ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ. «ՔԱՅԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՈՒ ԼԱՎԱՏԵՍ»
ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ԿՈՆԴԱԿՆԵՐԻՑ, ՔԱՐՈԶՆԵՐԻՑ ՈՒ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ
Հայ մնալ, հայ ապրիլ՝ կնշանակե մարդկային ոգեկանության վավերական ձեւերեն մեկը իրականացնել աշխարհի քաղաքակրթության հորիզոնին վրա, զի հայ ժողովուրդի հոգեւոր ու մշակութային ժառանգությունը համամարդկային արժեքներեն մին կհանդիսանա։
Հավատարիմ մնալ այդ ժառանգության՝ կնշանակե հայկական ազգային ձեւերու մեջ համամարդկայինը ապրիլ ու զարգացնել՝ ոգեկանության բարձր մակարդակի մը վրա։
1 հունիսի 1976թ.
♦♦♦
Տարակույս չկա, որ լավ է, եթե սփյուռք չունենայինք, եւ ամբողջ հայությունը, վեց-յոթը միլիոն, իր մայր հայրենիքին մեջ ապրեր։ Սակայն քանի որ մեր անցած դժբախտ պատմությունը այսպես է տնօրինած, եւ այս է մեր ճակատագիրը, պետք է մենք քաջությամբ ընդունինք այն եւ ոչ միայն աշխատինք պահպանել սփյուռքը, այլեւ այդ սփյուռքեն օգուտ ալ քաղենք մեր ժողովրդի ապագայի համար։ Հետեւաբար, մեր գիտակցության առջեւ սփյուռքահայ կյանքն ալ պետք է նկատվի հայ ժողովուրդի վերածնունդի եւ վերազարթոնքի ճանապարհին վրա զարգացող նոր իրականություն, նոր եկեղեցական ազգային ուժ։ Սփյուռքը պետք է ընդունինք իբրեւ կայուն իրականություն, մնայուն իրականություն եւ այդպես կազմակերպենք մեր կյանքը։ Կխորհինք, թե արդեն ժամանակն է, որ հայությունը ավելի կազմակերպված ձեւով, ծրագրված ձեւով, նպատակասլաց կերպով նայի իր կյանքին, իր ներկային եւ ապագային։
25 հունիսի 1978թ.
♦♦♦
Ամեն անգամ, երբ մենք՝ հայերս, ճակատագրական պահի մը, իրադարձության մը կամ վտանգի մը առջեւ գտնվինք, հայրենիքում կամ այլուր, Սարդարապատի ոգին է, որ պետք է արթննա մեր մեջ, որպեսզի մենք չշեղվինք մեր պատմության, մեր ժողովուրդի զարգացման ուղիղ ճանապարհեն։ Սարդարապատի հաղթանակը երեկվան, այսօրվան համար չէ միայն, այլ բոլոր հնարավոր Հայաստաններու համար է այժմ եւ հավիտյան։
27 մայիսի 1979թ.
♦♦♦
Ծիծեռնակաբերդը Թաբոր լեռն է մեր ազգին, մանավանդ հայաստանցիներուն, ուր բոլոր հայերը առանց խտրության, հոգեւին կմիաձուլվին, կպայծառակերպվին, կթոթափեն իրենց վրայեն ամեն տեսակի տարբերություններ, հեռավորություններ։
Կբարձրանան հայերը Ծիծեռնակաբերդն ի վեր, խիտ շարքերով՝ լուռ, ինքնամփոփ, ինքնամոռաց, առանց շատախոսության, առանց ցուցադրական դրսեւորումներու, առանց անհավասարակշիռ արարքներու։ Հայ հոգին է, որ հեղեղի պես կհոսի անվերջ, համաչափ, կարգապահ։ Ամեն ինչ բնական է ու հարազատ, ամեն ինչ անկեղծ է ու անարատ։ Բոլորը կքայլին կողք կողքի, եղբայրացած, իբր հինուհին ծանոթներ, մտերիմներ։ Հայկ Նահապետի օրերեն ի վեր՝ մեկը մյուսին ուղեկիցներ, մեկը մյուսին հնազանդ զինվորյալներ□
Հրաշալի երեւույթ է, որ հայ ժողովուրդը հազար եւ հինգ հարյուր տարիներ շարունակ սրբությամբ պահպանել է հիշատակը Վարդանանց հերոսամարտի, իր փոթորկահույզ պատմության ողջ ընթացքում, իսկ Հայ եկեղեցին, իբրեւ հարազատ արտահայտիչը իր ժողովրդի ազգային զգացմունքների, նվիրագործել է այդ հերոսամարտը։ Այս երեւույթը հավանաբար եզակի է ժողովուրդների պատմության հորիզոնի վրա։ Հիրավի, բազմաթիվ ազգեր անցյալում ունեցել են Վարդանանց հերոսամարտի նման պատերազմներ, շատ անգամ հաղթական արդյունքներով, սակայն մենք գոնե չենք հիշում մի նման պատերազմ, որի հիշատակը սրբացված լինի Եկեղեցու կողմից եւ դարեր շարունակ անընդմեջ, մինչեւ այսօր ամեն տարի նույն ոգեշնչանքով տոնախմբված լինի այնպես, ինչպես հայերս ենք անում Վարդանանց պատերազմի հիշատակը ոգեկոչելիս…
…Վարդանանց նահատակների սրբացումը եւ նրանց հիշատակի հանդեպ պաշտամունքը դարեր շարունակ ապացույց է, որ հայ ժողովուրդը, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար, Վարդանի եւ իր քաջերի նահատակությունը ըմբռնել է ժամանակի եւ տեղի պայմանավորվածություններից վեր՝ իբրեւ մի հոգեկան մնայուն երեւույթ, Եկեղեցու եւ ազգի կյանքի մեջ մշտապես ներկա մեր հոգեւոր ղողանջ, մշտապես գործող ներշնչանքի աղբյուր։ Գտնվում ենք պատմական մի դեպքի ոգեղենացման երեւույթի առաջ։
…Հիմքը Ավարայրի խորհրդի մեր ժողովրդի անմար հավատքն է եղել, որ Վարդանանց հիշատակը մի օր կդառնա այն հզոր ոգեկան ուժը, որ կբացի հայոց ազգի հուսո դռները։
Հայրենասիրությունը միայն վերացական, իդեալական գաղափար չէ անշուշտ, այլ մանավանդ տվյալ մի ժամանակահատվածում, տվյալ աշխարհագրական-քաղաքական պայմաններում ձեւավորվող ու դրսեւորվող մի գիտակցված ապրում, մի ջերմ կամեցողություն ի խնդիր հայրենի ժառանգության անվտանգ ու ազատ պահպանման, ու այդ ապրումից եւ կամեցողությունից ծնունդ առած հոգեկան մղում դեպի աշխատանք, դեպի հայրենաշեն իրագործում, դեպի ստեղծագործական խոյանք, դեպի վերելք ու ծաղկում։
Հայրենական վերածննդի մեր օրերին Վարդանանց հիշատակը հարգել ու տոնախմբել, մնալ հավատարիմ նրանց ոգուն ու ազատագրումին՝ նշանակում է մեր աշխատանքով, մեր շինարար իրագործումներով, մեր մտքի ու կամեցողության դրսեւորումներով, ավելի ու ավելի զորացնել, ամրապնդել հայ պետականության հիմքերը, ավելի ու ավելի համախմբել հայ ժողովրդի զավակները, ավելի ու ավելի ծաղկեցնել մեր ազգային մշակույթը։
18 փետրվարի 1982թ.
♦♦♦
Անցյալի ժառանգությունը պատմականորեն կազմավորված, ամրապնդված այն ոգեկան պատվանդանն է, որի վրա հենվում է տվյալ մի ժողովուրդ, եւ որի արմատներից նա տեւապես ավիշ ու սնունդ է ստանում։ Անցյալի ժառանգությունը այն ոգեկան ուժականությունն է, որ ներկայի վրայով ապագայի դռներն է բացում։
Անցյալը մոռացության տված մի ժողովուրդ նմանվում է մի մարդու, որ կորցրել է իր հիշողությունը։
10 փետրվարի 1983թ.
♦♦♦
Հայ ժողովրդի պատմությունը աշխարհի ժողովուրդների պատմության հորիզոնի վրա մի դյուցազներգություն է՝ հանուն ոգեկանության եւ հանուն հայրենյաց ազատության։ Նույնիսկ 1915 թվականի ցեղասպանությունը չընկճեց մեր ազգի կենարար հոգին ու ազատ ապրելու իր կամքը։
11 հոկտեմբերի 1982թ.
♦♦♦
Մեր նախնիները առաջիններից եղան, որ իրենց սրտերը բացեցին Հարության ավետիսին, անմահության հույսին։
Հարության հույսն ու տեսիլքը պայծառակերպեց մեր ազգի հոգին ու պատմությունը։ Հայ ազգն այսպիսով է, որ առավ «հոգի կենդանարար» եւ «զգեցավ պատկերը երկնավորին»։ Հարության տեսիլքով եւ հավետ ապրելու հույսով է, որ նաեւ մեր ազգը դարձավ մշակույթ ստեղծող եւ մշակույթ կրող ժողովուրդ՝ «մշակույթ բառի ամենալայն ու համապարփակ իմաստով։ Վասնզի այս արեւի տակ, առանց անմահության տեսիլքի, առանց «մահին հաղթելու» հոգեկան ստուգության, չի կարելի վավերական մշակույթ ստեղծել։
Մարդկային ցեղը հավետ ապրելու իր տենչը, իր հույսը դրոշմում է պատմության ճանապարհների վրա, մանավանդ մշակույթ ստեղծելով։ Պատահական երեւույթ չէ, որ բոլոր արվեստները ծնունդ եւ սնունդ են առել կրոնական ապրումների ակունքներից։
Հայ ժողովրդի հոգու խորքում խարսխված է անմահության հույսը։ Հարության վկայության ժառանգորդներն ենք նաեւ մենք այսօր, մեր օրերին ապրող հայերս ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի։
3 ապրիլի 1983թ.
Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
2005թ., թիվ 5
Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Հոգևոր-մշակութային