Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԻ ՈՐԴԻՆ



ՊԵՏՈՆ, ՀՐԱՉԸ և ՄՅՈՒՍՆԵՐԸ…

Պատերազմն իր օրինաչափությունն ունի՝ ընթացքն ու ավարտը, տարբեր երեսները, և ինքն է տնօրինողը մարդկային ճակատագրերի: Շատ ավելի ծանր է, սակայն, երբ այդ չարիքին նայում ես երեխայի աչքերով…

Արցախյան ազատամարտն էլ ունեցավ պատանի տղաների` «գնդի որդիների» իր բանակը, որոնք մոռացած մանկություն, վառոդի հոտն զգացին իրենց քիմքին: Նրանք իրենց կյանքի ամենակարևոր դասը՝ արդարության համար ճշմարիտ կռիվը, սերտեցին հենց պատերազմի թոհ ու բոհում՝ մոռացած մանկության իրենց երազանքը… Եվ նրանք պատերազմն այսօր կրում են իրենց մեջ՝ իրենց հուշերում, կրում են թանկ մասունքի նման:

…Պատերազմի երեխաներ, վաղաժամ հոգիներ, որոնք կարծրացան դաժան հարվածներից ու կորուստներից: Տեսնես ինչի՞ մասին են մտածել, երազել, ինչպե՞ս են կրել մանկական հոգուն հասցված տառապանքի առաջին ցավն ու մրմուռը… Արդեն տղամարդ դարձած ու կայացած այդ պատանիներից շատերի համար պատերազմական հուշ-հիշողություններն այսօր ապրեցնող են: Հուշ-հիշողություններ, որ նույնիսկ պատերազմը չի կարող խլել:

Երմակ (Անդրանիկ) Մնացականյանը Արցախյան պատերազմի այդ երեխաներից է, նրան բոլորը գիտեն որպես Շուշիի առանձնակի գումարտակի Գնդի որդի… Հիշողության կարոտ, անհուն կարոտ կա նրա հոգում առ Պետոն (Պետրոս Ղևոնդյան), Ագնևոյի Հրաչը (Հրաչ Գասպարյան), կարոտ առ պատերազմական մանկություն: Արդեն 30 տարեկան է, բայց հիշողության արահետով հետ գնալիս` կարծես նորեն մանկանում է, նորեն նրանց կողքին է…

Նույնիսկ տարիներ անց, երբ կարոտը խեղդում է` Անդրանիկը գնում, բարձրանում է Շուշի, շրջում այն շենքի մոտ, որտեղ տեղակայված էր գումարտակը, շոյում արդեն կիսախարխուլ դարձած պատերը, շոշափում քարերը. կարծես մատներով զգալ է ուզում անցած ժամանակը, նրանց հետքերը: Սա է իր մանկությունը, իր կռվով ու հերոսներով՝ իրակա՛ն հերոսներով: Հիշողությունը զորեղ է ժամանակից:

…1992 թվականն էր: Հաղթանակների ու կորուստների տարի: Շուշին ազատագրված էր: Գումարտակը տեղակայված էր քաղաքի նախկին առողջարանի շենքում: Մի քանի ազատամարտիկներ շրջապատել էին շեկլիկ, նուրբ, բայց համառ դիմագծերով, հարց ու փորձին համարձակ պատասխաններ տվող մի երեխայի: Ո՞վ է, որտեղի՞ց հայտնվեց: Երմակը 9 տարեկան էր: Ճակատագիրը, դժվար մանկությունը, երազանքների փնտրտուքը, զինվոր դառնալու ցանկությունը նրան բերել, հասցրել էին Շուշի՝ ազատամարտիկների մոտ: Նա իր տունը, օջախն ու ջերմությունը գտավ գումարտակում: Տղաները նրան տվեցին Անդրանիկ անունը, դարձավ գնդի որդին ու բոլորի սիրելին:

