ՎՍԵՄ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
«Հայրենիք» ակումբն առանձին գրքույկով հրատարակել է Գարեգին Նժդեհի 1930 թ. մայիս-հունիս ամիսներին Բոստոնում (ԱՄՆ) հրատարակվող «Հայրենիք» օրաթերթի համարներում հայտնաբերված «Յիշի՛ր պատերազմը» հոդվածաշարը (Գ. Նժդեհ, Յիշի՛ր պատերազմը: Հրատարակիչ «Հայրենիք» ակումբ, Երևան, 2013, 101 էջ): Հոդվածաշարը հրատարակության պատրաստած խմբագիրը նկատել է, որ հոդվածները, ինչպես Նժդեհի մյուս աշխատությունները, առանձնանում են այժմեականությամբ և հիմնականում դուրս են մնացել ցայսօր հրատարակված զորավարի երկերի ժողովածուներից:
«Բանակները յաղթում են եւ պարտւում միշտ էլ կռիւներից դուրս, բախումներից առաջ՝ նախ հոգեբանօրէն»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Սպարապետ Գարեգին Նժդեհը, ձեռնարկելով հոդվածաշար, նպատակ ուներ հայ քաղաքական մտքի ուշադրությունը նպատակաուղղել հայության ինքնապաշտպանության հիմնախնդրին: Այս հիմնահարցը մշտապես զբաղեցրել է Գ. Նժդեհի ողջ ուշադրությունը: Որտեղ էլ լիներ և ինչպիսի պայմաններում էլ նա գտնվեր, նրան մշտապես մտահոգել է հայության ինքնապաշտպանության հիմնախնդիրը: Իր հիմնարար միտքը նա ձեւակերպել է հետևյալ կերպ. «Չնայած որ հարեւաններէդ մահուան ես դատապարտուած, հա՛յ ժողովուրդ, բայց եւ այնպէս, մահուան դատավճռից խուսափելու բազում ճամբաներ ունիս» (էջ 4):
Գ. Նժդեհը «Չխրատվող ժողովուրդը» հոդվածում քննելով հայ ժողովրդի անցած մարտական ուղին՝ գալիս է այն եզրակացության, որ հայությունը, որպես ազգ, ապրելու համար պետք է հետևի երեք ուղղությունների. ա) Ռազմարվեստի, բ) Ցեղային ինքնաճանաչությանը, գ) Ցեղային բարոյականությանը:
Զորավարի համոզմամբ` «Հայության հաւաքական գոյութեան օրուայ ամենամեծ չարիքը թրքական վտանգն է՝ երկրի մէջ, աստիճանական ապազգայնացումը՝ արտասահմանի մէջ»): Նա ցավով փաստում է, որ հայության բացասական հատկություններից է այն, որ ոչինչ չի արվում վտանգը վերացնելու կամ չեզոքացնելու համար:
«Ռազմարվեստ» (Ճակատամարտի հոգեբանական կողմը) հոդվածում զորավարը կարևորում է ապագա մարտական գործողություններին զինվորի հոգեբանական նախապատրաստվածության խնդիրը: Առաջին համաշխարհային պատերազմը և Սյունիքի համար մղված պայքարն ակնառու կերպով ցուցադրեցին, որ զինվորը ռազմական մեքենա չէ: Այս խնդրում Գ. Նժդեհն արժեւորում է սպայի՝ հրամանատարի դերն ու նշանակությունը: Սպան, բացի տարրական գիտելիքներ ուսուցանելուց, ի զորու պետք է լինի «Ղեկավարել գիտենալ նաեւ նրանց (զինվորների-Ռ.Ս.) ներքին հոգեկան կյանքը»: Զորավարի համոզմամբ. «Սպայ եւ զինուոր պէտք է լրացնեն զիրար, նրանցից ամէն մէկը կատարում է ազգային ընդհանուր պարտականութեան իր բաժինը»:
