Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՐՁՐ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԶՈՐԱՄԱՍԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»



Կապիտան Եփրեմ Ներսիսյանը համերաշխ կոլեկտիվ է ստեղծել

Գնդապետ Կ. Սեդրակյանի զորամասը համալրված է երիտասարդ ու շնորհալի սպաներով: Նրանցից մեկն էլ վաշտի հրամանատար, կապիտան Եփրեմ Ներսիսյանն է: Նա թալինցի է, երեսուն տարեկան: 2000-2004թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության է նշանակվել զորամիավորման մոտոհրաձգային զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է այստեղ: Անցած ուսումնական տարում վաշտը ցույց տվեց բարձր արդյունքներ, իսկ համաբանակային հինգ կիլոմետրանոց վազքարշավում ռեկորդային ցուցանիշով գրավեց առաջին տեղը, ինչի համար կապիտանը պարգևատրվեց պաշտպանության նախարարի պատվոգրով և դրամական պարգևով: Զրույցի ժամանակ կապիտան Ե.Ներսիսյանը նշեց, որ ուսումնական տարվա ընթացքում իրենց ստորաբաժանումների հետ նվիրումով են աշխատել դասակների հրամանատարներ, ավագ լեյտենանտներ Այվազ Բաղդասարյանը, Շավարշ Մելիքյանը, ջոկերի հրամանատարները: Վաշտն անցկացրել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն և ստացել «լավ» գնահատական, հատկապես բարձր է եղել թիրախների խոցումը: Ամփոփիչ քննություններն էլ հաջողությամբ հանձնելուց, Ամանորը հետաքրքիր անցկացնելուց հետո վաշտն սկսել է նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:

-Հաջողությունը ստորաբաժանումներում հաստատված բարձր բարոյահոգեբանական վիճակի արդյունք է: Երբ զինծառայողների հարաբերություններում գերիշխում են համերաշխությունն ու հարգանքը, ուսումնական գործընթացն էլ ավելի հեշտ է կազմակերպվում, սպաներն ու զինվորները կենտրոնանում են հիմնական զբաղմունքի վրա: Ուսումնական տարին սարերի հետևում չէ, և մենք արդեն պարապում ենք, մանավանդ որ ձմեռային փուլի վերջին լինելու են տեսչական ստուգումներ: Ամեն ինչ կանենք, որպեսզի բարձր պահենք մարտական փառահեղ ուղի անցած զորամասի հեղինակությունը,- ասաց կապիտան Ե. Ներսիսյանը:

Ն.ԱՐԱՄՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկար` հեղինակի

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ազգային բանակ


06/02/2014