Շուշիի առանձնակի գումարտակի նկարներից մեկում` Ագնևոյի Հրաչի գրկում ծվարած 9-ամյա Անդրանիկն է, որ կարծես մարտիկի ձեռքերում է գտել իր հոգուն պակասող ջերմությունը, պատսպարվել աշխարհի ամենայն չարից:

Անդրանիկի հիշողությունները տարբեր են, բայց ամենալուսավորներն ու թանկը կապված են Պետոյի ու Հրաչի հետ: Մեր զրույցի ընթացքում, ջերմ ժպիտը դեմքին, անընդհատ հիշում էր.

– Պետոյին շատ էի սիրում, բայց ամաչում էի… Չարաճճի էի, ու մի վատ սովորություն ունեի` «սիրում էի» հայհոյել: Բայց Պետոն չէր բարկանում, այլ հանգիստ բացատրում էր` «Անդո՛ ջան, տղամարդ ես` զո՛ւսպ եղիր»: Երբեք ձայնը չէր բարձրացնում ինձ վրա, նույնիսկ ծայրահեղ վատ արարքիս համար: Հակառակը, հանգիստ և զուսպ ձայնով կասեր. «Անդո՛, դու երկու օր զրկվեցիր պահուստայինից ու կրակելուց, դասի՛ կգնաս…»: Իսկ ես դպրոց գնալու և սովորելու հետ սեր չունեի, այն էլ պատերազմի ժամանակ: Մի անգամ էլ բռնացրեց ծխելուց: Հիշում եմ՝ դեմ դիմաց ելանք ու խստաբարո, բայց հայրաբար, ուղիղ աչքերիս մեջ նայելով, հանդարտ ձայնով ասաց. «Հազար մարդ կա շուրջդ, ամեն մեկին մի՛ լսիր, մի՛ վստահիր…»: Գլուխս շոյեց ու գնաց… Պետոն ու Հրաչը իմ հերոսներն էին, նրանցով էի հիանում, նրանցով չափում հայ զինվորի ուժը, կամքը: Մեծի հետ մեծ էին, փոքրի հետ` փոքր: Պետոն որքան էլ հոգնած ու ջարդված վերադառնար մարտական գործողությունից` պիտի հարցներ դասերիս մասին, մի բան սովորեցներ, նույնը և Հրաչը: Ինձ զենքի դասեր էին տալիս… Մի օր էլ դասերից մեկի ժամանակ նամակ եկավ Հրաչին: Լավ լուր էր` տղա զավակ էր ունեցել: Կարդաց ու արցունքն աչքերին ինձ գրկելով՝ ասաց. «Անդո՛ ջան, քեզ ապերիկ է ծնվել»: Այնքա~ն կարոտ, ջերմություն զգացի այդ պահին ու գիտեմ` ինձ էլ իր հարազատ որդու նման սիրում էր…

♦♦♦

Իսկ այս պատմությունը, որի հերոսները Պետոն ու Հրաչն են, Անդրանիկը դեռ ոչ մեկի չի պատմել: Հատուկ շեշտեց, որ առաջին անգամ է խոսում այդ մասին:

– Մի օր՝ վաղ առավոտյան, Հրաչի հետևից սենյակից դուրս եկա ու տեսա, որ տան աստիճանների վրա տանիքից կախ թելով մի արկղ է իջեցված: Հրաչին հարցրի՝ ի՞նչ արկղ է: Նայեց ինձ ու ժպտալով պատասխանեց. «Երազանքների արկղ է, Անդո՛ ջան»: Որքան էլ ինձ մեծ էի զգում, բայց դեռ երեխա էի, հավատացի… Իսկ Հրաչը շարունակեց. «Եթե երազանքներդ գրես ու արկղի մեջ գցես, բոլորը կկատարվեն»: Հրաչին համոզելու ջանքերս, որ ինքն իմ փոխարեն գրի, հաջողություն չունեցան: Մտածում էի` նամակս գրագետ լինի: Մեկ էլ Հրաչը թե՝ «Անդո՛, դո՛ւ պետք է գրես, որ իրականանա»: Հիշում եմ՝ թևից կախված խնդրում էի. «Հրաչ ջա~ն, ես էնքան շատ բան եմ ուզում, որ չեմ կարող այդքան երկար նամակ գրել»: Վերջը համոզեցի. կեսը ես գրեցի, կեսը` ինքը:

Ի՞նչ էի երազում… Առանձին սենյակ, մեկ հատ լապտեր, զարթուցիչ, գրքերի դարակ ու սեղան, մի ուսուցիչ, որ հետս դաս պարապի, որպեսզի դպրոց չգնայի: Եվ սեփական զենք: Նամակը ծալեցինք միասին ու եկանք արկղի մոտ: Հիմա պետք է արկղը գցեմ: Ի՞նչ անեմ, արկղի բարձրությունն իմ երկու բոյին էր: Սկսեցի դես-դեն ցատկել: Չէր ստացվում: Հրաչը կանգնած ժպտում էր, մյուսները` ծիծաղում… Նամակը ձեռքիս մոտ կես ժամ ցատկում էի արկղի մոտ: Տղաներից օգնություն էի խնդրում, բայց բոլորը, կարծես խոսքները մեկ արած, ժպտադեմ մերժում էին: Հրաչը էլ չսպասեց, որ խնդրեմ, գրկեց ինձ, դրեց ուսերին, ու ես երազանքներիս նամակը գցեցի կախարդական արկղիկը: Սպասելն ավելի դժվար էր…

Երկու երկար ու ձիգ օր անցավ: Լռություն էր: Հրաչի մոտ գնացի` որևէ լուր իմանալու: Իրեն հատուկ բարությամբ պատասխանեց. «Մի քիչ էլ համբերի…»: Երրորդ օրը Պետոն ինձ կանչեց: Մոտեցա: Տեսա` նամակս ձեռքին է. «Անդո՛ ջան,- ասաց բարի ժպիտով,- էս քո նամակը, էս էլ քո ուզած լապտերը… Հաջորդը` զարթուցիչ ես ուզել, չէ՞… Քեզ զարթուցիչ պետք չի… Զարթնացնող կունենաս, ամեն օր մեկին կկարգադրեմ, որ քեզ արթնացնի, տանի ճաշարան, դպրոց ուղեկցի… էնտեղից էլ կբերեն գումարտակ, որ դասից չփախչես: Դասերդ էլ ինքս կստուգեմ: Ինչ վերաբերում է առանձնասենյակ ունենալուն` կարծեմ գումարտակի էս շենքի բոլոր սենյակներն էլ քոնն են… Վերջին երազանքիդ հետ կապված էլ ասեմ, որ պետք է լավ սովորես, որ հետո կարողանաս ռազմական ակադեմիա ընդունվել… Որ ընդունվես, էն ժամանակ էլ սեփական զենք կունենաս…»: Երազանքներս, թեև մասնակի, իրականացել էին հենց նրա` Պետոյի շնորհիվ… Իսկ այդ «կախարդական» արկղը, իրականում, բողոքների և առաջարկների համար էր:

Լսում եմ Անդրանիկին ու զգում, որ, իրոք, մարդկային մեծ զգացումների, զգացմունքների մասին դժվար է պատմել: Երկար լռությունից հետո շարունակում է.

