ՇՆՈՐՀԱԼԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
Այսօր ազգային բանակ են զորակոչվում մեծ թվով ստեղծագործող երիտասարդներ, մշակույթի ոլորտը ներկայացնող ուսումնական հաստատությունների ուսանողներ, որոնց համար զորամասերում ստեղծվում են բարենպաստ պայմաններ, որպեսզի զինվորական մասնագիտություն սովորելուն զուգահեռ զբաղվեն նաև իրենց սիրած գործով, զարգացնեն ունակությունները և նպաստեն զորամասերի հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպմանը:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Շարքային Լևոն Սահակյանը վեց ամիս առաջ է զորակոչվել բանակ: Նա վաշտերից մեկի նռնականետային դասակի զինվոր է: Անցած տարի մասնակցել է քանդակագործների համաբանակային մրցույթին և գրավել է երկրորդ տեղը: Շնորհալի երիտասարդից նախ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են ընթանում ծառայական գործերը:
-Մասնակցում եմ բոլոր պարապմունքներին, մարզումներին, ճամբարային հավաքներին: Գնահատականներս բարձր են, հրամանատարներն ինձանից գոհ են:
Մեր խնդրանքով Լևոնը պատմեց, թե ինչպես է ընտրել քանդակագործի մասնագիտությունը:
-Ծնունդով Բջնիից եմ, փոքրուց զբաղվում էի փայտի փորագրությամբ և ընդունվեցի Չարենցավանի գեղարվեստի ուսումնարան: Այնուհետև որոշեցի ուսումս շարունակել մայրաքաղաքի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, բայց պարզվեց, որ այնտեղ փայտի փորագրության բաժին չկա: Առաջարկեցին սովորել քանդակի բաժնում, համաձայնեցի, այժմ չորրորդ կուրսի ուսանող եմ: Մասնակցել եմ ուսումնարանում կազմակերպվող ցուցահանդեսներին, Երևանի տոնի առթիվ Հյուսիսային պողոտայում կայացած ցուցահանդեսին:
-Իսկ ի՞նչ աշխատանքով էիր ներկայացել համաբանակային մրցույթին:
-Կոմպոզիցիա էր հայրենասիրական թեմայով:
-Ի՞նչ ծրագրեր ունես:
-Երազում եմ սովորել Գեղարվեստի ակադեմիայում, հետո գնալ Իտալիա՝ վարպետությունս կատարելագործելու:
ԱՍՄՈՒՆՔՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՐՄԵՆԱԿ ԱՎԱԳՅԱՆ
Շարքային Արմենակ Ավագյանը սովորել է Մուրացանի անվան դպրոցում, որից հետո՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի մաքսային բաժնում, զուգահեռաբար հաճախել է «STAGEX» արտիստական ստուդիա ու դերասանի մասնագիտություն ուսումնասիրել սիրված դերասան Գուժ Մանուկյանի խմբում: Սերը արվեստի նկատմամբ գալիս է ծնողներից: Նրա հայրը` Լևոն Ավագյանը, նկարիչ է:
-Մենք տանն ունենք երկու հազարից ավելի գրքեր, մանկությունից միշտ կարդացել եմ: Ստուդիայում սովորելու ժամանակ Սոս Սարգսյանի համազգային թատրոնի հետ մասնակցել եմ բարեգործական ներկայացումների: Ես ավելի շատ սիրում եմ ասմունքել: Սիրում եմ Վլադիմիր Աբաջյանին, Արթուր Ութմազյանին, կատարում եմ հայ բանաստեղծների, հատկապես՝ Համո Սահյանի, Պարույր Սևակի, Մեծարենցի, Չարենցի ստեղծագործությունները:
Արմենակը գրական երեկոներ է կազմակերպում նաև զորամասում, իսկ անցած տարի զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանի օժանդակությամբ, ծառայակից ընկերների հետ «Նայենք բաց աչքերով», «Նայենք սիրող աչքերով» խորագրերով գրական գեղարվեստական երեկոներ է կազմակերպել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում, ինչը տեղի արվեստասեր հասարակության կողմից շատ ջերմ ընդունելության է արժանացել:
-Ձգտում ենք շարունակել համագործակցությունը թատրոնի հետ և ծրագրել ենք ներկայացում պատրաստել ապրիլի քսանչորսի` Մեծ եղեռնի 99- ամյակի առթիվ:
ՊԱՐԻ ՎԱՐՊԵՏ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՐՄԵՆ ԵՐԳԵՆՅԱՆ
Շարքային Արմեն Երգենյանը թեեւ ծնվել է Մոսկվայի մոտակայքում գտնվող Նորգինսկ քաղաքում՝ 1995թ., այդուհանդերձ, նախընտրել է լինել Հայաստանի քաղաքացի և ծառայել հայկական բանակում:
-Ապրել ենք, այսպես ասած, «թափառական» կյանքով, միշտ որոնումների մեջ: Մինչև իններորդ դասարանը սովորել եմ Ռյազանի մարզի Սկոպին քաղաքում, հետո տեղափոխվել ենք Մոսկվայի շրջանի Ռեուտով քաղաք: Արդեն տասներեք տարի պարում եմ. բալետային պարեր, հայկական ժողովրդական, հիպհոպ, վալս, խաստո-պոպինտ և այլն: Բանակից առաջ եկա Երևան և սկսեցի պարուսույց աշխատել թիվ 2-րդ քոլեջում: Ես ունեմ իմ խումբը, որը կոչվում է «Стиль»: Մշակել եմ դասականին մոտ, բայց մոդեռն ոճի մի համար, որը կատարում եմ տասնչորս աղջիկների հետ: Հենց այդ համարով էլ անցած տարվա մայիսին մասնակցեցի Սոկոլնիկիի համաշխարհային պարի օլիմպիադային և հաղթեցի:
Արմենը բազմաթիվ մրցանակներ է նվաճել, որոնցից առանձնապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայից ստացած երկու դիպլոմները, որոնք տրվել են բարեգործական ծրագրերին մասնակցելու, անապահով ընտանիքներին օգնելու նպատակով համերգներ կազմակերպելու համար: Ավելացնեմ, որ շարքային Արմեն Երգենյանը նաև հրաշալի հրաձիգ է: 2011թ. ՌԴ-ում մասնակցել է դպրոցականների հրաձգության մրցաշարի, գրավել առաջին տեղը և պարգևատրվել պատվոգրով:
Ն.ԱՐԱՄՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի