Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԲԵՐՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ. ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԼ «ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ»



Տեղեկատվական դաշտում պարբերաբար ակտիվանում է հայ-ադրբեջանական կիբերպատերազմը. հակառակորդի հաքերների հարձակումներին են ենթարկվում թե՛ պետական ու մասնավոր կայքերը և թե՛ տեղեկատվական համակարգերը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքերի, առավել ևս` սոցկայքերի օգտատերերը պետք է զգոն լինեն իրենց էջերի և գաղտնաբառերի նկատմամբ, հատկապես` պետական աշխատողներն ու զինվորականները, տիրապետեն կիբերանվտանգության մշակույթի պարզագույն պահանջներին:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպիսի՞ իրավիճակ է այսօր տիրում հայ-ադրբեջանական կիբերպատերազմի դաշտում, որո՞նք են հայկական կողմին ուղղված հիմնական մարտահրավերները:

-Խոսելով կիբերանվտանգության դաշտում ներկայիս իրավիճակի մասին` նախևառաջ պետք է հստակ պատկերացնել այսօրվա համացանցը, որի տիրույթում կան մի քանի մեծ հատվածներ` պետական մարմինների կայքեր, մասնավոր սեգմենտ, որի մեջ մտնում են նաև լրատվական կայքերը, ապա և մասնավոր այն սեգմենտը, որի վրա ազդեցությունը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել հասարակության համար` նույն լրատվամիջոցները, բանկային համակարգը և այլ խոցելի հանգույցներ, օրինակ` էլեկտրացանցը: Պետական համակարգերի ցանցը Ազգային անվտանգության ծառայության հատուկ վերահսկողության տակ է, և այս մի քանի տարիների ընթացքում ադրբեջանական և թուրքական հաքերներին չի հաջողվել որևէ լուրջ վնաս հասցնել, ԼՂՀ նախարարությունների պաշտոնական կայքերը ժամանակ առ ժամանակ դառնում են ադրբեջանական մշտական հարձակումների թիրախ: Այսպես, օրինակ` հունվարին հակառակորդը կոտրել էր Արցախի մի քանի պետական կայք:

Մասնավոր հատվածում կայքերի պաշտպանվածության աստիճանը շատ տարբեր է: Կան կայքեր, որոնք շատ հեշտ է կոտրել, օրինակ` շատ հաճախելիություն ունեցող լրատվական կայքերը: Խոցելի հանգույցների սեգմենտում վիճակն այնպիսին է, որ որքան երկիրն ավելի է զարգանում, այնքան ավելի խոցելի է դառնում հենց այդ հատվածը: Օրինակ` մի քանի տարի առաջ չինական հաքերները ներխուժել էին Միացյալ Նահանգների էլեկտրացանցերի կառավարման հանգույցներ, թեև որևէ լուրջ բան չէին արել: Սրանք շատ լուրջ վտանգներ են և կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ: Եվս մեկ օրինակ` ԱՄՆ-ին և Իսրայելին հաջողվեց վիրուսի շնորհիվ մեկ տարով առկախել Իրանի միջուկային ծրագիրը:

Միաժամանակ պետք է նշել, որ հենց ադրբեջանցիների հարձակումների շնորհիվ մեր երկրում այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում կայքերի անվտանգությանը: Անցած տարիների համեմատ` ադրբեջանցի հաքերները քիչ կայքեր են կարողանում կոտրել:

– Վերջերս տեղեկատվություն տարածվեց, թե ադրբեջանական որոշ կայքեր կոտրել են հայաստանցի հաքերների՝ դեռ անհայտ խմբեր` տեղադրելով ռաբիս երաժշտություն, տարբեր պատկերներ: Որքանո՞վ է նման գործելաոճն ընդունելի:

-Նախևառաջ պետք է շեշտել, որ 2006-2007 թվականից սկսած՝ ադրբեջանցիներն իրենք են բավական ակտիվ հենց այդ դաշտում, և երկար տարիներ կիբերհարձակումները միակողմանի բնույթ էին կրում: Բայց վերջին երկու տարում մեզ մոտ ձևավորվել են հաքերային մի շարք խմբեր, որոնք պատասխան հարվածներ են հասցնում: Գործելաոճը տարբերվում է նրանով, որ ադրբեջանցիներն ավելի լուրջ են վերաբերվում այդ ամենին, քան մերոնք: Իհարկե, երբեմն նաև հայ հաքերներն են զավեշտալի բաներ անում: Բայց և այնպես, հայկական կողմի հասցրած լուրջ վնասներից մեկն էլ այն է, որ կոտրել են Ադրբեջանի քարոզչական ոլորտում աշխատող մի քանի լրագրողների անձնական էլեկտրոնային փոստերը և հրապարակել Վիքիպեդիայում գործող քարոզչական խմբի նամակագրությունը: Դրա շնորհիվ Վիքիպեդիան երկար ժամանակով արգելափակել էր ադրբեջանական այդ խմբերի մուտքը:

Կարելի է ասել, որ կայքերի վրա հարձակումները հիմնականում հոգեբանական խնդիր են լուծում, մանավանդ որ վնասը շատ արագ վերականգնվում է: Բացի այդ` երկու կողմն էլ հիմնականում թիրախ են դարձնում անպաշտպան կայքերը, որոնք ոչ մի կապ չունեն Արցախյան հիմնահարցի հետ: Տուժած կայքերի մեծ մասը պատկանում է դպրոցներին, մշակութային այլ կազմակերպությունների:

– Արդյոք լինու՞մ են դեպքեր, երբ հենց ադրբեջանցիներն են կոտրում իրենց կայքերը՝ մեղադրելով հայկական կողմին:

-Իհարկե: Մի քանի անգամ արդեն ադրբեջանցի հաքերներին «բռնացրել» են Ադրբեջանի ընդդիմադիրների կայքերը կոտրելու և մեղքը հայկական կողմի վրա բարդելու համար: Այսինքն` պետական մակարդակով ընդդիմադիրներին շարքից հանում են, բայց մեղադրում են հայերին: Նշեմ, որ հայկական հաքերները որպես օրենք չեն հարձակվում ընդդիմադիր լրատվամիջոցների կամ կուսակցությունների կայքերի վրա: Նրանց թիրախը պետական կամ բիզնես հատվածն է:

-Կարելի՞ է հայկական օգտատերերի էլեկտրոնային փոստարկղերի պարբերաբար կոտրումը կիբերպատերազմի մաս համարել:

– Ներթափանցելով հայկական կայքեր` ֆորումներ, սոցցանցեր, որտեղ մարդիկ գրանցում են իրենց անձնական տվյալները, հաքերները տիրանում են նրանց էլեկտրոնային փոստի հասցեներին ու գաղտնաբառերին: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ օգտատերերը նույն գաղտնաբառը միաժամանակ օգտագործում են մի քանի սոցցանցերում` ֆեյսբուքում, օդնոկլասնիկիում և այլն: Մինչդեռ անհրաժեշտ է տարբեր գաղտնաբառեր գործածել: Դա վերաբերում է թե՛ հասարակ քաղաքացիներին և թե՛ պետական ծառայողներին: Կարիք չկա բացել ամեն մի կայք կամ եկած հաղորդագրություն, ինչն ինքնին խոցելի է դարձնում էլեկտրոնային փոստարկղը: Հաճախ ֆեյսբուքով կամ օդնոկլասնիկիով արվում են հղումներ, որոնք հենց գաղտնաբառերը կորզող վիրուսներ են պարունակում:

-Իսկ սոցկայքերը կարելի՞ է դիտարկել որպես կիբերպատերազմի հարթակ:

-Այո՛, անշուշտ, մանավանդ` քարոզչության տեսակետից: Պետք է զգույշ լինել կեղծ «պրոֆիլներից», եթե մարդուն ծանոթ չեք: Հապճեպ պատրաստված ֆեյքերը կարող են միանգամից բացահայտվել: Հիմնականում դրանք շատ գեղեցիկ աղջիկների նկարներով են, քիչ գրություններով, հղումներով` որպեսզի զուտ ակտիվություն երևա: Պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղ են իրականացվել գրառումները, որտեղ է գտնվել տվյալ անձը: Առնվազն տարօրինակ է, եթե նա կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում է եղել: Սեփական փորձից օրինակ բերեմ. բացահայտվել էր լավ պատրաստված մի ֆեյք` ռուսաստանցի հայի: Ստեղծողները ուշադիր չէին եղել, մոռացել էին, որ առաջին գրառումը գրանցվել էր Բաքվում: Այժմ ստուգվում են նաև հայտնի անձանց էջերի իսկությունը:

-Սոցկայքերը կարո՞ղ են վիրուս տարածել:

– Քանի որ սոցկայքերը հասանելի են բոլորին, ուրեմն կարող են նաև վիրուս տարածել: Եթե ձեր ծանոթը հանկարծ սկսում է գրել անհասկանալի ոճով ու լեզվով, տարօրինակ գործողություններ անել, ապա պետք է զգուշանալ վիրուսներից:

-Ինչի՞ց պետք է զգուշանա զինվորականը սոցկայքերի պարագայում:

-Զինվորականները պետք է հիշեն, որ սոցկայքերում հակառակորդի առաջին թիրախը հենց իրենք են։ Նրանք կարող են մի քանի զինվորականների ընդամենը մի հարց տալ և համադրելով պատասխանները՝ ընդհանրական պատկեր ստանալ։ Նրանց ուշադրության կենտրոնում է, թե ինչ է գրառում տվյալ անձը, ինչ լուսանկարներ ունի, ինչ համայնապատկերի վրա է նկարված։ Պետք է ուշադիր լինել սեփական գրառումների նկատմամբ և համոզվել, որ դրանք չափից շատ տեղեկություն չեն պարունակում։ Ընդհանրապես՝ զինվորականը պետք է հետևի «համացանցային հիգիենային», պարբերաբար ստուգի գաղտնաբառերը, խուսափի անծանոթների հետ շփումից։

-Ե՞րբ սպասել ադրբեջանական հաքերների հնարավոր մյուս գրոհին:

-Փետրվարի վերջին, քանի որ Խոջալուի դեպքերի հերթական տարելիցն է:

-Բացի ադրբեջանցի հաքերներից, ո՞վքեր են մեզ սպառնում:

-Ընդհանրապես, կան նաև սկսնակ խմբեր, որոնք փորձելով ինքնահաստատվել` կոտրում են տարբեր երկրների կայքեր. որքան շատ կայք են կոտրում, այնքան մեծ է լինում օգուտը: Հնարավոր է նաև անկանխատեսելի հաքերական հարձակում ցանկացած երկրից: Նրանց համար միևնույն է՝ կայքը հայկակա՞ն է, թե ոչ: Հատուկ հայերի դեմ աշխատում են ադրբեջանցիներն ու թուրքերը: Իսկ ադրբեջանցիների դեմ աշխատում են նաև իրանցիները: Օրինակ` երկու տարի առաջ իրանցիները կոտրել էին ադրբեջանական գրեթե բոլոր պետական կայքերը: Հայերն ինքնահաստատվելու կարիք չունեն և կոտրում են միայն ադրբեջանական կամ թուրքական կայքերը: Բացառվում է նաև, որ հայ հաքերները տեղական կայքեր կոտրեն:

Զրուցեց ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/02/2014