Գ. Նժդեհի համոզմամբ՝ մեծաքանակ բանակը որևէ դեր չի կարող ունենալ, եթե նրա մեջ չկա ոգի: Որպես օրինակ՝ նա վկայակոչում է 703 թ. Վարդանակերտի ճակատամարտը, որտեղ մի բուռ հայեր կարողացան պարտության մատնել արաբական գերակշիռ զորաբանակին: Զորավարը պարզաբանում է, թե ինչպես է, որ թվաքանակով ավելի շատ հակառակորդը պարտություն է կրում: Առաջնահերթը զինվորի բարոյական հատկանիշներն են՝
ա. «Դա (հաղթանակը-Ռ.Ս.) պէտք է փնտրել յաղթականի, ռազմական, անձնուէր ոգու մէջ,
բ. Յաղթութիւնը ժպտում է ռազմիկին, որ գիտէ աներկիւղ աչք աչքի գալ մահուան հետ,
գ. Յաղթութիւնը ժպտում է նրան, ով գիտէ ժպտադէմ մեռնելու աստուծային գաղտնիքը:
Ինչպես միշտ, զորավարը կարևորում է հրամանատարի դերն ու նշանակությունը: Նա արձանագրում է, որ նշանավոր զորահրամանատարների ճնշող մեծամասնությունը, որոնք տարել են փառահեղ հաղթանակներ, «Եղել են հանճարեղ հոգեբաններ»: Հոդվածաշարում արծարծվում է հիմնական միտքը՝ զինվորի հոգեբանական պատրաստականության անհրաժեշտությունը: Նա անդրադառնում է մարտական գործողությունների ընթացքում կռվի դաշտում գտնվող զինվորին հոգեբանորեն նախապատրաստելու անհրաժեշտությանը, պարզաբանելով՝ վախը մարդուն ուղեկցում է այն պատճառով, որ մարդը սիրում է կյանքը և ունի ապրելու կույր ցանկություն: Ուստի անհրաժեշտ է զինվորի միջից դուրս մղել վախը: Հաղթանակն ապահովում է այն կողմը, որը կարողանում է հաղթահարել վախը: Վախի ազդեցության տակ է, որ զինվորը լքում է մարտադաշտը, քանի որ տեսնելով մի քանի փախչողների, նրա մեջ արթնանում է կենդանական բնազդը՝ վտանգի առջև մենակ չմնալ: Զորավարը, վերլուծելով զինվորի նման վարքագիծը, հանգում է եզրակացության, համաձայն որի՝ հաճախ զինվորը, որ ենթարկվում է իրենից ուժեղին, նրա օրինակով նետվում է առաջ, սակայն առանց հասկանալու փախչում է վախկոտի հետ: Պատճառը՝ «Նա չէ կարող հոգեբանօրէն մինակ մնալ»:
Գ. Նժդեհը կարևորում է հրամանատարի դերն ու նշանակությունը, վերջինիս ներկայությունը գոտեպնդում ու ոգևորում է զինվորին: Զորավարը հետևյալ խորհուրդն է տալիս՝ «Նկատուե՞ց տատանում զինուորի մէջ, վհատութիւն, փախուստի ձգտում, հրամանատարը անմիջապէս պէտք է երեւայ զինուորների մէջ, ծաղրէ թշնամու ճիգերը, համոզէ զինուորներին, թէ թշնամու կրակի սաստկացումը, ինչպէս եւ նրա գոռ հուռան հետեւանք են վախի»:
Առաջին հերթին անհրաժեշտ է պայքարել խուճապի դեմ: Զորավարի համոզմամբ, մեր պարտությունների զգալի մասը արդյունք է խուճապի, ինչը նա անվանում է զարհուրելի հիվանդություն, վարակիչ մանրէ: Մարտադաշտից փախչող զինվորը դառնում է վտանգավոր յուրայինների համար, քանի որ իր արարքով ակամայից նպաստում է իր զորքի կազմալուծմանը: Գ. Նժդեհի համոզմամբ. «Փախուստը հոգեբանական մի պարզ երեւոյթ է, որի համար զինւորը չէ մեղաւոր, այլ իր պետերը»:
Զորավարը թվարկում է այն միջոցառումները, որոնք տարբեր ժամանակներում կիրառվել են վախի դեմ պայքարելու համար: Այսպես, սպարտացի ռազմիկները կրել են կարմիր թիկնոցներ, որպեսզի չվախենան արյան գույնից: Գալլերը մարտի գնալիս միմյանց կապում էին շղթաներով, որպեսզի որևէ մեկը չմտածեր նահանջի մասին:
Զորավարի համոզմամբ, վախը կարող է հաղթահարվել այն դեպքում, եթե «Անհատը որոշ դէպքերում ընդունակ է գերազանցելու իրեն, անգիտանալու վտանգը, յաղթելու մահը, երբ իր մէջ խօսում է մոլեռանդ սէրը դէպի կրօնը, դէպի հայրենիքը, դէպի ազատութիւնը, դէպի արդարութիւնը, դէպի անմահութիւն խոստացող փառքը»:
Զինվորների քաջությունը և մարտական պատրաստականության բարձր մակարդակը, Գ. Նժդեհի համոզմամբ, մեծապես կախված են հրամանատարի անձից. «Զինուորը չի սիրում խոժոռադէմ ղեկավարներին, որոնց հայացքը «թթվեցնում է կաթը»: Զորավարը ամրապնդում է այն միտքը, որ նույնիսկ ամենածանր պայմաններում հրամանատարը պարտավոր է պահպանել ոգու արիությունը, որով կարող է գոտեպնդել զինվորներին: Վկայակոչելով Իտալիայի ազատագրական շարժման նշանավոր գործիչ Ջուզեպե Գարիբալդիի խոսքերը՝ զինվորը հաղթում է շնորհիվ հարգանքի, որ տածում է հանդեպ իր հրամանատարները, Գ. Նժդեհը կրկին ու կրկին ընդգծում է զինվոր – հրամանատար սերտ կապը, առանց որի հնարավոր չէ հասնել հաղթանակի:
Նրա համոզմամբ` հրամանատարը պետք է իր մեջ կրի երկու կարևոր հատկություն` «մտաւոր արիութիւն» և «նախաձեռնութեան ստեղծագործ ոգի»:
Զորավարը պնդում է, որ երբեք չպետք է թերագնահատել հակառակորդին. «Թշնամին աւելի ուժեղ է, երբ չենք ճանաչում նրան»: Անհրաժեշտ է ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ հակառակորդի ռազմավարությանը, մարտարվեստին և հոգեբանությանը, որով կարող ես քեզ ապահովել անցանկալի անակնկալներից: Վկայակոչելով իր մարտական փորձը՝ Գ. Նժդեհը խորհուրդ է տալիս. «Փորձեցէք երկու անգամ միեւնոյն ժամին կամ միեւնոյն կէտի վրայ պարտութեան մատնել թուրք եւ թաթար զօրքը, եւ այլեւս անուղղայ ճակատագրապաշտը չի յանդգնի նոյն կէտի վրայ անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստաւոր լինեն իր համար»:
Զորավարը կանգ է առնում հայության թշնամի թուրքի հոգեբանական կերպարի վրա: Դարձյալ վկայակոչելով իր մարտական փորձը՝ նա փաստում է, որ 17-րդ դարից հետո թուրքի կերպարը փոխվել է: Նա երկու դարից ավելի շարունակ մղում է պաշտպանական պատերազմ` ճգնելով պահպանել իր զավթած տարածքները` Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան, Փոքր Ասիան և Արևմտյան Հայաստանը: Գ. Նժդեհը նշում է, որ «Թուրքերի քաջութեան առասպելը ծնունդ է իրենց բարբարոսութեան եւ ոչ թե իրենց մարտական առաքինութիւնների: …Դա եղել է եւ շարունակում է մնալ թուրքերի զինուորական խաբուսիկ քաջութեան միակ աղբիւրը»:
