ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ
2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:
Հայկական ստորաբաժանման հետ զորավարժությանը մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի եւ այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժության նպատակն էր Կոսովոյի պայմաններին նմանեցված իրավիճակում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ինչպես նաեւ՝ ամբոխի կառավարման, պարեկային ծառայության եւ այլ վարժանքներ, բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների եւ փոխգործակցության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաեւ կրակի հաղթահարման վարժանք:
Կոսովոյի առաքելությանը հայ խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012թ. հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո:
Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում