ՍԻՐՈ ՈՒԺԸ
Պատմությունը վկայում է, որ մեր գյուղը հիմնել է Խաչիկ Վարդապետ անունով հոգեւորականը։ Երկրորդ կամ երրորդ դարում Խաչիկ Վարդապետը երկնաձիգ լեռների բարձունքում մի նրբակերտ խաչքար է կանգնեցրել՝ վերեւում, Աստծուն մոտիկ… հետո կառուցվել է առաջին շինությունը՝ քարակոփ եկեղեցին, որ կանգուն է մինչ օրս։ Մեր գյուղի առաջին բնակիչները հոգեւորականներ են եղել։ Ու հենց նրանք էլ բնակավայրը Խաչիկ Վարդապետի անունով կոչել են Խաչիկ։
…Գյուղը լեռան վրա է, ավելի ճիշտ՝ փռված է լեռն ի վեր։ Գյուղ հասնելու համար լեռն օղակող ոլորապտույտ ճանապարհով պիտի անդադար բարձրանաս, բարձրանաս դեպի գագաթը, թվում է՝ ճանապարհը երկնքին է հատվելու, երկինք է տանելու քեզ։ Շուրջբոլորը ամեհի լեռներ են։ Լեռները զինվորների պես շարված են սահմանին։ Իսկ սահմանից այն կողմ պապենական թշնամին է… մեր պապենական հողերի վրա։ Սահմանից այն կողմ Նախիջեւանն է։ Խաչիկը Նախիջեւանի մեջ է, ու մի փոքրիկ տարածք այն կապում է Հայաստանին։
…Մեր գյուղը մի փոքրիկ աշխարհ է՝ իր գույներով, կոլորիտով, ավանդույթներով, բնավորությամբ։ Սիրո, բարության, գթասրտության, ազնվության մի փոքրիկ կղզյակ է՝ կտրված աշխարհի թոհուբոհից, լավուվատից։
Մեր գյուղի մարդիկ զարմանալիորեն նման են իրար, ասես նույն ընտանիքից լինեն, ասես բոլորին նույն մայրն է ծնել։ Ես հետո հասկացա, որ դարավոր գյուղը հազարամյակների ընթացքում ապրել է իր ավանդական արժեքներով, բարոյականությամբ, վարքուբարքով ու արյան, կաթի հետ փոխանցել է իր ամուր, անջնջելի նկարագիրը։ Կողքինի հոգսը հոգալը, կողքինի ցավն ու ուրախությունը կիսելը, սերն ու սրտացավությունը մարդ արարածի հանդեպ խաչիկցու ամենաբնորոշ հատկանիշն է։ Ես հիմա Երեւանում եմ ապրում՝ ամուսնուս ծննդավայրում, ու ամեն օր զգում եմ այն սիրո, ջերմության, մտերմության պակասը, որ կար մեր գյուղում։ Ես տխրում եմ, որ մարդիկ ապրում են կողք կողքի, բայց իրարից հեռու։ Որ մարդիկ իրենց ցավը տանում են մենակ, առանց աջակցության, առանց կարեկից խոսքի։ Խաչիկում մարդը մարդուն բարեկամ էր, սրտակից էր։
Մեր գյուղում հյուրի առաջ սեղան բացելը պատվի խնդիր էր։ Ո՞ւմ մտքով կանցներ սուրճով ճանապարհել հյուրին։ Հացը սիրո, սրտաբացության, հարգանքի խորհրդանիշ էր։ Վերջին կոպեկը կտային, բայց կհյուրասիրեին՝ ինչպես հարկն է։ Հյուրասիրությունը մի ամբողջ արարողություն էր՝ ավանդական կոլորիտով, ջերմությամբ, մաղթանքներով, հայավարի… Մեր գյուղացիները փող էին ծախսում միայն հագուստ ու կենցաղային իրեր գնելու համար, սնունդը, մթերքը իրենց ձեռքերով էին ստեղծում։ Հացը մեր ցանած-աճեցրած ցորենի ալյուրից էինք թխում, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը մեր հողից էր, մեր այգուց, միսը, կաթնամթերքը՝ մեր պահած անասունից՝ մեր կովից, ոչխարից, հավից, մեր հալալ քրտինքով, մեր աշխատանքով ստեղծված։ Ու մեր բարիքն անմահական էր։
