Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՈՐԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆՈՒՄ ԷԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ



Արցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս Ղեւոնդյանը հունվարի 30-ին կդառնար 50 տարեկան։ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց հուշ-երեկո, որի ընթացքում հերոսի ընկերները, հարազատներն ու զինակիցները մեծարեցին Պետոյին` կարեւորելով նրա ներդրումն Արցախի անկախացման գործում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալներ, սպաներ, պաշտոնատար այլ անձինք։

«Պետոն անհրաժեշտություն էր մեր ժողովրդի ազատությունն ու անկախությունը ապահովելու համար։ Նա մտավ այն անհատականությունների շարքը, ովքեր հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում հաղթական երթ են որոշել յուրաքանչյուր ժամանակահատվածի համար։ Ինձ համար մեծ պատիվ է, որ ես ճանաչել եմ Պետրոս Ղեւոնդյանին, առնչություն եմ ունեցել նրա հետ պատերազմական շրջանում եւ եղել եմ նրա մարտական ընկերը։ Պետոյի մասին շատ կարելի է խոսել։ Պետոն կարողացել է իր կազմակերպչական ունակությունների, հրամանատարական ջիղի, ռազմական մտածելակերպի, ցանկացած իրավիճակում սառնասիրտ որոշում ընդունելու, արագ կողմնորոշվելու շնորհիվ կատարելագործվել եւ դառնալ հրամանատար, որի հետեւից գնում էին զինվորները, հրամանատար, որն իր անձնական օրինակով կարողացել էր համախմբել եւ կոլեկտիվը տանել դեպի պայքար»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նախարարը վերհիշեց, որ Պետոն այն հրամանատարներից էր, որ կարողացել է իր հնարքների շնորհիվ գործողություններում ունենալ հաջողություններ։ «Պետոն օժտված էր մարդկային վսեմ հատկանիշներով, հայրենասեր էր եւ կարողանում էր իր հետեւից տանել մարդկանց։ Նա հերոսացել է առաջին հերթին Շուշիի առանձին գումարտակում` իր ընկերների հետ միասին։ Որտեղ էլ որ մարտնչել է այս գումարտակը` մշտապես հաջողության է հասել»- հավելեց նախարարը։

Նախարարը նշեց, որ Պետրոս Ղեւոնդյանի վառ օրինակը պետք է փոխանցվի մատաղ սերունդներին։ «Վտանգի պահին մենք միշտ միասնական ենք, բայց խաղաղ պայմանները մենք չենք օգտագործում սպառնալիքներին դիմագրավելու համար։ Մեր ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից։ Մենք այսօր իրավունք չունենք նրանց գործը չտանել մինչեւ վերջ. չունենալ կազմակերպված բանակ, չլինել միասնական»,- եզրափակեց պաշտպանության նախարարը։

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրեն Մարգարիտա Ավետիսյանն ընդգծեց, որ դպրոցը կրթել եւ մերօրյա պատմությանն է տվել իր սխրանքով սերունդներ դաստիարակող իսկական քաջի։ «Յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ը եւ փետրվարի 14-ը դպրոցի համար յուրահատուկ օրեր են։ Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան եւ մահվան օրերին բոլորս մի տեսակ ուժեղ եւ միասնական ենք դառնում։ «Զինվորը հայրենիք է, ամեն մի զինվորի ապահովության խնդիրը բոլորիս համար անհրաժեշտ է եւ կարեւոր»։ Ահա այս հավատամքով էր ապրում եւ կռվում Պետոն։ Նա նահատակվեց` ապացուցելով, որ անկոտրում է հայոց ոգին»,-եզրափակեց Մարգարիտա Ավետիսյանը։

Երեկոյի ընթացքում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ «Հովեր» երգչախմբերը, ինչպես նաեւ տարբեր երգիչ-երգչուհիներ իրենց երգերով հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսին։ Ներկայացվեց նաեւ տեսաֆիլմ Պետոյի անցած ուղու վերաբերյալ։

Լուսանկարները՝ Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


06/02/2014