Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԼԱՎ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ»



Կապիտան Եգոր Գեւորգյանին ընդգրկել են նորակոչիկների հետ տարվող աշխատանքներում

Կապիտան Եգոր Գևորգյանը մայոր Վիգեն Մկրտչյանի մոտոհրաձգային գումարտակի վաշտերից մեկի հրամանատարն է, իսկ այժմ կատարում է ուսումնական վաշտի հրամանատարի պարտականությունները: Սովորաբար նորակոչիկների հետ աշխատանք վստահում են զորամասի լավագույն սպաներին ու սերժանտներին: Եգորը երևանցի է, 2003-2007թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո դասակի հրամանատար է նշանակվել այստեղ: Նույնիսկ դասակի հրամանատար եղած ժամանակ նրան ընդգրկել են նորակոչիկների հետ տարվող աշխատանքներում: Համառոտ ներկայացնելով անցած ուսումնական տարվա հիմնական «քննությունները»` կապիտան Եգոր Գևորգյանն ասաց.

– Զորամիավորման շտաբների պետերի և գումարտակների հրամանատարների հավաքի ժամանակ մեր հրաձգային վաշտն անցկացրեց բավական հաջող ցուցադրական զորավարժություն կրակային պատրաստությունից, այնուհետև անցկացրինք ճամբարային հավաք, որի ավարտին էլ՝ մարտավարական զորավարժություն գիշերային պայմաններում: Զորամիավորման և զորամասի հրամկազմը գոհ են գումարտակի մարտական պատրաստականության աստիճանից, որում զգալի է նաև մեր վաշտի ավանդը:

Անդրադառնալով ուսումնական վաշտին՝ կապիտանն ասաց.

-Գոհ եմ տղաների ֆիզիկական վիճակից, կրթական մակարդակից: Պարապմունքներն անցնում են նախատեսված ծրագրով: Յոթ օրվա զինվորն արդեն գիտի իր պարտականությունները, ինչպես հարկն է կարողանում է շարք կանգնել, քայլել, պատվի առնել, երգել զորամասում ընդունված երգերը և այլն: Կարծում եմ, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ինձ կհաջողվի նորակոչիկների պատրաստությունը հաջողությամբ հասցնել ավարտին:

Զորամասում իմացանք, որ կապիտան Ե. Գևորգյանին արդեն ներկայացրել են գումարտակի շտաբի պետի պաշտոնին:

Ն.ԱՐԱՄՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ազգային բանակ


06/02/2014