Մեր գյուղի ծերերը հարգված էին։ Ընտանիքները մեծ էին, ամուր, համերաշխ ու առաքինի։ Ես ապրում էի պապիս, տատիս, ծնողներիս ու չորս եղբայրներիս հետ։ Երբ պապս ներս էր մտնում, մայրս շշուկով էր խոսում…
Իմ մանկության հիշողություններն ու տպավորությունները ամբողջական չեն լինի, եթե ես չպատմեմ պատերազմի մասին։ Երբ պատերազմն սկսվեց, ես տասը տարեկան էի։ Հայրս այդ ժամանակ ռազմագիտություն էր դասավանդում դպրոցում։ Նա թողեց աշխատանքն ու գնաց սահման։ Հորս հետ նաեւ երկու եղբայրներս՝ Արթուրն ու Անուշավանը։ Հանկարծ մի սարսափելի խորշակ անցավ գյուղի վրայով, իր հետ տարավ ուրախությունը, ծիծաղը, անհոգությունը։ Մեր տան երեք տղամարդիկ սահմանին էին, մենք՝ փոքրերով՝ տանը, մայրիկի, տատիկի կողքին, մեզ հետ՝ նաեւ նորածին եղբայրս։ Երբ թուրքերն սկսում էին ռմբակոծել գյուղը, մարդիկ վազում էին նկուղ, որը պատերազմի ժամանակ նոր անուն էր ստացել՝ ապաստարան։ Գետինը ցնցվում էր ահեղ դղրդյունով, ու մենք հասկանում էինք, որ էլի ինչ-որ մեկի տունը հավասարվեց հողին։ Ու էլի ինչ-որ մեկը՝ մեզնից մեկը, իր դռները կբացի հարեւանի առաջ ու իր տուն կառնի անօթեւան ընտանիքը։
Մարդիկ չէին լքում գյուղը, նույնիսկ ծերերն ու երեխաները մնում էին գյուղում, որ տղամարդիկ ավելի ուժեղ, ավելի ամուր լինեն սահմանին։ Երբ ռմբակոծությունը ուժեղանում էր, երբեմն որոշ ժամանակով ծերերին ու երեխաներին տանում էին գյուղից, բայց շատերը հրաժարվում էին։ Օրինակ, իմ ընտանիքը երբեք չէր լքում գյուղը։ Տատս ասում էր. «Իմ տղան, թոռներս սահմանին են, թուրքի գնդակի առաջ, ես կյանքս փրկելու մասի՞ն պիտի մտածեմ»։ Մայրս ասում էր. «Ամուսնուս ու երեխաներիս կողքին պիտի լինեմ»։ Ու մնում էին՝ մենք էլ իրենց հետ։ Ու երբ հերթական ռմբակոծության ժամանակ ես տանը մենակ էի լինում, տասը տարեկան երեխա՝ նորածին եղբորս գրկած վազում էի նկուղ։ Սկզբում վախենում էի, հետո սովորեցի, մի տեսակ վախն անցավ։ Վարժվեցի կրակոցներին, գրադի արկերի պայթյունին, ռումբերի ոռնոցին, օդում տարածվող հրավառությանը։ Երբ հողն սկսում էր ցնցվել, ու ռումբերը դղրդյունով ընկնում էին գյուղի վրա, մի քանի րոպե տեղում կծկվում էի, հետո շարունակում էի խաղալ՝ պարան, գնդակ։ Բայց հիմա… զարմանալի բան է, հիմա ես վախենում եմ պայթյունի ձայնից։ Պատերազմից մոտ 20 տարի է անցել, բայց երբ հրավառություն է լինում, ես ակամա սկսում եմ դողալ, ու արցունքներս ինքնաբերաբար հոսում են։ Ես գիտակցում եմ, որ տոնական հրավառություն է, ոչ մի վտանգ չկա, բայց պայթյունի ձայնը տակնուվրա է անում հոգիս։
