Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԻՆՈՅՈՒՄ



«Փոքր Մհեր» կրթահամալիրի պետ գնդապետ Արա Մուրադյանը Արցախյան պատերազմի թոհուբոհով է անցել, կռվել է Ս. Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող սպայական գնդի կազմում, ապա «Կոմանդոս» ջոկատում։ Պատերազմական օրերից գնդապետը տարբեր դրվագներ է պատմում կրթահամալիրի սաներին, պատմում է մարտական ընկերների անձնազոհ սխրանքների մասին։ Գնդապետը հավատացած է, որ մեր զինվորները, անցյալի եւ նորօրյա հերոսների ոգով ներշնչված, մի օր ազատագրելու են նաեւ մեր գերյալ տարածքները՝ Մուշը, Սասունը, Վանը… Ղարաբաղը սկիզբն է…

Արկադի Տեր-Թադեւոսյանի ջոկատում էի կռվում։ Նրան կոմանդիր էինք կոչում։ Սկզբում թվով քիչ էինք, եւ այդ պատճառով Կոմանդոսը մեզ հուշեց «խփիր եւ փախիր» ռազմական մեթոդը: Մենք խփում էինք եւ փախչում: Մինչ թշնամին ուժերը կենտրոնացնում էր այդ ուղղությամբ մեզ հարվածելու համար, մենք մի այլ կետից էինք գրոհում: Այդ մարտավարությունը մեզ շատ օգնեց։ Ասացի, որ դա «կոմանդոս» մեթոդն է, ու ակամա դարձա Ա. Տեր-Թադեւոսյանի մականվան հեղինակը։ Այսպես մեր ջոկատը կոչվեց «Կոմանդոս»՝ Կոմանդոսի ղեկավարությամբ։
♦♦♦
….Արցախի կանչին հայերից բացի արձագանքեցին նաեւ շատ ու շատ այլազգիներ։ Նրանք էլ մեզ պես, մեզ հավասար իրենց ուսերին տարան պատերազմի ողջ ծանրությունը. կռվեցին, վիրավորվեցին, զոհվեցին ու… հերոսացան։
Նրանցից երկուսի մասին հատկապես կցանկանայի պատմել։ Ռուս Վլադիմիր Վիկտորովիչ Վորոնովը (ծնվել է 1971թ., Աստրախանում), որոշ ժամանակ ծառայել է Հեռավոր Արեւելքում։ Կրտսեր սերժանտ Վլադիմիրն ուղարկվել է Թբիլիսի՝ շարունակելու հետագա ծառայությունը) եւ կորեացի Կան Դեն Չուն (ծնվել է Սախալինի Չելեգոբսկի շրջանի Տելնովսկի ավանում։ Ծառայել է Պետրոպավլովսկ-Կամչատսկում որպես տանկի հրամանատար)։ Ավագ սերժանտ Կան Դեն Չունը նույնպես ուղարկվել է Թբիլիսի՝ հետագա ծառայությունը շարունակելու։ Այս երկու երիտասարդն էլ պետք է ծառայեին արդեն փլուզվող ԽՍՀՄ բանակում։ Թբիլիսիում տեղեկանալով, որ իրենց ուզում են ուղարկել Կիրովաբադ, այնտեղից էլ Ղարաբաղ՝ հայերի դեմ կռվելու, որոշում են փախչել, քանզի քիչ թե շատ ծանոթ էին պատմությանը եւ պատրաստ էին լինել նրանց կողքին, ովքեր ուզում էին վերականգնել պատմական արդարությունը։
Եվ ահա գալիս են Երեւան եւ ցանկություն հայտնում սահման մեկնելու։ Մասնակցում են Բուզլուխի, Հադրութի մարտերին։ Երբ Հայաստան աշխարհը մի փոքր խաղաղվեց, ՊԿ-ն որոշեց զորացրել Վլադիմիր Վորոնովին եւ Կան Դեն Չունին՝ նրանց հանձնելով զինգրքույկ, որտեղ նշված է, որ 28.06-24.12.1991թ. երիտասարդները ծառայել են Հայաստանում։
Այդ օրերից ուղիղ 20 տարի է անցել։ Մինչ օրս նրանց մասին որեւէ տեղեկություն չունեմ։ Շատ կցանկանայի իմանալ, թե ինչպես դասավորվեց այդ երկու հրաշալի երիտասարդների կյանքը, որոնք թեեւ մեզ արյունակից չէին, բայց հարազատի սրտացավությամբ կռվեցին մեր հողի համար…