– Տարածքի, շենքի ամեն անկյուն անգիր գիտեի… Վախ չկար մեջս: Նույնիսկ գրադից չէի վախենում: Երբ Ստեփանակերտը ռմբակոծում էին, բոլորը թաքնվում էին, իսկ ես դուրս էի փախչում` տեսնելու, թե ինչ է կատարվում: Շատ թափթփված երեխա էի, ու Պետոն շարունակ ինձ կարգի էր հրավիրում: Ինձ կոշիկ չէր դիմանում, նոր կոշիկը մեկ շաբաթից ավելի չէի հագնում: Մի օր Պետոն նայեց ոտքերիս ու շատ լուրջ ասաց. «Անդո՛ ջան, երևի ոտքերիցդ է, որ կոշիկներդ շուտ են պատռվում… Ի՞նչ անեմ…»: Հիշում եմ` ինձ մի էնպիսի գեղեցիկ ու լավ կոշիկներ նվիրեց, որ երկու ամիս հագա… Ճաշի կամ ուտելիքի ամենալավ բաժինը անպայման իմն էր: Ու հիշում եմ, որ նույնիսկ վերմիշելը շաքարավազով էի ուտում… Ինքս էլ պարապ չէի մնում… Եթե տղաների հետ չէի, ապա օգնում էի ճաշարանի կանանց` ջուր էի բերում, փայտ… Հետո, պատշգամբից կախված, հեռուներին նայելով` սպասում էի տղաներին: Պետոն դիրքերից վերադառնում էր ու կանչում. «Անդո~, արի՛…»: Բայց մինչ կկանչեր, արդեն նետվում էի մոտը: Մեծի նման բարևում էի, գրկում ու համբուրում: Երանի~ գոնե երազիս մեջ տեսնեի տղաներին:

Թալինի և Պռոշյանի ջոկատայինները, որոնցից շատերն արմատներով սասունցի էին, Անդրանիկին շատ էին սիրում: Մի օր էլ Թալինում՝ մի հավաքույթի ժամանակ, տղաների խոսակցություններից զգում է, որ ինչ-որ բան է պատահել, վատ բան, որ իրենից թաքցնում են… Սիրտը չէր խաբել: Պռոշյանցի Հրաչ Խաչատրյանն է (Կյաժ) միայն համարձակվում նրան ասել, որ Պետոն և Հրաչն այլևս չկան…

– Կանգնած տեղս դողում էի, ու աչքերովս արցունքի գետեր էին հոսում… Հիմա էլ, երբ շատ նեղված եմ լինում, ու անասելի կարոտը սկսում է խեղդել, Շուշի եմ գնում եւ նրանց եմ փնտրում…

♦♦♦

Անդրանիկը հետո մոտ երկու տարի ապրում է Թալինի Ագարակ գյուղում, Հրաչ Խաչատրյանի Անուշավան պապի ու Նվարդ տատի մոտ: Նրանց մասին խոսելիս՝ ասում է. «Պապս ու տատս ինձ շատ էին սիրում, ափսոս, որ հիմա չկան»: Ընտելանում է սասունցիների նիստուկացին, բառ ու բանին, նույնիսկ Արցախում շատերը գիտեն, որ նա սասունցի է: Հաճախ է լինում Թալինում, հյուրընկալվում ավագ մարտական ընկերներին:

Շատ հիշողություններ ունի արդեն 30 տարին բոլորած երիտասարդը: Սակայն կյանքի դաժան հարվածները նրան չեն չարացրել: Հասցրել է ծառայել հայոց բանակում: Հիշում է, որ ծառայության հենց սկզբում բոլորը, նույնիսկ վաշտի հրամանատարը, զարմացել էին, որ նորեկ զինվորը կատարյալ տիրապետում է բոլոր զենքերին: Ծառայությունից հետո ութ տարի աշխատել ու ապրել է Ֆիզուլիում, այնտեղ, որտեղ զոհվել էր Շուշիի հակատանկային դասակի հրամանատար Հրաչ Գասպարյանը:

– Եթե կարողանայի անցյալը հետ բերել, կփոխեի միայն կյանքիս այն հատվածը, որում շատ բացթողումներ եմ արել, իսկ մնացյալը կթողնեի անփոփոխ. չէ՞ որ էնտեղ տղերքն են, իմ ընկերները…

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


13/02/2014