ ավելին էլ կարող էր տալ, եթե վրա չհասներ անսպասելի ու անհեթեթ մահը… Բայց ստեղծածով իսկ Պարույր Սեւակը արդեն իրավունք ուներ իրեն տեսնելու այն մարդկանց շարքում, ովքեր իրենց գործով հարստացնում ու գեղեցկացնում են ժողովրդի հոգեւոր աշխարհը…

ԱԼԲԵՐՏ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Պարույրն ուներ մի զարմանալի սեր եւ թուլություն։ Հեռավոր, արեւոտ մի լանջի վրա՝ հայրենի գյուղում, Մասիսների դեմ հանդիման, նա ստեղծում էր մի զարմանալի այգի։ Բարակ մի ջուր էր բերել հեռու հեռվից, չոր, անջրդի, տապից այրվող իր այգին էր հասցրել մի շատ բարակ առու։ Լցնում էր ավազանը կաթիլ-կաթիլ՝ գիշեր-ցերեկ՝ ծառերը ջրելու համար։ Պատահում էր, որ այդ օրերի աշխատանքն իզուր էր անցնում, ծեր հորեղբայրն այդ հավաքած ջուրը տանում եւ ջրում էր իր յոնջան՝ խոտհարքը։ Ի՞նչ կարող էր անել… Եվ, այնուամենայնիվ, այգին ապրում էր։ Ծառեր էր բերել մեր երկրի բոլոր ծայրերից, մինչեւ անգամ մոշ եւ հոնի էր բերել Իջեւանից, մասուր՝ Ղափանից, խնձորի զանազան տեսակներ էր տնկել։ Եվ, իհարկե, խաղող։

Ես նույնպես սիրում էի ծառը, այգին։ Քանի՜ անգամ ենք մենք խոսել ծառերի, այգու շուրջ։ Ի՜նչ քնքշանքով էր հիշում նոր տնկիները։ Ձմռան ցրտին, նստած «Ինտուրիստում»՝ պատուհանից դուրս էինք նայում եւ խոսում ցրտից մրսող ծառերի մասին։ Ես զգում էի՝ Պարույրը ոչ թե սոսկ բույսերի մասին է մտածում, այլ ստեղծում է իր աշխարհը դժվար հողի վրա, ուր պետք է երգի «հազարան հավքը»…

Ճիշտ եւ ճիշտ, ինչ որ ձգտում էր անել պոեզիայի մեջ։ Այգին նման էր նրա բանաստեղծական աշխարհին, որը դառնում էր ավելի ու ավելի ծաղկուն։

…1971թ. ամառային մի պայծառ օր՝ հունիսի 17-ին, կնոջս՝ Լենայի հետ ինչ-որ տեղ էինք գնում։ Ֆլորայի այգու ռեստորանի մոտերքում՝ Աբովյանի վրա, հանդիպեցինք դեպի վեր բարձրացող Գրիգոր Քեշիշյանին եւ կնոջը՝ Անժիկին։ Շատ մռայլ էին, ուզեցի պատճառն իմանալ։ Նրանք շտապ հայտնեցին, որ այսօր գյուղից՝ Չանախչիից Երեւան եկող ճանապարհին ավտովթարից զոհվել են Պարույր Սեւակն ու կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին, իսկ տղաները՝ Արմենն ու Կորյունը՝ վիրավորվել։ Ուրիշ ոչինչ։ Մի ահռելի ծանրություն կարծես երկնքից իջավ վրաներս։ Հիմա էլ կարծես զգում եմ այդ պահի ծանրությունը։ Դա համաժողովրդական վշտի ու սգի օր էր։ Աղետից ցնցված ժողովուրդը դեպի գյուղ ճանապարհեց զույգ դագաղները…

Պարույր Սեւակը երկնային մի ճառագայթ էր, որ ջերմացնում էր մեր հինավուրց հողը։ Մարեց այդ ճառագայթը, բայց հավերժ մնաց «Եղիցի լույսը», եւ ղողանջում են «Անլռելի զանգակատան» զանգերը…

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ քաղցրանու՜ն,

Իմ բարձրանու՜ն,

Իմ տառապա՛ծ,

Իմ փառապա՛նծ։

Հների մեջ՝ դու ալեհեր,

Նորերի մեջ՝ նոր ու ջահել,

Դու՝ խաղողի խչմարված վազ,

Վշտերդ՝ ջուր, ինքդ ավազ.

Դու՝ բարդենի սաղարթաշատ,

Առուն ի վար փռված փշատ,

Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,

Մագաղաթյա մատյանի թերթ,

Դու՝ Զվարթնոց- ավեր տաճար,

Կոմիտասյան Ծիրանի ծառ,

Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,

Դու՝ հորովել անուշ ծորուն,

Փայլ գութանի արծաթ խոփի.

Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկու՛նդ կոպիտ,

Դու՝ հայրենի ծխանի ծուխ,

Դու՝ անգիր վեպ, դու Սասնա ծու՜ռ…։

Իմ փառապա՛նծ,

Իմ տառապա՛ծ,

Իմ բարձրանու՜ն,

Իմ քաղցրանու՜ն։

Դու՝ մրգերի շտեմարան,

Ոսկեվազյան գինու մառան.

Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,

Արտաշատյան խաղող սեւաչ.

Դու՝ Սեւանի վառվող կոհակ,

Երեւանի սյուն ու խոյակ.

Դու՝ հանգրվան, կանչող փարոս,

Դու՝ հայկական գերբ ու դրոշ.

Խոսուն վկա կոտորածի

Ու վճիտ աչք ցամքած լացի.

Արդարության ահեղ ատյան,

Սրի պատյան,

Սիրո մատյան-

Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան։

11.XI.58

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած,

Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին։

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց։

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.

Հասարակ հորից ու մորից ծնված՝

Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,

Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում։

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,

Որ նախընտրում էր քնել տակառում։

Սերում են նրանք և ա՛յն պատանուց,

Որ սիրահարվեց իր իսկ պատկերին։

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանային հոգին են ծախում,

Միայն թե անե՛ն մտածածն իրենց,

Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ։

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,

Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,

Վախ են ներշնչում պետություններին

Մինչև իսկ իրենց կամքի հակառակ։

Արքաների հետ խոսում են «դու»-ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց,

Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,

Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ։

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է և օրենքից դուրս։

Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

9.X.61

ՄԵՌՆԵԼ

Եթե մեռնե՜լ…

Թո՛ղ որ մեռնեմ

հուր-կայծակից՝

Միանգամի՛ց,

մի վայրկյանո՛ւմ,

հանկարծակի՛,

Այնքա՜ն արդար,

խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,

Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝

Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…

Եթե մեռնե՜լ…

Թող սպանվե՛մ,

թող կործանվե՛մ

Այնպես ապրած և բան արած,

Որ նորածին մանուկների տեսքով նորից

վերածնվեմ՝

Իմ անունո՛վ կնքեն նրանց…

Եթե գամվել՝

փարոսի՜ պես,

Արնաքամվել՝

հերոսի՜ պես,

Ու քրքրվել՝

դրոշի՜ պես…

Եթե մեռնե՜լ…

Բայց առայժմ ապրե՛լ է պետք։

26.V.57

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Հոգևոր-մշակութային


06/02/2014