♦♦♦
Պատերազմական օրերին մի հրաշալի ընկեր ունեի՝ Վաչագանը։ Երեւանցի էր, մասնակցել էր Երասխի, Տավուշի, Իջեւանի թեժ մարտերին։ Նրա հետ ծանոթացել էի Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Նա անգամ մարտերի կարճատեւ դադարների ժամանակ հայապահպան գործունեությամբ էր զբաղվում՝ հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում Վաղուհասի դպրոցում։ Վաչագանին է՛լ ավելի լավ ճանաչեցի, երբ միասին գնացինք հետախուզության։ Հոգնած էինք, 12 ժամ քայլել էինք։ Դա մեր առաջին երթն էր, ու քանի որ մասնագիտությամբ երկրաբան էի, ես էի տղաներին քարտեզով առաջնորդել՝ անընդհատ ճանապարհին զգուշացնելով բոլոր բնական արգելքների մասին։ Մութը միանգամից ընկավ։ Հեռվում երեւում էին ադրբեջանական գյուղի լույսերը։ Որոշեցինք գիշերել։ Սկզբում հերթապահության պիտի կանգներ Վաչիկը, հետո՝ ես։ Անչափ հոգնած էինք ու միանգամից քնեցինք։ Առավոտյան ժամը հինգին միայն արթնացա, վեր թռա ու.
-Վաչի՛կ, ախր, դու ինձ պիտի ժամը երկուսին արթնացնեիր։
-Դու հանգիստ քնիր, առավոտյան դեռ մեզ պետք է առաջնորդես ու ճանապարհ ցույց տաս,- առարկություն չընդունող տոնով ասաց Վաչիկը։
…Մի անգամ էլ, հիշում եմ, դաշտը պետք է ականազերծեինք։ Ասացի, որ ինքս կանեմ, որ սխալվելու դեպքում գոնե միայն ես զոհվեմ։ Գլուխս կախ գործս եմ անում, մեկ էլ տեսնեմ՝ Վաչիկն ավտոմատը ձեռքին ինձ է պաշտպանում։ Խնդրեցի հեռանալ։ Ասաց.
-Տեղանքն ամբողջովին բաց է, եւ թշնամին ամեն րոպե կարող է կրակել։
-Բա որ ականը հանկարծ պայթի՞,- ընդդիմացա։
-Ես քեզ հավատում եմ ինչպես ինքս ինձ…
Ուրիշ էր Վաչիկը, միշտ կողքիդ, միշտ հասնող, նվիրյալ ու անձնազոհ։
…Տղաները գնացել էին բանակցության։ Արդեն երկար ժամանակ էր անցել, բայց չէին երեւում։ Վաչիկն անհանգիստ էր, միայնակ գրոհի է դուրս գալիս ու թշնամու կրակի տակ ընկնելով՝ զոհվում…
♦♦♦
…Կոմանդոսը սկզբում չէր ցանկանում, որ ես մարտական թեժ գծում հայտնվեմ՝ բացատրելով, որ եթե հանկարծ հարկադրված լինենք նահանջել, ապա սակրավորի իմ մասնագիտությունն անհրաժեշտ կլինի կամուրջն ականապատելու եւ պայթեցնելու համար. նման ձեւով կկանխեինք թշնամու առաջխաղացումը։ Շատ պնդեցի, եւ Կոմանդոսը զիջեց։ Երեք օր հետո կռվից հաղթանակած վերադարձանք։ Կոմանդոսը ժպտալով հարցրեց. «Հը՞, ո՞նց էր, Արայիկ, կռիվը»։ Պատասխանեցի. «Ինչպես կինոյում». ամեն մեկս, ասես, գլխավոր հերոս լիներ։ Ամեն մեկս հասկանում եւ գիտակցում էր, որ հաղթանակի, խաղաղության գործում փոքր չէ նաեւ իր դերը, եւ կռվում էինք աշխարհում ամեն ինչի մասին մոռացած։ Պետք է հաղթել. սա մեր որոշումն էր եւ հավատամքը։ Ու ասես գերբնական մի ուժ, վերերկրային զորություն սատարում էր մեզ։
Իսկապես, ամեն ինչ ոնց որ կինոյում լիներ։ Միայն ցավոք, իրական էր մահը… Ափսոս, որ այսօր իմ կողքիմ չեն իմ հրաշալի մարտական ընկերներից շատերը…

Գրի առավ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Ճակատագրեր


24/03/2011