Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ` ՓԱՌՔ, ԱԶԳԻՆ` ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



Կռիվ թեժացավ Կարախանբեյլում,

Չաուշ Պողոսը իր խումբն էր տանում,

Ա՛խ, պայթեց մի արկ տղոց ոտի տակ,

Մերուժն ու Մակարն եղան նահատակ:

Շուռ եկավ Մերուժ, քաջն աշնակցին

Նայեց իր կողքին ընկած Մակարին,

Քաջն առանց ոտքի ինչքան դժվար է,

Կանչեց. «Արտա՛շ ջան, գյուլլե մը զարկե»:

Ինչպես ազատագրական պայքարի ֆիդայիներին նվիրված աշուղ Ֆարհադի, Իսահակյանի և շատերի երգերը, այս երգն էլ ունի իր նախապատմությունը: Երգի հեղինակը ազատամարտիկ Արամ Գրիգորյանն է: 1994 թ.-ի հունվարի 19-ին Ֆիզուլի քաղաքի մոտ գտնվող Կարախանբեյլի բնակավայրում, որտեղ մարտնչում էին Թալինի վաշտի տղաները (նրանց հետ Չաուշ Պողոսի՝ տասնապետ Պողոս Խամոյանի տղաները), արկի պայթյունից զոհվում է դավթաշենցի Մակար Խաչատրյանը, իսկ աշնակցի Մերուժան Մարգարյանի ոտքերը կտրվում են: Քանի որ զենքը պայթյունի հետ թռել էր հեռու, Մերուժը ձայնում է ընկերոջը ` Արտաշին. «Արտա՛շ ջան, գյուլլե մը զարկե»:

Հունվարի 18-ին եւ 20-ին հերոսներին նվիրված ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում Աշնակ եւ Դավթաշեն գյուղերում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի տնօրինությունը (տնօրեն՝ Գագիկ Մինասյան, զինղեկ՝ Հովհաննես Ավետիսյան, մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Արմինե Հովհաննիսյան), Մակարի մարտական ընկերները, հերոսի հորեղբայրը՝ Ֆելիքս Խաչատրյանը:

Դավթաշեն գյուղից ազատագրական պայքարին մասնակցել է 68 ազատամարտիկ: Գյուղը տվել է վեց զոհ` Աթաբեկ Վարդանյան, Գևորգ Թովմասյան, Մակար Խաչատրյան, Ավետիք Թովմասյան, Մակար Ավդալյան, Խաչիկ Խաչիկյան: Դպրոցն անվանակոչված է գյուղի առաջին զոհ Աթաբեկ Վարդանյանի անունով, իսկ նախնական զինվորական պատրաստության դասարանը` Մակար Խաչատրյանի:

Դպրոցի հուշասենյակում, ինչպես նաև Փառքի սրահում մեր պատմության հերոսների լուսանկարներն են, նրանց անձնական իրերը: Այնտեղ Մակարի, Աթաբեկի, Գևորգի կրակած պարկուճների կողքին դրված են Հայոց մեծ եղեռնի օրերին հերոսաբար մարտնչած Փեթարա Իսոյի մոսինի պարկուճները: Հին ու նոր ազատամարտիկների հետ քեզ են նայում Խաչիկ Դաշտենցն ու Մուշեղ Գալշոյանը: Թվում է` այս է ռազմահայրենասիրական դաստիարակության ամենաճիշտ և արդյունավետ ճանապարհը: Դահլիճում դպրոցականներ Մկրտիչ Խամոյանի, Լուիզա Գաբրիելյանի, Տիգրան Խաչատրյանի, Սարգիս Ստեփանյանի, Ագապի Դավթյանի, Սևակ Խամոյանի, Հարություն Հարությունյանի մասնակցությամբ ներկայացվում են դրվագներ մեր պատմության հերոսական էջերից: Այնուհետև աշակերտները պատմում են իրենց գյուղի հերոս տղաների, Մակարի մասին հուզիչ ու հերոսական պատմություններ: Պատմություններ, որոնք նման են ասք ու լեգենդի: Պատմություններ, որոնք արդեն դարձել են ասք ու լեգենդ: Մակարի մարտական ընկերները` Սարգիս Կարապետյանը, Արամ Գրիգորյանը, Հակոբ Գաբրիելյանը, Դավիթ Խաչատրյանը, Մերուժ Վարդանյանը, Պողոս Խամոյանը, Անդրանիկ Մուրադյանը, Հակոբ Հարոյանը իրենց հիշողություններով ոգեկոչում են 29-ամյա Մակար Խաչատրյանին:

-Մակարը հանգիստ չուներ, անգամ կռվի էն կարճ դադարների ժամանակ, երբ պետք է հանգիստ առնեինք, նա ընկերների համար ճաշ էր եփում ու ընկերներին կանչում էր ճաշի,-պատմում է Արագած (Բոնդո) Մկրտչյանը:

-Իմ եղբոր որդին էր: Պատերազմը եկավ, որ Մակարը ցույց տար իր քաջությունը, ցույց տար, թե ովքեր են եղել իր նախնիները,- ասում է հորեղբայր Ֆելիքսը:

Այնուհետև արարողության մասնակիցները շարժվում են դեպի հուշահամալիր, որտեղ ննջում են Դավթաշեն գյուղի հերոսները: Խնկի բույրը տարածվում է չորսբոլորը: Մակարի Մարինե քույրը արցունքն աչքերին մղկտում է. «Գոնե ամուսնանայիր, ախպե՛ր ջան, մի զավակ թողնեիր, որ մխիթարվեինք: Երբ հարցնում էինք, թե ուր է գնում, ասում էր` դուք չե՞ք իմանում, թե ուր ենք գնում, գնում ենք ազգի համար մարտնչելու»:

-Սիրելի՛ դավթաշենցիներ, մարտական ընկերներ, դժվար է կրտսեր մարտական ընկերոջ մասին խոսք ասելը, սակայն ոչ մեկը չի կարող ճակատագիրը փոխել: Մեր սփոփանքը պիտի լինի, որ Մակարի ու Մերուժի գործը կիսատ չթողնենք, շարունակենք և ամբողջացնենք,- ասում է Սարգիս Կարապետյանը:

Այնուհետև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը, որով Մակար Խաչատրյանը պարգեւատրվում է հետմահու, հանձնում է հերոսի եղբորը՝ Հովհաննեսին: Ի դեպ, Աշնակ գյուղում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նույն մեդալով հետմահու պարգևատրվում է նաև Մերուժան Մարգարյանը, որն ստացավ հերոսի կինը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ճակատագրեր


06/02/2014