ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու օդաչուներ դատապարտվել են պատժախցում հինգ օրվա բանտարկության՝ գաղտնի տեղեկության պահպանման օրենքի կոպիտ խախտման համար: Ըստ քննության տվյալի՝ նրանք իրենց բջջային հեռախոսներով լուսանկարել և միմյանց ուղարկել են գաղտնի քարտեզներ և փաստաթղթեր:
Ինչպես հայտնում է News.am-ը` այդ գործով անցնում են ևս 12 օդաչուներ, որոնցից մեկը տուգանվել է, իսկ 11-ը՝ պայմանական ազատազրկման ենթարկվել:
Քննությունն սկսվել էր, երբ պատմությանը մասնակից օդաչուներից մեկը կորցրել էր իր բջջային հեռախոսը, և այն հայտնվել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի անվտանգության բաժանմունքում: Այնտեղ ստուգել էին գտածը և հայտնաբերել գաղտնի տեղեկությունը: Սարքը քննիչներին թույլ էր տվել դուրս գալ բոլոր մասնակիցների հետքի վրա:
Նշվում է, որ զինվորական կանոնակարգը կտրականապես արգելում է գաղտնի տեղեկություն պահելու և փոխանցելու համար բջջային հեռախոսներ օգտագործելը:
Խորագիր՝ Նորություններ