Զորավարը խորհուրդ է տալիս հրամանատարին, որ զինվորի հետ զրույցներ վարելիս խոսել պարզ, հասարակ, հասկանալի մտքերով: Նրա դիպուկ արտահայտությամբ. «Գիտական դարձուածքներ չի սիրում զինուորը:.. Մի՛ փիլիսոփայեր, մի՛ ապացուցեր, այլ եղիր պատկերաւոր եւ հոգեգրաւ: Շատախօսութեան տեղ չէ կռուադաշտը… Խօսիր զինւորիդ սրտին»:
Եվ ինքն էլ «Վսեմ խօսքի ազդեցութիւնից» մեծապես օգտվել է Ղարաքիլիսայի ճակատամարտում: Հայտնի է, որ 1918 թ. մայիսին հայությունը կարողացավ երեք ճակատամարտերում կանգնեցնել օսմանյան բանակի սրընթաց հարձակումը դեպի Երևան: Նժդեհը տեղեկանում է, որ գեներալ Թովմաս Նազարբեկյանը հանձնարարել է՝ ինչ գնով էլ լինի, երեք օրով կանգնեցնել թուրքական հարձակումը, որն անհրաժեշտ էր թուրքերի հետ հաշտություն կնքելու համար: Զորավարի խոստովանությամբ` իր ունեցած ուժերը սակավ էին, բացի այդ, բնակչության շրջանում տիրում էր հուսահատություն: Անհրաժեշտ էր ոգևորել նրանց և ի զեն կոչել, անընդհատ նահանջող հայ զինվորին կանգնեցնել և ուղղել հակառակորդի դեմ: Ծաղկաձորում նրան հաջողվում է հավաքել զգալի թվով մարդկանց և ազդեցիկ, ոգեւորիչ խոսքի ուժով զինվորագրել: Նժդեհը հուշագրում է. «Խօսում էի եւ դիտում: Խօսքերիս կայծերն ընկնում էին վառօդի մէջ: Յուզում կար, բայց դեռ քիչ էր դա. ուզում էի եւ կատաղութիւն տեսնել բազմութեան շարքերի մէջ: Եւ քիչ անց տեսայ, թէ ինչպէ՞ս կատաղութիւնից իր բռունցքն է սեղմում հայ մարդը»: Նրա վերջին խոսքերը՝ «Թող հետեւի ինձ, ով դեռ չէ մեռել բարոյապէս» խլանում են բազմահազար ամբոխի հավանության աղաղակների տակ:
Գ. Նժդեհը պարտադիր է համարում Հայոց պատմության իմացությունը. «(Պատմությունը) կը պատմէ քեզ մեր անցեալ կեանքի բոլոր ելեւէջները, մեր յաղթական խոյանքներն ու տխուր անկումները, մատնանշելով եւ դրանց պատճառները»: Նա ցավով փաստում է, որ հայ ժողովուրդը ծանոթ չէ իր պատմությանը, այդ պատճառով չի կարողանում օգտվել պատմությունից, որն էլ պատճառ է դառնում իր դժբախտության:
Զորավարը կսկիծով նշում է, որ հայոց պետականության կորստի հիմնական պատճառը ղեկավարների երկպառակություններն ու խռովություններն էին: Նա կոչ է անում, որ հայությունը ճանաչի իր հերոսներին, դաստիարակվի նրանց մեծագործություններով:
Մեր օրերում ևս հայ ժողովուրդը ունի շատ հերոսներ, որոնց օրինակներով կարելի է և անհրաժեշտ է դաստիարակել սերունդներին: Նժդեհի բնորոշմամբ, նրանք «խնկարկելի հերոսներ են», ինչպես, օրինակ, մեր օրերում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման գործողությունն իր կյանքի գնով ձախողած սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմական