Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԱՆԿԱԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ



Երբ կազմավորվեց Մասիսի «Զորավար Անդրանիկ» աշխարհազորային ջոկատը, առաջին անգամ սահման դուրս գալուց հրամանատար Գնել (Գագիկ) Մանուկյանը որոշեց այցելել Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ տիրոջ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի օրհնությունն ստանալու։

-40 ազատամարտիկ, խորհրդանշական թվով տղաների հետ վաղ առավոտյան մեկնեցինք Սուրբ Էջմիածին,- վերհիշում է հրամանատարը,- Մայր Աթոռում մեզ դիմավորեց Վեհափառը, օրհնեց բոլորիս, խաչակնքեց։ Հարցրեց, թե կա՞ն չմկրտվածներ, և 14 հոգու մկրտեց։ Հերթով համբուրում էինք Վեհափառի աջը և տալիս հին ֆիդայական երդումը, որն ավարտվում էր այսպես. «Բարով արժանանանք հրեղեն գնդակի համբույրին»։ Վեհափառը պահպանիչ աղոթքով հերթով ձեռքը դնում էր գլխներիս, օրհնանքի խոսքեր շշնջում։ Անմոռաց օր էր, հուզվել էինք բոլորս, գոտեպնդվել։ Մեր երդման տեքստը մինչ օրս պահպանվում է Մայր Աթոռում։ Վեհափառի օրհնանքից զորացած դուրս եկանք հայրենի սահմանները պաշտպանելու։ Ինչե՜ր եղան, ինչե՜ր անցան մեր գլխով, ինչ ճակատամարտեր, նահանջ ու հաղթանակ։ Եվ ամեն անգամ, երբ լինում էին անելանելի, դժվարին վիճակներ, զգում էինք Վեհափառի աջի զորությունը, հիշում էինք նրա խոսքերը.

-Զավակնե՛րս, դուք այսուհետ հայրենյաց զինվորներ եք. հայ ժողովուրդը, ձեր մայրերը, քույրերը, կանայք ու զավակները թող միշտ բարով արժանանան ձեր ցանկալի տեսությանը…

Գ.Շ.

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Հոգևոր-մշակութային


13/02/2014