Այդուհանդերձ, պատերազմը չկարողացավ փոխել մեզ։ Պատերազմը չկարողացավ խլել մեր հոգու լույսը, սերը, ջերմությունը։ Մեր մարդասիրությունը։ Պատերազմը չկարողացավ կարծրացնել մեր հոգին, լցնել դաժանությամբ ու վրեժով։ …Այդ օրը ընկերուհուս տանն էի գիշերել (պատերազմի ժամանակ նրա մորը թուրքերը սպանել էին ցորենի արտում)։ Լուսադեմին ինչ-որ աղմուկ լսեցինք։ Պարզվեց՝ ընկերուհուս հայրը դուրս է եկել բակ ու տեսել է պատի մոտ նստած մի զինվորի։ Հարցուփորձ է արել, բայց զինվորը ադրբեջաներեն է պատասխանել։ Ասել է, որ կտրվել է խմբից ու մոլորվել։ …Նույնիսկ ես, որ այդքան լավ եմ ճանաչում համագյուղացիներիս, գիտեմ, թե որքան մարդասեր ու գթասիրտ են նրանք, ապշած մնացի։ Ցրտից կապտած զինվորին ներս առան, տաք թեյ տվեցին, կերակրեցին։ Հետո զանգեցին մոտակա զորամաս ու հանձնեցին զինվորականներին։ Որոշ ժամանակ անց ադրբեջանցի զինվորը վերադարձավ հայրենիք։ Մենք այդպիսին ենք, որքան խիզախ ու ինքնազոհ ենք պատերազմի դաշտում, նույնքան մարդկային ու գթասիրտ ենք, եթե նույնիսկ մեր առջեւ թշնամու զինվոր է՝ 18 տարեկան պատանի։ Եթե նույնիսկ այդ թշնամին ժամանակին հոշոտել է մեր հարազատներին… Մի օր այս դեպքը պատմեցի օտարերկրացի բարեկամիս։ Ասաց. «Թուլություն է այդքան գթասիրտ լինելը»։ Իսկ ես գիտեմ, որ մեր ուժը հենց այդ «թուլության» մեջ է, որ մեզ հենց այդ «թուլությունն» է ապրեցրել՝ մեր սիրո ուժը, մեր գթասրտության ուժը, մեր բարության ուժը։
…Երբ պատերազմն ավարտվեց, հայրս ու եղբայրներս վերադարձան սահմանից։ Հայրս արդեն զինվորագրվել էր ազգային բանակին, ծառայում էր զորամասում, իսկ եղբայրներս կռվել էին իրենց բաժին կռիվը ու պատրաստվում էին ծառայել ազգային բանակում՝ որպես ժամետային զինծառայող։ Սկզբում զորակոչվեց ավագ եղբայրս՝ Արթուրը, մեկ տարի անց բանակ գնաց Անուշավանը։ Իսկ երբ Անուշավանը զորացրվեց, զինվորացավ Արտակը։ Այսինքն՝ պատերազմի առաջին օրվանից մինչեւ 2000թ. մեր ընտանիքի տղամարդիկ սահմանին էին՝ սկզբում երեքը միասին, հետո իրար փոխարինելով, իսկ մայրս… Ես երբեք չեմ լսել նրա տրտունջը, դիմանում էր արժանապատվորեն, իր բաժին Աստծուն ապավինած։ Եղբայրներս երբեմն զանգում էին, երբ իջնում էին դիրքերից, զանգում էին, որ ասեն՝ ամեն ինչ լավ է, իմ մասին չմտածեք, ձեզ լավ նայեք։ Իսկ ով չգիտի, թե որքան դժվար էր զինվորի կյանքը բանակաշինության առաջին տարիներին, թե որքան դժվար է երիտասարդ տղայի համար հանել ֆիդայու համազգեստն ու անմիջապես զինվորի համազգեստ հագնել եւ մեկնել սահման։ Արթուրն ու Անուշավանը պատանեկություն չտեսան։ Նրանք ժամանակից շուտ հասունացան։ Երկուսն էլ տարիքին անհարիր լուրջ են, խոհուն, ծանրակշիռ։
2000թ. անմոռաց էր իմ ընտանիքի համար. վերջապես բոլորս տանն էինք։ Հայրս առողջության պատճառով զորացրվեց եւ սկսեց կրկին ռազմագիտություն դասավանդել դպրոցում։ Արտակը ավարտեց զինվորական ծառայությունն ու վերադարձավ տուն։ Ու 10 տարվա ընդմիջումից հետո իմ ընտանիքը ամբողջ կազմով տուն եկավ։ Բայց… ինչ-որ բան առաջվանը չէր։ Ես զարմանքով նկատեցի, որ մի տեսակ քաշվում եմ հորիցս. ախր տարիներ շարունակ համարյա չէի տեսել նրան։ Առավոտ կանուխ գնում էր զորամաս, վերադառնում էր կեսգիշերին։ Զարմանքով նկատեցի, որ ավագ եղբայրներս հոր պես են վերաբերվում ինձ, ու ես նրանց ներկայությունից կաշկանդվում եմ։ Ես էլ իմ հերթին մոր պես եմ վերաբերվում կրտսեր եղբորս, որն իմ ձեռքերի վրա է մեծացել, երբ մայրս հոգում էր մեր ընտանիքի անհատնում հոգսերը պատերազմի ծանր տարիներին։
2009-ին մենք բանակ ճանապարհեցինք կրտսեր եղբորս։ 9 տարվա ընդմիջումից հետո կրկին զինվոր ունեցանք՝ չորրորդ զինվորը։ Արմենը ավագ եղբայրների նման իր զինվորական պարտքը կատարեց անտրտունջ, տղամարդավարի ու շուտով կզորացրվի։ Բայց մեր կապը բանակի հետ չի կտրվի։ Որովհետեւ արդեն մեծանում են իմ եւ եղբայրներիս զավակները…
…Պատահական չէր, որ ես ընտրեցի ռազմական լրագրողի մասնագիտությունը։ Իմ մագիստրոսական թեզը «Պատերազմի վավերագիրները» թեմայով էր։ Ես փնտրեցի, գտա բոլոր այն լրագրողներին, ովքեր պատերազմի ժամանակ եղել են ռազմիկների կողքին, արձանագրեցի նրանց հիշողություններն ու տպավորությունները ու «Պատերազմի վավերագիրները» վերտառությամբ շարք տպագրեցի «Երկիր» թերթում։ Ես չեմ կարողանում հեռանալ պատերազմից, ես չեմ կարողանում շրջել իմ կյանքի այդ էջը։ Ու միշտ պատերազմի թեման լինելու է ամենագլխավորը իմ լրագրողական գործունեության մեջ։
Ես երկու որդի ունեմ՝ Դավիթն ու Նարեկը։ Ես նրանց խաչիկցու ոգով եմ դաստիարակում։ Դավիթս դեռ չէր խոսում, բայց Հայաստանի հիմնը լսելիս ոտքի էր կանգնում ու ձեռքը դնում սրտին (ես էի սովորեցրել)։ Ամեն ինչ կանեմ, որ նրանք իսկական հայ տղամարդ դառնան՝ պինդ, խիզախ, արժանապատիվ, խելացի։ Որ սիրեն հայրենիքը։ Երազում եմ նրանց տեսնել զինվորական համազգեստով։ Գիտեմ՝ մի օր նրանք զենքը ձեռքին կկանգնեն Խաչիկի սահմանին, կշնչեն մեր լեռների մաքուր օդը, կնայեն մեր երկնամերձ լեռներին, կաղոթեն մեր Քարակոփ եկեղեցում ու առանց խրատ-քարոզի էլ կհասկանան Հայաստան հայրենիքի մեծությունը, հայրենիքի արժեքը, հայրենիքի սերը։ Ու այդ սերը նրանց զինվոր կդարձնի։
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Բանակ և հասարակություն